Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը Ղազանչիում՝ դրսի զուգարաններով, առանց մարդավայել լողանալու հնարավորության

Սեպտեմբեր 08,2022 21:21

Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի գյուղի բնակիչների թվաքանակը տարեցտարի նվազում  է։ Այս գյուղը ևս ծերանում է․ Ղազանչին ունի 600 բնակիչ, սակայն նրանցից ոչ բոլորն են գյուղում բնակվում։

Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարդկանց մեծ մասը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։

«Մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է շինարարությամբ, ովքեր բիզնես ունեն, բիզնեսով։ Այն մարդիկ, որոնք հիմնավորվել են, ստեղծել իրենց բիզնեսը, ծանոթ-բարեկամի տանում են հետները՝ սեզոնային աշխատանքի։ Իհարկե, կան մարդիկ էլ, որոնք վերաբնակվել են այնտեղ, չեն վերադառնում։ Գարունը բացվելուն պես սեզոնային աշխատանքի են մեկնում Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Աստրախան, խորը աշնանը վերադառնում։

Գիտեք, որ գյուղը զրկված է խմելու ջրից, Ղազանչվա ջուրը 24 ժամ մատակարարվում է ողջ Շիրակի մարզին, բացի մեզանից։ Դա էլ է պատճառ գյուղից հեռանալու, եթե պայմանները բարելավվեն, մարդիկ իմանան, որ այստեղ ամեն ինչ նորմալ է, իրենց ապահով կզգան, որ բարեկեցիկ կյանքով կապրեն, չեն գնա այլ տեղ։

Արտագնա աշխատանքով փող են աշխատում, բերում տները վերանորոգում են, սանհանգույց են քաշում, բաղնիք սարքում, էդ ջուրը չկա, որ կարողանան մարդավարի լողանան, օգտվեն էդ հնարավորությունից։ Դրսի զուգարանների հույսին ենք, պատկերացրեք ժամանակակից կյանքում դրսի զուգարաններ․․․Դժվար է, մանավանդ երիտասարդները գնում են դուրս, տեսնում ինչ հնարավորություններ կան, կյանքը ինչ եռուզեռի մեջ է, ձգտում են այլընտրանքի՝ դուրս գնալու մասին»,-ասաց վարչական ղեկավարը։

 

Ավելի վաղ անդրադարձել էիք այս գյուղի խմելու ջրի խնդրին,  տեղեկացրել,  որ Ղազանչիի ընդերքից հոսող ջուրը, թեև մատակարարվում է ողջ մարզին, բացի Ղազանչիից։ Այստեղ  խմելու ջուր տալիս են ընդամենը երկու ժամով՝ պոմպով։ Իսկ այն հզոր չէ, չի հասցնում միաժամանակ ջրամատակարարում ապահովել բոլոր թաղերին ու դառնում է վեճի ու կռվի թեմա թաղերի բնակիչների միջև։

Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Փոքր եմ եղել, ջրի խնդիրը եղել է մեր գյուղում, դարձել եմ 40 տարեկան, էդ խնդիրը կա ու կա։ Ուղղակի ամոթ է, մարդիկ, որ իմանում են Ղազանչին ջուր չունի, զարմանում են, թե էդ ինչպես, ամբողջ Հայաստանի Հանրապետության, եթե ոչ առաջին, ապա երկրորդ խոշոր ջրամատակարարը մենք ենք։ Նույնիսկ բոստանի բանջարեղենը չեն կարող մարդիկ ջրել, անգամ անասունների համար խմելու ջուր չեն հասցնում»։

Ըստ վարչական ղեկավարի, ջուր չլինելու պատճառով գյուղի ջահելները՝ թվով 50 հոգի, չեն ամուսնանում։ Սերգեյ Եգանյանը նրանց հետ զրուցել էր, վերջիններս նշել էին, որ հարմարություններ չկան ու վատ են զգում․ նոր կյանքը ամոթ է սկսել նման պայմաններով։

Ի դեպ, Ղազանչի գյուղը գազաֆիկացվում է, որը, սակայն բնակիչներին ուրախացնելու փոխարեն այսպես ասած դարդի տակ է գցել։ Բանն այն է, որ գազի խողովակները չեն հասցվելու հեռավոր թաղեր, ու բնակիչները դարձյալ շարունակելու են աթար վառել։

Գյուղի բնակչուհի Ալիսա Գրիգորյանը մեզ հետ զրույցում  դժգոհեց, թե իր տունը գյուղի վերևի հատվածում է, հաստատ չի կարողանա  գազը իր տուն հասցնել։

«Գազաֆիկացման անուն լսեցինք, էնպես ոգևորվեցինք, բայց մարդ ինչքան փող պիտի ծախսի, որ գազ քաշի, տանի, հասցնի իր տուն, հո միլիարդատեր չե՞նք»,-ասաց Ալիսա Գրիգորյանը։

Գյուղի վարչական ղեկավարի ասելով էլ՝ գյուղացիները իրենք պիտի գազը հասցնեն տները, որը ծախսատար է։ Գյուղի կենտրոնում բնակվողները, ըստ նրա, կունենան գազ, բայց մյուս հատվածներում բնակվողները  չեն կարողանա օգտվել։

«Գյուղը գազաֆիկացված չի եղել, ծրագիրը նոր է, մեկնարկել է անցած տարի, շինարարական աշխատանքներ են ընթանում, մինչև տարվա վերջ խոստանում են, որ կենտրոնական հատվածում գազը կլինի, բայց ընդհանուր գյուղինը երևի մի քանի տարի տևի։

Հիմա միայն կենտրոնական գիծն է այս պահին ծրագրի մեջ, ճիշտ է՝ մյուս տարի նախատեսված է գիծը կենտրոնական հատվածից  դեպի  թաղեր տանել, բայց որ մի տունը շատ հեռու ընկավ, դա խնդիր է։ Ինչքան էլ ցանկությունը մեծ լինի օգտվելու, ֆինանսական խնդիր կա, չեն կարողանա օգտվել»,-ասաց Սերգեյ Եգանյանը։

Նա նաև նշեց, որ անասնապահությամբ զբաղվող  գյուղում մեծ մասն աթար է վառում և  այսպես ասած «պրես» անելու ու աթարը հանելու համար հատուկ սարք են ստեղծել, որը հեշտացնում է աշխատանքները։

«Դա ձեռքի սարքած ինքնաշեն գործիք է, աղբը լցնում են մեջը, մյուս կողմից պրես արած աթարը աղբից զատվելով՝  հավասարաչափ դուրս է գալիս։ Հավաքում են, չորացնում, որ կարողանան ձմեռը վառել»,-մեկնաբանեց վարչական ղեկավարը։

Գազաֆիկացվում են երեք գյուղեր՝ Ղազանչին, Բավրան և Սարագյուղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930