Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն տափակ գրողը կարող է մտածել, որ արդեն գրել է իր լավագույն ստեղծագործությունը»

Սեպտեմբեր 10,2022 12:00

Արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը` Արցախի ու Հայաստանի ճակատագրի, «խուժանական» գրականության ու որակի մասին

– Արմինե, ինչպե՞ս եք հաղթահարում վերջին շրջանում բոլորիս պատած անհանգստությունն ու լարվածությունը` կապված Արցախի եւ Հայաստանի հետ։

– Այդքան հեշտ չէ հաղթահարել մի գործընթաց, որը դեռ չի ավարտվել, եւ ամեն բացվող օր անորոշության մի նոր չափաբաժին է հրամցնում մեզ։ Եվ, ի վերջո, ի՞նչը հաղթահարել եւ ինչպե՞ս՝ արդեն մինչեւ Իսակովի պողոտա իջնող Եռաբլո՞ւրը, դեռ տուն չեկած գերիների փա՞ստը, մի բռից էլ փոքր մնացած երկրի սահմանների նեղությո՞ւնը, որոնք այդքան ու այդպես փոքրանալու պարագայում անգամ անվտանգ չեն, թե՞ իրար վրա մաղձ թափող հանրության հիստերիան։

Հասկանում եմ, որ այս կոնֆլիկտը երեկ չի սկսվել եւ վաղը չէր ավարտվելու, այս խնդրի ակունքները հին են ու բազմաշերտ, բայց մենք ոչ մի ժամանակահատվածում, ցավոք, չեղանք այնքան դիվանագետ ու խորագետ, որպեսզի կարողանայինք տարածաշրջանային դիրքը օգտագործել ի շահ մեզ, ոչ թե հակառակը։ Մենք անընդհատ խուսափում ենք «պատմական հայրենիք» եզրույթից, բայց բոլոր լուծումներն այդտեղից պետք է բխեն, եթե ազգային ինքնության շահն ու իրավունքներն իսկապես պաշտպանող լիազորված մեկը կամ մի քանիսը գտնվեն։ Արցախի կոնֆլիկտը մենք, չգիտես ինչու, դիտարկում ու քննում ենք 88-ից հետո ընկած ժամանակահատվածի համատեքստում, բայց դա սխալ մոտեցում է գոնե հենց այն պատճառով, որ նախկինում մեր «դաշնակից» եւ «հարեւան», եւ ապա՝ թշնամի պետությունների կողմից գործի դրված սցենարը չի փոխվել, նույնն է՝ հաշվարկված մեր՝ ունեցածը չպահելու վաղեմի սովորության վրա։ Այնպես որ, սա դեռ հաղթահարել հնարավոր չէ։

– Ինչպե՞ս եք վերաբերվում նորին` լինի դա արվեստում, կենցաղում, թե հասարակական կյանքում:

– Պետք է մոտենալ եւ շոշափելով հասկանալ՝ չե՞ն մահացել, արդյոք, բոլոր նրանք, ովքեր տարիներ ի վեր չեն փոխվում եւ չեն փոխում իրենց սկզբունքները։ Ես չեմ խոսում հեղհեղուկ կերպարների մասին, բայց մարդը, որ ապրում է, ունի նոր լուսաբացի եւ նոր մայրամուտի հնարավորություն, անընդհատ պետք է էվոլյուցիա ապրի իր ներհայեցման մեջ, անընդհատ պետք է շարժվի։ Եվ այս դիտանկյունից անգամ հետընթացն ավելի առաջընթաց է, քան տեղում կանգնած մնալը։ Ոչ թե վերաբերվում եմ նորին, այլ փորձում եմ ինքս ստեղծել այդ նորը՝ նախ իմ ինքնության արտահայտումներում, ապա՝ գործում, շրջապատում եւ այլուր։

– Գրականության շարունակությունը որտե՞ղ եք տեսնում։

– Գրականության շարունակությունը մարդկության գոյության մեջ է։ Կա մարդ, ուրեմն կա միտք, հետեւաբար կլինի գրականություն։ Ամեն բան Լոգոսում է։ Ցանկացած հնչյուն նախ եւ առաջ միտք է։ Գրականությունը ծնվել է արարչագործությանը զուգընթաց եւ կավարտվի, երբ ավարտվի տիեզերքը, եթե երբեւէ այն ավարտվի։

– Ի՞նչ է «խուժանական» գրականությունը, ինչպե՞ս եք դիտում այն արդի հայ գրականության մեջ, որո՞նք են թույլատրելիի եւ ոչ թույլատրելիի սահմանները։ Ընթերցո՞ւմ եք։

– Ժամանակ կար, որ ընթերցում էի ամեն ինչ, նույնիսկ եթե չէի հավանում գործը, միեւնույն է, մինչեւ վերջ կարդում էի։ Հիմա մեծացել եմ, այդքան հավես ու ժամանակ չունեմ, առաջին մի քանի էջից հասկանում եմ՝ արժե՞ առաջ գնալ, թե՞ ոչ։ Ես գեղագիտության կողմնակից եմ։ Եթե խոսվում է գրականորեն, ուրեմն գրականության մեջ ամեն թեմա թույլատրելի է։ Ինձ համար սահմանը ձեւն է։ Եթե կարդում եմ, սիրտս չի խառնում, ուրեմն թույլատրելի է։ Եվ սա էլ անհատական է, որովհետեւ գրականության ընկալումը սուբյեկտիվ է՝ խիստ։ Չէ՞ որ այն ընկալող մարդը սուբյեկտ է՝ ոտքից գլուխ, ուղնուծուծով։ Յուրաքանչյուր մարդուց մոլորակի վրա կա մեկ օրինակով։ Ուրեմն մոլորակի վրա կարող են լինել ճիշտ այդքան թույլատրելի ու անթույլատրելի սահմաններ։

– Գրականությունը կարո՞ղ է էքստազ առաջացնել:

– Գրականությունը չի կարող էքստազ չառաջացնել, որովհետեւ այն գերզգայական վիճակ է՝ արտահայտող հոգու վիբրացիաները։ Գրական տեքստը ստեղծվում է հենց այդ վիբրացիաների ալիքի տակ, եթե կուզեք իմանալ։ Որտեղ հոգի, այնտեղ էքստազ։

– Ձեր լավագույն ստեղծագործությունը դեռ առջեւո՞ւմ է: Ի՞նչ նորություններ են սպասվում ընթերցողներին։

– Միայն տափակ գրողը կարող է մտածել, որ արդեն գրել է իր լավագույն ստեղծագործությունը։ Դա հավերժ ձգտումի հանգրվանն է, որտեղ գոնե ես կհասնեմ մարմինս երկրի վրա թողնելուց հետո։ Շատ կուտակված բան կա։ Նորություններ շատ կան, դեռ չգիտեմ՝ որը կլինի առաջինը։ Բայց լավ բաներ սպասվում են։

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930