Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի անկախությունը չճանաչելու ՀՀ բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ. Ստեփան Հասան-Ջալալյան

Սեպտեմբեր 08,2022 17:12

ՌԴ նախագահն՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման

Նախքան բուն ասելիքիս անցնելը, անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը. ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ էլ որևէ այլ պետության մետ: Ես հանդես եմ գալիս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային, պետական շահերի սպասարկման դիրքերից: Այժմ՝ ըստ էության:

2022թ. սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում ՌԴ նախագահը միջազգային իրավական ակտի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության հղմամբ, իրավացիորեն պաշտպանեց ազգերի ինքնորոշման իրավունքը: Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է. «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Կոսովոյի ճգնաժամի ժամանակ Արդարադատության միջազգային դատարանը ընդունել է որոշում, որ եթե տարածքի որևէ հատված, երկրի մի մասը ցանկանում է հռչակել իր անկախությունը, ապա այդ հատվածը պարտավոր չէ թույլտվություն խնդրել իր երկրի կենտրոնական իշխանությունից։ Դա վերաբերում է Կոսովոյին։

Ինչ վերաբերում է Դոնեցկի Հանրապետությանը և Լուգանսկին, ինչո՞ւ նույնը չէ։ Ամեն ինչ նույնն է: Եթե ​​նրանք ունեն այդ իրավունքը, և դա ունեն ՄԱԿի կանոնադրության և ինքնորոշման իրավունքի համաձայն, նրանք, օգտվելով այդ իրավունքից, հռչակել են իրենց անկախությունը։ Նրանք իրավունք ունե՞ն միջազգային իրավունքի և ՄԱԿի կանոնադրության տեսանկյունից: Ունեն, և այդ իրավունքը հաստատվում է Կոսովոյի առնչությամբ ՄԱԿի դատարանի համապատասխան որոշմամբ։ Նախադեպ:

Եթե ​​իրավունք ունեն, արել են, մենք ու յուրաքանչյուր այլ երկիր իրավունք ունի՞ ճանաչելու նրանց։ Ունի: Մենք ճանաչել ենք: Եթե ​​մենք նրանց ճանաչել ենք, մենք կարո՞ղ ենք նրանց հետ կնքել բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին միջազգային պայմանագիր։ Իհարկե, կարող ենք։ Մենք կնքել ենք: Այդ պայմանագիրը վավերացվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի և նրանց խորհրդարանների կողմից, և այնտեղ որոշակի պարտավորություններ են դրված ռուսական կողմի վրա՝ նրանց օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ ագրեսիայի դեպքում։

Տվյալ դեպքում՝ ագրեսիա Կիևի ռեժիմի կողմից, որն, ըստ էության, հանդիսանում է ոչ լեգիտիմ, քանի որ այն հիմնված է պետական ​​հեղաշրջման վրա՝ որպես այսօր Ուկրաինայում իշխանության առաջնային աղբյուր։

Մենք հենց դա էլ անում ենք։ Արդյո՞ք սա համապատասխանում է ՄԱԿի կանոնադրությանը: Համապատասխանում է: ՄԱԿի կանոնադրության մեջ կա 51-րդ հոդված, որտեղ խոսվում է պաշտպանության, ինքնապաշտպանության մասին։ Մենք՝ որպես այդ պայմանագրի կողմ, պարտավոր ենք ՄԱԿի կանոնադրության սույն կետի համաձայն՝ օգնություն ցուցաբերել մեր դաշնակիցներին։ Մենք դա էլ անում ենք։»:

Փաստացի ՌԴ նախագահն արդարացիորեն անուղղակի մեղադրանք հնչեցրեց ինչպես Հայաստանի Հանրապետության ներկա, այնպես էլ նախորդ բոլոր վարչակազմերի հասցեին՝ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար:

Հարկ է նշել, որ նման մեղադրանք ՌԴ նախագահը ՀՀ ներկա և նախորդ բոլոր վարչակազմերի հասցեին հնչեցնում է արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին Վ. Պուտինը խոսել է ադրբեջանա-արցախյան երրորդ պատերազմի ավարտից գրեթե տաս օր անց՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության թեմայով տված հարցազրույցի ժամանակ, 2020թ. նոյեմբերի 17-ին, որտեղ, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի որպես անկախ, ինքնուրույն պետության ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել, դա, անկասկած, էական գործոն կլիներ, այդ թվում՝ վերջերս ավարտված արյունալի պատերազմի ընթացքում։ Որովհետև Ղարաբաղի, այդ թվում՝ Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստն էապես իր հետքն է թողել իրադարձությունների ընթացքի և ընկալման վրա։

Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր, անկասկած, գործողություններից հետո նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածները, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և այնտեղ ապրող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումը, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացահայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից և ելնելով ողջ Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարվեց, և դա, իհարկե, էական ազդեցություն ունեցավ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա։»:

Արցախի Հանրապետությունը չճանաչելու համար Վ. Պուտինը Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա վարչակազմերին երկրորդ անգամ անուղղակի մեղադրել է 2022թ. ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ՌԴ նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրակացության մասին՝ պաշտպանելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակումն ու Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումը:

Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր վարչակազմերը հայտարարում էին, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կհանգեցնի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կհամարվի ագրեսոր և այլն:

Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ: Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել և շարունակում են թույլ տալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը: Դրա համար Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա բոլոր վարչակազմերը պետք է հանդես գային և պետք է հանդես գան համապատասխան նախաձեռնությամբ:

Համոզիչ չէ Արցախի Հանրապետությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ այն կներկայացվի: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, գրեթե անհնար է ակնկալել, որ այն կճանաչվի որևէ երրորդ պետության կողմից: Այլ խոսքով՝ մենք պետք է դուրս գանք այլոց օգնությամբ մեր խնդիրները լուծելու անհուսալի մտայնությունից և առաջնորդվենք մեր ազգային, պետական շահերով:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը անառարկելիորեն բխում է մեր ազգային, պետական շահերից:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ        

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930