Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ». քննարկում Եվրոպական խորհրդարանում

Սեպտեմբեր 08,2022 17:00

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020թ. պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում  հայ ռազմագերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ օժանդակել Արցախին, նշելով. «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը և նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, բացման խոսքում շնորհակալություն հայտնելով խորհրդաժողովի մասնակիցներին և խորհրդաժողովը նախաձեռնող պատգամավոր Փիթեր Վան Դալենին, շեշտել է. «2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու նոր փորձ էր։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը հիմնարար մարդկային իրավունք է։ Եվրոպական Խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունն Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է»։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշել է. «Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը, սպառնալիքների և բռնությունների կիրառումն ու բնակչության վրա հոգեբանական գրոհները միտված են խաթարելու բնականոն կյանքը, ինչպես նաև նպատակ ունեն առաջացնել Արցախում հայ ժողովրդի գոյատևման նկատմամբ անվստահություն։ Այս անվստահությունը գնալով աճում է, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների քննարկման նյութ չի դառնում, մասնավորապես նաև Եվրոպական Միության միջնորդությունների ժամանակ»:

ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտոնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների համապատասխան որոշումներն իրավական տեսանկյունից ներկայացնելուց բացի, ընդգծել է. «Հակահայ այլատյացությունը դարձել է Ադրբեջանի որոշիչ հատկանիշը, որն արտահայտվում է խոսքի ատելության, հայազգի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնության հերոսացման, էթնիկ զտումների, պատմության ժխտման ձևերով»։

Զեկույցներին հաջորդել է հարց ու պատասխան, այդ թվում միջոցառմանը ներկա ադրբեջանցիների մասնակցությամբ։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930