«Ամերիկայի ձայն». Երևան է ժամանել Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը։ Սա նրա առաջին ուղևորությունն է նոր պաշտոնում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը օրերս ճեպազրույցում հայտարարել է, որ այսպիսի տարածաշրջանային այցերը պարբերական են լինելու։
Պատելի խոսքով՝ Ռիքերը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նախատեսվում է, որ նա հանդիպումներ է ունենալու երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի կարևորագույն խնդիրները, վիճելի հարցերի կառուցողական լուծումները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար աջակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Շաքե ԱՎՈՅԱՆ