Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տիկնիկային թատրոնի համար այնքա՜ն հեքիաթներ կան, որ մի ամբողջ կյանք չի բավականացնի բեմադրելու համար»

Սեպտեմբեր 10,2022 12:30

Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, տիկնիկավար ու տիկնիկագործ Սամվել Խոդիկյանի դիտարկումները

«Առավոտին» հայտնի դարձավ, որ ճանաչված գրող Սլավա Մելիքիձե-Ջավախին պատրաստվում է հրատարակել գիրք՝ ջավախքցի մտավորականների մասին, որում տեղ է հատկացվել նաեւ Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, տիկնիկավար ու տիկնիկագործ Սամվել Խոդիկյանի ստեղծագործական ուղուն։ Թատրոնը գոյության 23 տարվա ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել հյուրախաղեր, հայաստանցի հանդիսատեսին ներկայացել է երկու անգամ՝ 2002թ. Երեւանում անցկացված համահայկական մշակութային եւ «Նռնաքարե սերմ» փառատոների շրջանակում։

Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Սփյուռքում գործող տիկնիկային թատրոնների հիմնադիներից, տնօրեններից կամ ռեժիսորներից, մեր դիտարկմամբ՝ Սամվել Խոդիկյանից բացի, դժվար գտնվի մեկը, որը նաեւ տիկնիկագործ է։ Գուցե չգտնվի նաեւ այն եզակին, որ համաձայն չլինի Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի՝ ժամանակին մեզ հայտնած հետեւյալ մտքի հետ` ովքեր զբաղվում են տիկնիկային արվեստով, մանկուց չեն երազել դրանով զբաղվել։

Այս եւ մեզ հետաքրքրող այլ հարցերի սիրով պատասխանեց պարոն Խոդիկյանը, այդ թվում, օրինակ՝ ինչո՞ւ իր ղեկավարած թատրոնում չկան, ասենք, ժամանակակից հեղինակների գործեր այն դեպքում, երբ իր քույրը ճանաչված դրամատուրգ է՝ Կարինե Խոդիկյանը կամ մեր օրերին բնորոշ «Քաջ Նազար» հեքիաթը, արեւմտյան տիկնիկային թատրոնների խաղացանկում մշտական տեղ ունեցող Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը, որն, ի դեպ, վաղուց դարձել է քաղաքագիտական վերլուծության հրաշալի նյութ եւ այլն։

«Արվեստի հետ իմ շփումը գալիս է մանկությունից։ Հայրս՝ լինելով հաշվապահ, լիովին արվեստի մեջ էր, մայրս՝ մանկավարժ, եւ դպրոցում կազմակերպում էր տարբեր միջոցառումներ՝ համեմված երգով, պարով եւ իր իսկ կողմից գրված բանաստեղծություններով։ Ինչո՞ւ ընտրեցի արվեստի այս ճյուղը. տիկնիկային թատրոնը մանկուց ինձ հետաքրքիր է եղել. ոչ միայն Ալիսան՝ իր հրաշալիքների աշխարհով, այլեւ տիկնիկային աշխարհն իր կախարդանքով։ Այո, ես էլ մանկուց չեմ երազել այդ ճանապարհով գնալ։ Աշխատելով Ախալքալաքի մշակույթի տանը, ստեղծել եմ «Ուրախ Ջավախք» թատերախումբը, որպես հարվածային գործիքների երաժիշտ նվագել եմ «Ջավախք» էստրադային անսամբլում։ Հիմնել ու ղեկավարել եմ «Հայք» պարային անսամբլը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Կաճ ասած՝ ներուժս արվեստում եղել է տարբեր բնագավառներում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։ Իսկ թե ի՞նչն էր տիկնիկային թատրոն հիմնելու շարժառիթը, ասաց. «1999թ. գարնանը Ախալքալաքի մշակույթի տունը հրավեր ստացավ Վրաստանի Բաթում քաղաքից՝ մասնակցելու փառատոնի, տեղեկացված չլինելով, որ մենք չունենք տիկնիկային թատրոն։ Հենց այդ դրվագն ինձ մոտ հետաքրքրություն ու ցանկություն առաջացրեց ստեղծել մի բան, որի փորձը երիտասարդ տարիներին ունեցել էի. ժամանակին ստեղծել էի թելերով խաղացող տիկնիկներ՝ խամաճիկներ։

Նույն թվականի սեպտեմբերին ունեցանք մեր՝ «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը։ Բոլոր տիկնիկները ստեղծվել են իմ ձեռքով, իմ միջոցներով… Այո, տիկնիկային թատրոնի աշխարհը շատ ավելի գայթակղիչ է, քան ձեր նշած «Ալիսը հրաշալիքների աշխարհում»-ը։ Ասեմ, որ մեր ներկայացումները շատ բազմազան են… Ցավոք, այո, մեր իրականության մեջ քաջնազարները շատ են, բայց մեր խաղացանկում Նազարի մասին ներկայացում չկա»։

Ինչ վերաբերում է տիկին Խոդիկյանի պիեսներին չանդրադառնալուն, եղբայրն ունի իր բացատրությունը. «Ցանկությունս մեծ է նրա պիեսներից ունենալ թատրոնի խաղացանկում, սակայն Կարինե Խոդիկյանի ստեղծագործությունները հեղինակավոր թատրոնների բեմերում են, իսկ տիկնիկային թատրոնի համար այնքա՜ն հեքիաթներ կան, որ մի ամբողջ կյանք չի բավականացնի դրանք բեմադրելու համար»։

Հակադարձեցինք, թե աշխարհում այսօր տիկնիկային թատրոններն անդրադառնում են Շեքսպիրի գործերին նույնպես։ Այդ առիթով պարոն Խոդիկյանը հետեւյալ պատասխանն ուներ. «Չկա մի այնպիսի բան, որ մարդ ցանկանա ու չիրականացնի։ Բայց դրա համար պետք է ունենալ մեծ կոլեկտիվ, ներդնել մեծ միջոցներ…»։ Նկատեցին, որ իրենց փոքր քաղաքում էլ հավանաբար մեծ դժվարություններ կան: Ի պատասխան՝ Սամվել Խոդիկյանը հետեւյալ կեչպ արձագանքեց. «Չնայած մեծ դժվարություններին ու մեր փոքր քաղաքին, այսօրվա դրությամբ խաղացանկում ունենք 12 ներկայացում՝ հայ, վրացի եւ այլ ազգի հեղինակների գործերից»։ Հետաքրքրությանը՝ 20 տարի անց չե՞ք ծրագրել հյուրախաղեր Երեւանում, «Պույ-պույի» տնօրենն ասաց. «Ցանկություն, իհարկե, կա, կոնկրետ երբ՝ այս պահին չեմ կարող ասել, բայց որ կհանդիպենք՝ անպայման»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930