Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ՝ չեմ կարծում, որ մենք եւս մեկ անգամ այդ հնարավորությունը ընդդիմությանը կտանք, որ չգան ԱԺ ու դա մնա առանց հետեւանք». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 09,2022 21:25

Խորհրդարանական ընդդիմությունը նորից բոյկոտում է  ԱԺ աշխատանքները: Այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Իրենք պետք է մտածեն խորհրդարան վերադառնալու մասին, դրանից խորհրդարանի աշխատանքները  որեւէ կերպ չեն տուժում, տուժում են իրենք: Իրենք շարունակում են զբաղեցնել սենյակները, ստանալ աշխատավարձ: Ծանոթացել եմ մի հետազոտության, հարցում է եղել մեր համաքաղաքացիների մեջ, հարցվածների գրեթե 90 տոկոսը, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, շատ բացասական են վերաբերվում այդ ոճին: Ինչ վերաբերում է հետագային, ես չեմ կարծում, որ մենք եւս մեկ անգամ  մենք այդ հնարավորությունը իրենց կտանք, որ ամբողջ ժամանակահատվածում չգալ այստեղ ու դա մնա առանց հետեւանք»:

Հարցին՝ սպառնում եք մանդատից զրկելու գործընթա՞ց սկսել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, եւ դա օրենքի պահանջն է: Այս անգամ մենք բավարարվեցինք իրենց պաշտոնների հետ կապված՝ օրինակ, փոխխոսնակի, հանձնաժողովների նախագահների մասով արձագանք տալով, մնացած պարագայում կարծում եմ էլ որեւիցե թե՛ միջազգային գործընկեր, թե՛ համաքաղաքացի չի զարմանա, եթե մենք օգտվենք այդ իրավունքից, որովհետեւ դա անտրամաբանական է»:

Երբ փոխանցեցին ընդդիմադիրների բերած փաստարկը, որ այս խորհրդարանը չի սպասարկում քաղաքացիների օրակարգը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես էլ ասում եմ, որ իրենք որեւիցե ձեւով չեն սպասարկում իրենց ընտրողների շահերը: Քաղաքացիները գնացել քվեարկել են, որեւէ մեկի մոտ ընտրությունների արդյունքները կասկած չի առաջացրել: Իրենց այդ մարտավարությունը, որ իրենք 4-5 հոգով որոշում են, որ Վազգեն Մանուկյանը պիտի ղեկավարի երկիրը…Ես գիտեմ, որ ներսում լուրջ խմորումներ կան: Իրենց որոշելիքն է: Ես վստահ եմ, որ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, իրենցից որեւէ մեկը չի հայտնվի խորհրդարանի դահլիճում»:

Օմբուդսմենը հորդորել էր համերաշխության մթնոլորտը պահել: ԱԺ նախագահն արձագանքեց. «Այսինքն, մարդիկ փողը ստանան, չգան գործի, բայց մենք համերաշխության մթնոլորտից ելնելով՝ որեւիցե բան չանե՞նք: Դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւ ԱԺ-ի նկատմամբ»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ փոխնախագահներից մեկի եւ հանձնաժողովների նախագահների տեղերը ընդդիմությանն են Դոնթի բանաձեւով ու եթե նրանք չլրացնեն այդ տեղերը, հաստիքները կմնան թափուր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930