Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը որեւէ վտանգ ունի՞ Սյունիքի մարզի համար։ Փաշինյանը պատասխանեց, որ ճանապարհի բացումը ՀՀ-ի եւ Սյունիքի համար չի կարող վտանգ ստեղծել․ «Հակառակը, այն կբերի անվտանգության եւ կայունության լրացուցիչ երաշխիքներ։ Այլ բան, որ ադրբեջանական խոսույթում կան արտահայտություններ, որոնք որոշակի վտանգներ են բացահայտում։ Խոսում են միջանցքի մասին։ Մենք ՀՀ տարածքով որեւէ միջանցք չենք տալու որեւէ մեկին։ Բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք ցանկացած պահի։ Առաջարկներ ենք փոխանցել։ Որ պահին Ադրբեջանը դրանք ընդունի, կարող ենք փաստաթուղթ ստորագրել։ Հավաստիացնում եմ, որ դա սպառնալիք չէ, այլ օգտակար է։ Օգտակար է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար»։
Փաշինյանը հավելեց․ «Սպառնալիք ուրիշ բանի մեջ կա՝ սահմանագծման եւ սահմանազատման հետ կապված հարցերում։ Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւելյան Զանգեզուր» եզրույթը, միաժամանակ միջազգային հարթակներում ասում, թե որեւէ պահանջ չունի ՀՀ-ից, բայց պարզ է, որ նկատի ունի, որ կա նաեւ «Արեւմտյան Զանգեզուր»։ Այս ամենի տակ թաքնված նկրտումներ կան։ Սահմանազատման հարցերի հետ կապված կարծիքները տարբեր են, թե որ քարտեզների հիման վրա պետք է լինի։ Մենք ասում ենք, որ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա պետք է լինի։ Քարտեզը նկար է, որի վրա իրավական ուժ ունեցող որոշումներ պետք է լինեն»։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի պնդումները, թե Զանգեզուրն այսինչ թվականին տրվել է Հայաստանին, ապակառուցողական են, բայց բացահայտում են նկրտումները․ «Ի՞նչ անենք մենք։ Գնանք առաջ եւ կարողանանք լուծում գտնել սահմանազատման համար, ԼՂ խնդրի համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ