Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում (դատավոր Կարեն Ֆարխոյան) ընթացող Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստի ընթացքում Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին: Նա հայտարարեց. «Դատարանի կողմից մեր ներկայացրած նյութերը ՀՀ Վերաքննիչ դատարան առաջին անգամ ուղարկվել են օգոստոսի 22-ին՝ այսինքն՝ իմ կողմից նյութերն ուղարկելուց գրեթե երկու շաբաթ հետո»:
Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը ևս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը:
Բենիկ Գալստյանը նշեց. «Սույն գործով դատավորի անձին ներկայացվող պահանջը՝ անաչառությունը, պետք է լինի սանդղակի ամենաբարձր նիշի վրա: Ցավոք, դատարանի գործողությունների և անգործության պայմաններում չեմ նկատել…փաստացի չորս օրից կլրանա Գերասիմ Վարդանյանի՝ կալանքի տակ գտնվելու չորսամսյա ժամկետը: Ուշադրության է արժանի, որ սույն գործով անցնող մյուս մեղադրյալներն ազատության մեջ են: Մյուս մեղադրյալի նկատմամբ ևս առկա է մեկ այլ գործով քրեական հետապնդում, որը սանկցիայի տեսանկյունից ավելի ծանր է, քան Գերասիմ Վարդանյանին մեղսագրվող հոդվածը: Խոսքը Բագրատ Եսայանի մասին է: Թող տպավորություն չլինի, որ ուզում եմ՝ Բագրատ Եսայանը լինի անազատության մեջ տեսնել, բայց այստեղ ունենք տարբերակված մոտեցում»:
Բենիկ Գալստյանը նշեց, որ դատարանը նաև ձգձգում է գործընթացը: Ու հիշեցրեց. «2022-ի հունիսի 11-ին դատարանը կայացնում է որոշում, որով Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այդ որոշումը ինձ փոստային առաքմամբ է ուղարկվում. ես դա այդ հասցեով չեմ ստանում: Այդ հասցեում ես այլևս գործունեություն չեմ ծավալում: Բայց հենց Կարեն Ֆարխոյանի ստորագրությամբ այլ որոշում ուղարկվել է հենց իմ հասցեով: Կողմնակի դիտորդի մոտ կասկածներն ավելի են ավելանում: Այս հանգամանքների համակցության մեջ կողմնակի դիտորդի մոտ կարող է ստեղծվել կարծիք, որ Կարեն Ֆարխոյանը չի ուզում՝ որպես դատավոր Գերասիմ Վարդանյանին ազատ արձակել, և դա պայմանավորված չէ գործով առկա օբյեկտիվ տվյալներով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ