«Գտնում եմ, որ առկա չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները հաստատող ապացույցներ, որ դատավորը կաշկանդվածություն ունի: Այս գործի հետ կապված որևէ հանգամանքով դատավորը կաշկանդված չէ»,- Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում (դատավոր Կարեն Ֆարխոյան) ընթացող Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Կարեն Ֆարխոյանը:
Նա մերժեց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Կարեն Ֆարխոյանը վստահեցրեց. «Ընթացքում ինքներդ կհամոզվեք: Չգիտեմ՝ ինչու է նման կարծիք ստեղծվել ձեզ մոտ»: Անդրադառնալով Բենիկ Գալստյանի հայտարարությանը, թե իրենց ներկայացված նյութերը միայն երկու շաբաթ հետո են՝ օգոստոսի 22-ին են ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան, Կարեն Ֆարխոյանն ասաց, որ ինքն օգոստոսի 10-ից մինչև 31-ը եղել է արձակուրդում:
Բենիկ Գալստյանն էլ նշեց, որ կաշկանդվածության մասին ինքն ասել է, որ դիտորդի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել, որ դատավորը կաշկանդված է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ