Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա տարիներին Ռուսաստանը լինելու է Հյուսիսային Կորեայի կարգավիճակում»

Սեպտեմբեր 10,2022 13:30
mexak gabrielyan

«Կարծում եմ, առաջին սխալն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր այդ միջոցառմանը մասնակցելու: Երկրորդ՝ ինքը երեւի մտածում է, որ Ռուսաստանն իրենից ինչ-որ բան ներկայացնում է, եւ փորձում է ինչ-որ բան ստանալ, որը ճիշտ չէ. ՌԴ-ն այլեւս ինչ-որ բանի ի զորու չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 1990-1995 թվականներին ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը՝ պատասխանելով օրերս, Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված հաճոյախոսությունների մասին հարցին:

– Պարոն Գաբրիելյան, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է. հայտնի չէ, թե ե՞րբ եւ ի՞նչ ավարտ կունենա այն:

– Պատերազմի ավարտը հստակ է, այն կավարտվի Ուկրաինայի հաղթանակով: Ավարտի ժամկետի մասին կարելի է մոտավոր կանխատեսումներ անել, սակայն, քանի որ պատերազմի ընթացքի վրա բազում բաղադրիչներ են ազդում, ուստի կարելի է ավարտի ժամկետի մասին չխոսել, այլ միայն ավարտի արդյունքի: Ուկրաինայի ժողովուրդը մեծ զրկանքների է ենթարկվում, աննկարագրելի տառապանքների, բայց այդ տառապանքներից ծնվում է վաղվա Ուկրաինան (Կիեւյան Ռուսը)՝ հզոր բանակով՝ զինված արդիական զենքով, վերակառուցված եւ ուսուցված Եվրաատլանտյան դաշինքի չափանիշներով, պատերազմում կոփված եւ նորագույն զենքի առանձնահատուկ՝ յուրովի կիրառմամբ, ռազմի դաշտում յուրահատուկ արվեստ ցուցաբերած, ազատագրված նաեւ ներքին թշնամուց՝ ռուսական գործակալական ցանցից, ապագայի նկատմամբ հույսով լցված՝ արդիական տնտեսության կառուցման հեռանկարով: Պատերազմի ավարտին Ուկրաինան կդառնա Եվրամիության եւ Եվրաատլանտյան դաշինքի անդամ: Ուկրաինան տասը տարվա ընթացքում կդառնա Եվրոպայի եւ աշխարհի հզորագույն երկրներից մեկը՝ առաջնակարգ բանակով եւ արդիական արդյունաբերությամբ, այն կդառնա մեծ յոթնյակի ութերորդ անդամը եւ Սեւծովյան ավազանի գերտերությունը: Այսօրվանից Հայաստանը պետք է աշխատի Ուկրաինայի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Հայաստանի եւ Ուկրաինայի (Կիեւյան Ռուսի) հարաբերությունները ձգվում են դարերի խորքը՝ հիշենք թեկուզ մեկ փաստ, Կիեւը 7-րդ դարում հիմնադրել են մեր նախնիները: Մեզ Ուկրաինայի հետ կապում է քրիստոնեական եղբայրությունը (Կիեւյան Ռուսի քրիստոնեության ընդունման գործում, պետք է միշտ հիշենք ազգությամբ հայ, Բյուզանդիայի արքայադուստր, Կիեւյան Ռուսի թագուհի Աննային), որպես Աստծո զավակներ:

– Բազմաթիվ փաստագրումներ եղան, որ 44-օրյա պատերազմի օրերին Ուկրաինան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, ինչպե՞ս եք պատկերացնում հայ-ուկրաինական հարաբերությունների ռազմավարականացումը:

– Ուկրաինան չեզոք դիրքում է եղել, այդ տպավորությունը ռուսական քարոզչության արդյունք է:

– Ինչպիսի՞ հետեւանքներ կունենա Ուկրաինայի հաղթանակը Հայաստանի վրա:

– Ուկրաինայի հաղթանակը անմիջական հատեւանք կունենա Հայաստանի վրա, քանի որ այդ հաղթանակի հետեւանքով Հայաստանում կավարտվի, ավելի ճիշտ, Հայաստանը կթոթափի Ռուսաստանի երկու հարյուր տարվա լուծը: Հայաստանը վերջապես կազատագրվի այդ հարյուրամյակների մղձավանջից: Պետք է միշտ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ այդ հարյուրամյակների ընթացքում. ամբողջապես կորցրեցինք՝ հայազրկվեց մեր հայրենիքի մեծ մասը արեւմուտքում եւ արեւելքում: Համոզված եմ, որ այժմ Ռուսաստանի վրա թափվում է Աստծու պատիժը՝ մեր նկատմամբ այդպես վարվելու համար, թեկուզ եւ միայն արցախյան պատերազմը, որով Ռուսաստանը, իր դաշնակից Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, գրեթե վերջնականապես հայազրկեց հայոց արեւելից կողմը:

– Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում պետք է բռնի Հայաստանը՝ Ռուսաստանի նկատմամբ:

– Ռուսաստանը կկորցնի իր դերակատարությունը Հայաստանի նկատմամբ: Առաջիկայում, արցախյան ճակատում Ռուսաստանի զորամիավորմանը կփոխարինեն միջազգային խաղաղապահ զորքերը՝ ՄԱԿ-ի մանդատով: Արցախի հարակից տարածքները մինչեւ Քուռ գետ, կհռչակվի ապառազմականացված գոտի, Ադրբեջանի զորքերը կտեղափոխվեն Քուռ գետից այն կողմ: Ռուսական զորքերը կլքեն Հայաստանի տարածքը, իսկ ռազմաբազան, որպես այդպիսին՝ կվերանա: Ըստ տեղեկությունների, Ռուսաստանը արցախյան պատերազմից հետո մեզնից գումար է ստացել, որպեսզի զենք եւ զինամթերք մատակարարի, սակայն առ այսօր այդ գումարի դիմաց զենք եւ զինամթերք չի առաքել: Կարծում եմ, մեր կառավարությունը պետք է հրաժարվի պատվիրած զենք-զինամթերքից, քանի որ, նախ, ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ դրանք արդյունավետ չեն, արդեն անցյալ են, մեզ պետք է արդիական զենք, ինչպիսին տրվում է Ուկրաինային: Պետք է արագ այլ մատակարարներ գտնել, առաջին հերթին դիմել ԱՄՆ-ին եւ 2019 թվականին թույլ տված սխալը ուղղել:

Առաջիկա տարիներին Ռուսաստանը լինելու է Հյուսիսային Կորեայի կարգավիճակում՝ մեկուսացված աշխարհից՝ բռնատիրական պետություն, որտեղ գործելու են ԽՍՀՄ 30-ական թվականների բարքերը: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ապագայի առումով դիտարկել, եթե Ռուսաստանը կվերափոխվի, կվերածնվի եւ կդառնա ժողովրդավարական պետություն, ապա Հայաստանը կշարունակի համագործակցությունը հավասար հիմունքներով, ինչպես բարեկամ այլ երկրների հետ:

– Ռուսաստանն, ըստ լուրերի, հրաժարվում է նաեւ այդ զենքի գումարը վերադարձնել:

– Կարծում եմ, դա նույնպես մեր օգտին է: Քանի որ Ռուսաստանը այժմ եւ առաջիկա տարիներին շատ ծանր վիճակում է լինելու եւ չի կարողանալու վերադարձնել գումարը, ուստի մեր կառավարությունը պետք է այդ գումարի դիմաց վերցնի «Գազպրոմի» հայաստանյան ընկերության մասնաբաժինը՝ հարյուր տոկոսն էլ: Այդպիսով, Հայաստանի ամբողջ գազային համակարգը կրկին կդառնա մեր սեփականությունը: Հաջորդը, մենք պետք է չեղարկենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարյուր միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանի ձեռնարկությունների հանձնումը Ռուսաստանին, որպես կոռուպցիոն արտառոց նմուշ, եւ որով նորից մեր սեփականությունը կդառնան բոլոր այն ձեռնարկությունները, որոնք անցել են Ռուսաստանին: Անհրաժեշտ է առանց երկմտելու ազգայնացնել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նույնպես շղարշված է մութ պատմություններով, որն առ այսօր շարունակվում է: Այստեղ կարեւոր հանգամանք է նաեւ այդ գործարքների բացահայտումը եւ մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելը, որպես Հայաստանի գաղութացման ցցուն դրսեւորումներ:

– Ռուսաստանի այդ վիճակը, որ նկարագրեցիք, ինչպե՞ս կանդրադառնա մեր հայրենակիցների վրա, որոնք ապրում են այնտեղ:

– Քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը ծանրանալու է աներեւակայելի աստիճանի, գործազրկությունը հասնելու է ահռելի չափերի, նաեւ սկսվել են եւ ավելի են խորանալու քաղաքական եւ այլ ճնշումները, հետեւաբար, Ռուսաստանից արտագաղթը մեծ չափերի է հասնելու: Բնականաբար, դրանից զերծ չի մնալու նաեւ հայ համայնքը, հետեւաբար նրանց զգալի մասը նույնպես լքելու է Ռուսաստանը: Զարմանում եմ, որ դեռեւս շարունակում են մնալ այնտեղ: Մեր կառավարության խնդիրն է՝ օր առաջ մշակել ծրագիր մեր հայրենակիցների վերադարձը եւ ներգաղթը կազմակերպելու համար: Իմ մոտավոր գնահատմամբ այս տարվա աշնանից սկսած եւ 2023 թվականի ընթացքում մեկ միլիոնից ավելի հայեր վերադառնալու են Հայաստան: Այստեղ առաջանում է ամենամեծ խնդիրը, արդյոք մեր կառավարությունը նախապատրաստվում է, այսինքն, մշակում է ծրագրեր, նրանց բնակեցման, բնակարանաշինության, աշխատանքով ապահովելու, ֆինանսական միջոցների հայթայթման, եւ այլ միջոցառումների մշակմամբ: Թե կրկին կանգնելու ենք կոտրած տաշտակի առջեւ, որը հավանական է, քանի որ այսօրվա պաշտոնյաները մասնագիտական գիտելիքներ եւ կարողություններ չունեն: Թվարկած եւ չթվարկած ծրագրերից բխող միջոցառումները պետք է կազմել այս մի քանի ամսվա ընթացքում, դիմել մեր ժողովրդի բանիմաց մասնագետներին եւ բարեկամ երկրներին՝ այդ հարցում օգնելու համար: Իսկ իրականացնելու համար դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ԱՄՆ եւ Եվրամիությանը, այդ նպատակի համար ստեղծել համահայկական հիմնադրամ եւ այլն:

– Պարոն Գաբրիելյան, բայց Ռուսաստանը Հայաստանում զորամիավորում ունի եւ իրականացնում է մեր սահմանների վերահսկողությունը:

– Կարծում եմ, մեր կառավարությունը արագացված գործընթացով պետք է այդ պայմանագիրը չեղարկելու նախաձեռնություն ցուցաբերի, իսկ մինչ այդ պետք է հայ-իրանական սահմանից եւ օդանավակայաններից դուրս բերի ռուսական սահմանապահներին:

– Այդ դեպքում մեր սահմաններն արդյոք անպաշտպան չե՞ն մնա:

– Իհարկե՝ ոչ, քանի որ դրանց ծախսերը միշտ հոգացել է մեր պետությունը եւ սահմանապահ անձնակազմի զգալի մասը մեր զինվորներն ու սպաներն են կազմում: Եվ վերջին հաշվով, ումից են մեզ պաշտպանում, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը նրա մերձավորագույն դաշնակիցներն են, եւ բոլոր հարցերում պաշտպանում է նրանց: Իսկ իր նկատմամբ մեր ժողովրդի մի հատվածի կույր հավատը նա օգտագործում է մեր դեմ, հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի:

– Պատերազմից հետո Հայաստանը բավականին տկար վիճակում է, այդ դեպքում, արդյոք, Ադրբեջանը չի՞ օգտվի առիթից եւ չի հարձակվի Հայաստանի վրա:

– Այս ընթացքում նա մի քանի անգամ փորձել է դա անել եւ մեր որոշ տարածքներ դեռեւս պահում է իր վերահսկողության տակ: Այդ ամենը կատարել է Ռուսաստանի համաձայնությամբ եւ աջակցությամբ: Եկեք չմոռանանք նաեւ մեր գերիների հարցը. չէ՞ որ Ռուսաստանի նախագահի ստորագրությունն է դրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, ինչո՞ւ նա չի ստիպում Ադրբեջանին, որ վերադարձնի գերիներին, եւ չի անի, քանի որ դա իր սցենարն է: Արցախում կանգնած նրա զորամիավորումն է այդ զինվորներին հանձնել Ադրբեջանին: Առ այս պահը, Ադրբեջանի փորձերը՝ հարձակումները, կանխել են մեր զինված ուժերը, մի քանի անգամ լավ դաս տալով նրանց, ուղղակի ջախջախելով, ինչպես նաեւ մեր բարեկամ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան եւ մյուսների սաստումները:

– Այդ դեպքում մեր բանակին զենք-զինամթերքով ապահովելու խնդիրը ինչպե՞ս պետք է լուծենք:

– Այստեղ պետք է հիշենք ԱՄՆ սպառնալիքը Ռուսաստանից զենք գնողներին, որ նրանց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ: Հայաստանը կանգնած է ճամփաբաժանին, կամ մնալ կործանվող պետության կողքին, կամ սեփական շահերը գերադասելով նրանից հեռանալ: Պետք է հիշենք նաեւ ԱՄՆ անվտանգության գծով խորհրդականի 2019 թվականի այցը Հայաստան եւ առաջարկությունը, որ իրենց զենքը ավելի որակյալ է, եւ որ իրենցից զենք գնենք: Այդպիսի առաջարկ ԱՄՆ հազվադեպ է անում, դա ցույց է տալիս Հայաստանի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը: Վերջին հաշվով, պետք է անընդհատ հիշենք, որ ԱՄՆ-ն միշտ մեր կողքին է եղել այս երեսուն տարիների ընթացքում:

Իհարկե, իր դերակատարությունն ունի ԱՄՆ հայկական համայնքի հզորությունը, եւ ամենագլխավորը, դա 1920 թվականի Վիլսոնի իրավարար վճիռն է, ինչպես նաեւ ընդհանրական եւ տարածաշրջանային վերադասավորումները: Եթե այդ ժամանակ մեր վարչապետը խելամտություն ցուցաբերեր եւ համաձայնվեր, ամենայն հավանականությամբ, 2020 թվականի պատերազմը տեղի չէր ունենա, իսկ մենք կլինեինք ԱՄՆ արտոնյալ դաշնակիցը, որի արդյունքում արդեն արդիականացրած կլինեինք զինված ուժերը եւ տնտեսության՝ արդյունաբերության վերակառուցման գործընթացը սկսած կլինեինք, եւ կարող է հայտ ներակայացրած լինեինք Եվրաատլանտյան դաշինքին անդամագրվելու համար: Զենք է առաջարկում Հնդկաստանը, կարծում եմ, բազմաթիվ այլ առաջարկություններ կլինեն: Այնպես որ, պետք է պատրաստվենք բեկումնային փոփոխությունների՝ առաջընթացի: Հայաստանին առաջիկա տարիներին սպասվում է բեղմնավոր կյանք, բայց դրա համար անհրաժեշտ է ունենալ քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, բանիմաց, ազգային իշխանություն՝ մեր եկեղեցու օրհնությունն ու աջակցությունը ստացած: Աստված մեզ օգնական է, եւ մենք պետք է Նրա առջեւ մեզ արդարացնենք եւ վերականգնենք Հայաստանի փառքը:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    2004 թվից երբ Ուկրաինայում, Վրաստանում․ Մոլդովայում գունավոր հեղափոխություններ եղան էլի նույն գուշակությունները լսել են։ Թե բա հեսա մոտ ապագայու դառնալու են ՆԱՏՈ յի, Եվոմիության անդամ հզոր տնտեսությունով բանակով ամեն ինչով։
    18տարի անց էլի լսում ենք լեգենդներ Ուկրաինայի վարդագույն ապագայի մասին։

  2. Garo says:

    Ես իրան լուրջ գործիչ էի համարում։ բայց էս միտքը
    “Արցախի հարակից տարածքները մինչեւ Քուռ գետ, կհռչակվի ապառազմականացված գոտի, Ադրբեջանի զորքերը կտեղափոխվեն Քուռ գետից այն կողմ”
    կարդալուց հետո Լևոն Շիրինյանին ու ծռերին հիշեցի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930