Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան հարուցիչն է Արցախյան հակամարտության եւ դրա կողմը»․ համապարփակ զեկույց՝ ԼՂ խնդրի եւ բանակցային պատմության մասին

Սեպտեմբեր 09,2022 19:14

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հեղինակել է «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը, որի շնորհանդեսը կայացավ այսօր։ Գիտավերլուծական այս աշխատանքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները եւ հայկական կողմի դիրքորոշումների զարգացումը։

«Հայկական նախագծի» անդամ, քաղաքագետ Էդգար Էլբակյանը, ներկայացնելով աշխատանքը, նախ նշեց․ «Գաղտնիք չէ, որ Արցախի հարցով բանակցային գործընթացի թեման այժմեական է, հասարակական-քաղաքական խոսույթի, ինքնության մաս, որովհետեւ պատերազմում հաղթանակն ու պարտությունն ազդում են ազգային ինքնության վրա։ Այս թեման կապ ունի ամեն ինչի հետ, ուստի պատահական չէ, որ շահարկումները շատ են։ Հետեւաբար, առաջին նպատակն է այս գիտական աշխատանքի՝ տալ բանակցային գործընթացի համապարփակ պատմությունը։ Տալ ոչ թե պարզ շարադրանքի եւ նկարագրության տեսքով, այլ տարածաշրջանային համաշարը ներկայացնել, որում այն զարգացել է։ Բանակցային գործընթացի վերաբերյալ հասարակական քննարկումներում առկա խնդիրն այն է, որ դրանք հաճախ վարվում են անձնավորված։ Իր անձնական, քաղաքական նախասիրություններից ելնելով՝ մարդը կարող է պնդել, որ այս կամ այն բանակցային առաջարկն ամենալավն էր, որովհետեւ այդ ժամանակվա իշխող ուժն իր սրտով է եղել»։

Երկրորդ խնդիրը, ըստ Էդգար Էլբակյանի, գործընթացի վերլուծությունն է ոչ թե դինամիկայի, այլ ստատիկայի մեջ․ «Այստեղ գալիս ենք մեր աշխատության հետազոտական խնդրին՝ հասկանալ բանակցային գործընթացի շարժընթացը։ Փորձել ենք հասկանալ, թե 1988թ․-ից սկսած մինչեւ 2018, եւ 2018-2020թթ․ ինչ դինամիկա ենք ունեցել, որ կետից ենք սկսել եւ ուր ենք հասել։ Սա նրա համար է, որպեսզի հետագայում բանավեճերն ընթանան առարկայական նյութի շուրջ։ Թող անհամեստություն չլինի, բայց սա ֆունդամենտալ աշխատանք է բանակցային պատմության մասին»։

«Հայկական նախագծի» անդամ, կովկասագետ Կարեն Իգիթյանն էլ ասաց, որ արցախյան հակամարտությունը չի կարելի դիտարկել առանձնացված սկզբունքով, քանի որ խոսքը թուրքերի կոնֆլիկտի մասին է տեղաբնիկ ժողովուրդների հետ․ «Երբ վարչապետն ասում է, թե չի էլ հիշում, թե երբ է սկսվել հայ-թուրքական թշնամանքը, ապա պատմաբանները շատ լավ են հիշում։ Սկսվել է դեռեւս հազար տարի առաջ, երբ առաջին թուրքերը եկել են ու սկսել զավթել տարածաշրջանը։ Արցախի հակամարտությունը չպետք է առանձնացնել, Կարսի կոնֆլիկտը նույնպես։ Սա մեկ՝ հայ-թուրքական կոնֆլիկտի մաս է։ Եկած թուրքը նստել է հայկական հողի վրա, յուրացրել։ Մենք սա ցույց ենք տվել պատմական փաստերով, որ կոնֆլիկտը սկզբից եղել է էթնիկ, հետո դարձել միջպետական։ Բացատրել ենք նաեւ, որ Ադրբեջանը ստեղծված է Թուրքիայի կողմից»։

Կարեն Իգիթյանը շեշտեց նաեւ կողմերի մոտեցումը․ «Ադրբեջանն իրեն ուժեղ կողմ է  ընկալել եւ վարել անզիջող բանակցություններ։ ՀՀ իշխանությունն առաջին նախագահի ժամանակ շատ զիջողական էր։ Երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ ՀՀ դիրքորոշումը կառուցողական էր, փորձում էին լինել փոխզիջոզ, իսկ գործող կառավարությունը շատ ավելի զիջողական է։ Կարեւոր է փաստը, որ Արցախի անկախությունն ինքն իրենով արդեն իսկ զիջում էր հայկական կողմից, որովհետեւ 88-89թ-ի գործընթացում կար որոշում՝ ՀՀ-Արցախ վերամիավորում։ Չնայած դրան, առաջին նախագահը միանգամից հրաժարվեց այդ գաղափարից։ Չկա միջազգային հանրության այնպիսի դիրքորոշում, որ Արցախը չի կարող լինել ՀՀ մաս կամ անկախ։ Այդ մասին փաստեր եղել են տարբեր տարիներին»։

«Հայկական նախագծի» անդամ, թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ անդրադարձավ Թուրքիայի մասնակցությանն Արցախյան հակամարտությունում․ «Հայ-թուրքական հակամարտությունը բազմաբաղադրիչ է, որի մի դրվագն է միայն Արցախի հարցը։ Մյուսն, օրինակ, ՀՀ-ի դեմ Թուրքիայի գործողություններն են, մասնավորապես՝ սահմանի փակումը։ Ադրբեջանը Հարավային Կովկասում թուրքական պետական նախագիծ է՝ հնարված 19-րդ դարում, ուստի՝ այո, Թուրքիան մասն է Արցախյան հակամարտության։ Ձեւաչափին ուղիղ չի մասնակցել, բայց շարունակում է հանդիսանալ այդ հակամարտության հարուցիչ եւ կողմ։ Սխալ կլինի պնդել, թե հայ-ադրբեջանական հակամարտությունում չկա Թուրքիայի դերն ու մասնակցությունը։ Առանց քննարկելու Թուրքիայի մեծ սպառնալիքը՝ հնարավոր չէ խոսել Արցախի հարցի մասին, ինչն էլ ամփոփել ենք մեր զեկույցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930