Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննիչներին, քննչական խմբերի ղեկավարներին տրվում են ապօրինի քաղաքական բնույթի հանձնարարություններ». Բագրատ Եսայան

Սեպտեմբեր 08,2022 19:45

«ՀՀ-ում իշխանության եկած խմբավորումը, օգտագործելով ընձեռված լծակները, ձևավորել է հանցավոր խմբավորում, որն իր շոշափուկներն է տարածել առաջին հերթին իրավապահ համակարգում՝ ի դեմս քննիչների, քննչական խմբերի ղեկավարների, որոնց տրվում են ապօրինի քաղաքական բնույթի հանձնարարությունները: Դրանց ապացույցները բազմաթիվ են»,- Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում (դատավոր Կարեն Ֆարխոյան) ընթացող Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց ամբաստանյալ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ  («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը:

Նա մի դրվագ ներկայացրեց Գերասիմ Վարդանյանի հետ կապված. «Փորձ արեցին Գերասիմ Վարդանյանին մեղադրել Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի մեջ՝ ինչ-որ դրվագով: Ինչ- որ մեկ՝ բավականին բարձրաստիճան պետական պաշտոնյա, ցուցմունք տվեց, որ Գերասիմը մասնակցել է նրա դեմ մահափորձին: Հետագայում, երբ ապացուցվեց, որ Գերասիմ Վարդանյանը օբյեկտիվորեն չէր կարող գտնվել այն վայրում, որտեղ այդ պահին Արարատ Միրզոյանն էր, այդ մասով դադարեցվեց ամեն ինչ, բայց անձը մնաց ազատության մեջ»:

Բագրատ Եսայանն այս քրեական գործերը համարեց ակնհայտորեն պատվիրված ու նշեց. «Պատվերները, որ գալիս են հանցավոր բանդայի և նրա ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից, իջեցնում են իրենց վերջին շոշափուկներին՝ իրավական, դատական համակարգին, և փորձ է արվում այդ հանձնարարություններն իրացնել տարբեր մարդկանց միջոցով՝ նրանց ներգրավելով այս հանցավոր սխեմաների մեջ: Գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930