Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ներկայացուցիչն ու պատգամավորները այդպես էլ համաձայնության չեկան Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի շուրջ:
Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար պարտադիր պայման է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը՝ ՇՄԶ-ն: Այն պետք է մասնագիտական կարողությունների զարգացման, նոր ունակությունների եւ հմտությունների ձեռք բերման համար: Սակայն դա կազմակերպելու համար բժիշկը պետք է բացակայի աշխատանքից, ինչին դեմ են գործատուները: Ուստի նախագծում լրացում են անում՝ պարտադրելով գործատուին կրեդիտավորման համար բացակայող մասնագետների աշխատանքն ու աշխատավարձը պահպանել: Խոսքը միայն պարտադիր կրեդիտավորման մասին է: Բժիշկների համար նվազագույն կրեդիտների քանակը 220 է, բուժքույրերի համար՝ 140:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ գործատուները խնդիրներ կունենան, քանի որ եթե բժիշկը, բուժքույրը երկար բացակայեն, լրացուցիչ ֆինանսական բեռ է լինելու կազմակերպության համար փոխարինող բերելը: Նա առաջարկում էր կարգավորումը թողնել այնպես, ինչպես կա, թող բուժաշխատողներն ու տնօրենները համաձայնության գան:
ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ասաց, որ դեպքեր են եղել, երբ կրեդիտավորման գնացող բժշկին հանել են աշխատանքից. «Ասել են՝ գնա, քո փոխարեն ուրիշին եմ վերցնում, ի՞նչ պետք է լինի այդ դեպքում»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը Հունանյանին խնդրեց կիսվել իր փորձով, քանի որ «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի վերակենդանացման բաժնի բուժքույր է եղել: Հունանյանը պատմեց. «Երբ ես աշխատել եմ, ՇՄԶ չի եղել, եղել է 5 շաբաթով վերապատրաստում: Այդ վերապատրաստումը կա՛մ իրենց արձակուրդի հաշվին են արել, կա՛մ իրենց հաշվին են վերցրել: Լավ, հիմա այդ աշխատողը ինչո՞վ պետք է պաշտպանված լինի, երբ իրեն չեն վճարում, ինքն է իր գրպանից վճարում ու գնում վերապատրաստման ու վտանգ էլ կա, որ կարող է աշխատանքը կորցնի, դեպքեր եղել են»:
Նանուշյանը հստակեցրեց հարցը՝ ուղղված Հունանյանին՝ երբ 5 ամսով գնում էին վերապատրաստման, իր փոխարեն այդ աշխատանքը ուրի՞շն էր անում ու արդյոք վճարվո՞ւմ էր, թե՞ ոչ: Հռիփսիմե Հունանյանը պատասխանեց. «Եթե աշխատողը բացակայում է, փոխարենը այլ աշխատող է աշխատում: Նույնը արձակուրդի գնալիս է լինում: Երբ արձակուրդ ես վերցնում, կողքի բուժքույրն է անում, կամ հավելյալ բուժքույր է գալիս ռեզերվից: Ռեզերվ բուժքույրեր կան, իրենք են գալիս, կամ ավելանում է հերթափոխերի քանակը: Երկու դեպքում էլ վճարվում են»:
Լուսինե Բադալյանն ասաց. «Եթե ես աշխատում եմ բժիշկ 100-200 հազար դրամով եւ հերթապահություններից ու վիրահատություններից ստանում եմ լրացուցիչ 800 հազար դրամ, եթե այդ ողջ աշխատավարձը պահեինք օրենքով, հիվանդանոցի վրա հսկայական ծախս կլիներ: Բայց ես էլ, դուք էլ գիտենք, որ հիմնական աշխատավարձը մեծ չի, բժիշկն իր աշխատավարձի մեծ մասը ստանում է հերթապահություններից, վիրահատություններից, հավելավճարներից: Այդ գումարի հետ մեր օրենքի նախագիծը որեւէ կապ չունի»:
Նանուշյանն արձագանքեց, որ մենք պետություն ենք ու պետական բուժհիմնարկների բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտավորման համար պետք է վճարի պետությունը, իսկ մասնավոր բուժհիմնարկները իրենց լրացուցիչ եկամուտներից թող վճարեն կամ չգիտեմ որտեղից: Բադալյանն արձագանքեց, որ մենք դեռ չենք հասել այդ կետին, որ ՇՄԶ կրեդիտավորումը վճարվի պետության կողմից:
Հռիփսիմե Հունանյանը հարցրեց. «Ասում եք՝ ավել բեռ է լինում բուժհիմնարկի վրա, իսկ բուժաշխատողն ի՞նչ մեղավոր է, որ իր վրա է ավել բեռը լինում: Հերիք չի ՇՄԶ-ի համար վճարում է, աշխատանքի չի գնում ու աշխատավարձ չի ստանում, էլ չասեմ աշխատավարձի չափը, որը միջին օղակը ստանում է»:
Նանուշյանի խոսքով՝ նրանց իրավունքները պաշտպանված են, որովհետեւ եթե հիվանդի են սպասարկում, պետք է համապատասխանեն որոշակի որակական չափանիշների: Նա պետք է մասնագիտանա, որ իր գիտելիքները օգտագործի ի շահ հիվանդի. «Նույնը կարող եք այսպիսի հարց տալ՝ ինչո՞ւ է մեղավոր բուժաշխատողը, որ պետք է 8 տարի սովորի, որ պետական դիպլոմով իրեն կարողանան աշխատանքի ընդունեն: Մեղավո՞ր է, որ 10 տարի չարչարվում է: Չէ, պետությունը սահմանում է կանոններ: Ինչի՞ համար է սահմանում՝ որ ապահովի որակ բժշկական ծառայությունների համար: Դա է պայմանը: Այդ պահանջները բավարարելու համար երբեւիցե խոսք չի գնացել չարաշահումների մասին: Իսկ ինչի՞ պետք է աշխատավարձ տալ մի մարդու, որն իր գործունեությունը այդ ժամանակահատվածում չի կատարում, այլ գնում է իր հմտությունները զարգացնելու: Մենք ոչ թե ստիպում ենք, այլ պետությունը, մտածելով իր բնակչի մասին, սահմանում է կանոններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ