Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 08,2022 16:48

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Մասնավորապես.
2007թ. օգոստոսին 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վարձակալների ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240,000 ՀՀ դրամ վարձավճարով:

2014թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար և տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11,371,517-ական ՀՀ դրամ գումար (ընդհանուր 34,114,551 ՀՀ դրամ), որոնք քաղաքացիական գործերով դատարանի կողմից բավարարվել են:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, սակայն, օրինական ուժ ստացած վերոնշյալ դատական ակտերն ի կատար ածելու փոխարեն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, վարձակալների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկել:

Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, հիշյալ անձանցից բռնագանձման ենթակա գումարի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կատարվել, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 34,114,551 դրամի գույքային վնաս:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, անտառային հողերի վարձակալությունից առաջացած վարձավճարներ և տույժ-տուգանքներ գանձելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով, առանց հիմքերի և հիմնավորման, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, 2016թ. դեկտեմբերի հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել մի շարք քաղաքացիների՝ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները՝ կազմակերպությանը զրկելով 34,160,887 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու և պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետև, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, պարտավոր լինելով կազմակերպության կանոնադրությանը և աշխատանքային պայմանագրին համապատասխան պատշաճ կերպով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք. պատշաճ կարգով չի կազմակերպել ՊՈԱԿ-ի իրավաբանական և մեթոդաբանության բաժնի գործունեությունը, համապատասխան աշխատակիցներին հանձնարարություններ չի տվել՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ համապատասխան հայցեր նախապատրաստելու և դատարան ներկայացնելու կապակցությամբ, ինչի հետևանքով չմուծված վարձավճարի և տուժանքի գումարները գանձելու ու պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցները ձեռնարկվել են իրավունքի խախտման մասին իմանալուց հետո` հայցային վաղեմության եռամյա ժամկետի խախտմամբ, որով էլ պայմանավորված՝ դատարանների կողմից հայցերը մասնակի մերժվել են՝ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը զրկվել է իր հանդեպ պայմանագրային պարտավորություններ ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից, 17,520,192 ՀՀ դրամը պետական բյուջե չի մուտքագրվել՝ պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով և 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930