Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ազատության գինը Ձեր հարազատ եղբոր անազատությունը կարող է արժենալ». Գերասիմ Վարդանյանը՝ Կարեն Ֆարխոյանին

Սեպտեմբեր 08,2022 18:30

«Ես գիտեմ, որ հայրերը պատասխանատու են որդիների համար, որդիները պատասխանատու են հայրերի արած գործողությունների համար: Բայց Ձեր դեպքն այլ է. եղբայրները պատասխանատու են եղբայրների արած գործողությունների համար»,- Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) ընթացող Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Գերասիմ Վարդանյանը՝ դիմելով նախագահող դատավորին:

Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ  («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը:

Գերասիմ Վարդանյանն ասաց, որ միանում է իր պաշտպանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը  և մանրամասնեց. «Գիտեմ, որ Ձեր եղբայրն անցնում է մի քրեական գործով՝ կաշառակերության հետ կապված, ու իմ անձնական պատկերացմամբ՝  իմ ազատության գինը Ձեր հարազատ եղբոր անազատությունը կարող է արժենալ: Ես կաշառակերությամբ չեմ զբաղվել, բնականաբար, որ 60 միլիոն ունենայի և լինեի ազատության մեջ: Ընկերներիս էլ արգելել էի: Ես մարդկայնորեն, տղամարդկային առումով Ձեզ հասկանում եմ, թե ինչ բարդ իրավիճակում եք. ինչքան դժվար է Ձեզ համար որոշում կայացնել, երբ նժարին դրված է ինչ-որ մի երիտասարդի ազատությունը և հարազատ եղբոր՝ անազատության մեջ լինել-չլինելը: Ես գիտեմ, թե Ձեր դեպքում ինչ կանեի: Ընկալում եմ նաև դատախազի վարքագիծը. մարդիկ աշխատում են, ընտանիք պահում: Մենք էլ ենք աշխատում, ընտանիք պահում: Մենք էլ կարող ենք Ձեր պես հանգիստ ապրել: Բայց հարգելի դատարան, մեղադրող կողմ, իրավաբաններ, իմ ընկերներ, մենք շատ ծանր իրավիճակում ենք: Պետք է սթափվել: Անելիք ունենք:

Այսօր Արցախը մեր ինքնասիրությունն է, արժանապատվությունը, որը մեզնից ամեն օր խլում են: Վերջնականապես խլելուց հետո մենք ոչ մի բանի պիտանի չենք լինելու: Սյունիքը մեր ողնաշարն է, ամեն օր բզկտում, ուզում են ծնկի բերել: Այդ ամենին ով նպաստում է, սպասարկում է թուրքական, ադրբեջանական շահերին ու հարվածում մեր ողնաշարին: Մենք Արցախը չպիտի կորցնենք, իմ ազատությունը, որևէ մեկիս ազատությունը արժեք չունի, եթե մենք մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը շպրտել ենք թուրքի ոտքի տակ, պետք է գնալ մինչև վերջ»: Ելույթն ընդմիջվեց ծափահարություններով: Գերասիմ Վարդանյանը հայտարարեց՝ վերջին պետք է հասնել ցանկացած գնով ու եզրափակեց. «Գիտեմ՝ եղբայրների համար պատասխանատու ենք, ես էլ իմ եղբայրների, ընկերների արարքների համար եմ պատասխանատվություն ստանձնել: Մարդկայնորեն հասկանում եմ դատավորին, բայց միանում եմ փաստաբանիս միջնորդությանը»:

Բոլոր փաստաբանները ևս միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930