Ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկը շատ- շատերի նման որոշել է գնալ Հայաստանից: Մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ես փորձում էի հետ պահել մարդկանց՝ նման մտադրություններից: Այսօր, ճիշտն ասած, լեզուս չի պտտվում խնդրել նրանց, որ մնան հայրենիքում: Փաստարկներս խիստ պակասել են:
Մինչեւ 2018 թվականը արտագաղթն ընդդիմադիր քարոզչության հիմնական կետերից մեկն էր: Մասնավորապես, ասվում էր, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը լքել է մոտ 300 հազար մարդ: Թեեւ այդ թիվն, իմ կարծիքով, չափազանցված է, բայց արտագաղթն իրոք ահռելի էր, եւ դրա սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական պատճառները հայտնի են: Իմաստ չկա դրանք դարձյալ թվարկելու:
Արդյո՞ք 2018 թվականի հեղափոխությունը կանգնեցրեց արտագաղթը կամ գոնե՝ դանդաղեցրեց դրա տեմպերը: Ճշմարտությունն, իհարկե, ոչ ոք պաշտոնապես չի ասի: Բայց անցած՝ 2021 թվականի վերաբերյալ նշվում է արտագաղթողների 50 հազար թիվը: Եվ եթե անգամ այդ թիվն էլ է չափազանցված, ապա, միեւնույն է, ակնհայտ է, որ մեր պետությունը շարունակում է հյուծվել: Իհարկե, բացառված չէ, որ մարդկանց դեմքին «ժպիտ է երեւացել», բայց դա, համաձայնեք, իրավիճակը չի փոխում:
Շարունակվող արտագաղթն այլեւս քարոզչության առարկա չէ: Հավանաբար այն պատճառով, որ մինչեւ 2018-ը արտագաղթի վերաբերյալ մտահոգություններ հայտնողները այժմ կա’մ իշխանավորներ են, կա’մ էլ ներգրավված են իշխանամետ ՀԿ-ներում:
Կարդացեք նաև
Իսկ եթե ավելի խորքային խնդրի մասին խոսենք, ապա պետք է արձանագրենք, որ մեր պետությունը կանգնած է փլուզման վտանգի առջեւ, եւ դա միաժամանակ արտագաղթի թե՛ պատճառն է, թե՛ հետեւանքը: Խնդիրն այն է, որ հայաստանցիների մի (փոքր) մասը դա տեսնում է, բայց չի ցանկանում արձանագրել, մյուսը չի տեսնում, իսկ երրորդը (ճնշող մեծամասնությունը) չի հետաքրքրվում այդ խնդրով: Այդ մեծամասնությունը հանգիստ կապրի նաեւ առանց պետության:
Եվ դա հասկանալի է: Պետություն ունենալը ծանր աշխատանք է պահանջում, իսկ բույսի պես ապրելն անհամեմատ ավելի հեշտ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ կարծիքով, https://www.worldometers.info/world-population/armenia-population/
մեր ժողովրդագրության վիճակը բավականին օբյեկտիվ է ներկայացված։
Մեր երկրի բնակչությունը ծերանում է, և ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը նրա թիվը կնվազի մոտ 200 հազարով։ Եթե կյանքի որակի ու բժշկական ծառայությունների հաշվին մեզ հաջողվի փոքր-ինչ մեծացնել կյանքի տեւողությունը եւ նվազեցնել մահացությունը, բնակչությունը դեռ կշարունակի ծերանալ, թեև թվի նվազման տեմպերը կդանդաղեն։
Եթե մեր անկախ դրսի ուժերից քաղաքական ուժերը միավորվեն ու իրենց միջից ընտրեն ժողովրդի համար ամենախարիզմատիկ մեկին ու միաձայն նշանակեն որպես պետության ղեկավար ժողովրդի օգնությամբ, իրենք էլ մենք էլ սփյուռքի հետ միասին կերջանկանանք ու բոլորս ամեն ինչ թողած կվազենք մեր երկիր:Միացո՛ւմ: