Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հավաստիացնում եմ ձեզ, որ այս օրենքից շատ ուրախացել էին թե՛ բուժաշխատողները, թե՛ նրանց գործատուները». Լուսինե Բադալյանն ու Զեյնալյանը դեմ գնացին կառավարությանը

Սեպտեմբեր 08,2022 16:56

ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

Լուսինե Բադալյանն ասաց, մի քանի բողոքներ են եղել, դրա համար մշակել է այս նախագիծը: Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար պարտադիր պայման է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, նոր ունակությունների եւ հմտությունների ձեռք բերման համար: Սակայն դա կազմակերպելու համար բժիշկը պետք է բացակայի աշխատանքից, ինչին դեմ են գործատուները: Ուստի նախագծում լրացում են անում՝ պարտադրելով գործատուին կրեդիտավորման համար բացակայող մասնագետների աշխատանքն ու աշխատավարձը պահպանել:

Նարեկ Զեյնալյան

Խոսքը միայն պարտադիր կրեդիտավորման մասին է: Ինչպես նշեց Նարեկ Զեյնալյանը, բժիշկների համար նվազագույն կրեդիտների քանակը 220 է, բուժքույրերի համար՝ 140: Բժիշկներ կան, որ ունեն 500 եւ ավելի կրեդիտներ: Եթե բուժաշխատողները պարտադիր կրեդիտավորումից ավելի կրեդիտներ են ուզում հավաքել, արդեն պետք է համաձայնության գան գործատուի հետ: Հիմա բուժհիմնարկի տնօրենի բարեհաճությունից է կախված՝ կթողնի՞ իր աշխատողները կրեդիտավորման համար բացակայեն, թե՞ ոչ:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ գործատուները հարցադրումներ են հնչեցրել՝ արդյոք այդ 220 կրեդիտը 5 տարվա ընթացքում պիտի բժի՞շկը հավաքի, թե՞ միանգամից, որովհետեւ մի քանի օր բացակայության հարցը կարող են լուծել, բայց եթե չբաշխվի տարվա մեջ, բժիշկը պետք է 2 ամսով բացակայի: Այդ դեպքում լրացուցիչ ֆինանսական բեռ է լինելու կազմակերպության համար փոխարինող բերելը: Ըստ կառավարության, աշխատատեղը պահպանելու հարցում համաձայնություն կա, բայց աշխատավարձի պահպանման հարցում պետք է լրացուցիչ լուծումների գնան:

Նարեկ Զեյնալյանը արձագանքեց, որ այսպես շրջապտույտի մեջ են ընկնում, սկզբում Նանուշյանն ասել է, որ 6 մլրդ-ի ծախս է ընկնում բուժհիմնարկների վրա, հետո քննարկման ընթացքում պարզել են, որ որեւէ լրացուցիչ ծախս էլ չկա: Նանուշյանն էլ պատասխանեց, որ մոտավորապես հաշվել էին, որ եթե միջին աշխատավարձ լինի, 2 ամիս բացակայի, այդքան կկազմի. «Ոչ պրոֆեսիոնալ հաշվարկ էր՝ ոտքի վրա»:

Զեյնալյանի դիտարկմամբ՝ բուժհիմնարկը այն աշխատավարձը, որը տալիս էր բժշկին, կրեդիտավորման ընթացքում չէր տալիս, խնայողություն էր անում, հիմա պետությունն ասում է՝ խնայողություն մի՛ արա, տուր բժշկին, ոչ թե հավելյալ ծախս արա. «220 կրեդիտը 5 տարվա մեջ բաշխում ենք, ստացվում է ամսական 3,6 կրեդիտ: Սա կես կոնֆերանս է: Այն պարագայում, եթե նույնիսկ եզակի բժիշկներ կլինեն, որոնք 1 ամսով կգնան վերապատրաստման ու կհավաքեն 70 կրեդիտ, ինքը հետո չի բացակայի: Այդ աշխատավարձը այլ բժշկի չեն տալիս: Որ բժիշկը վերադառնում է վերապատրաստումից, սպասարկում է մյուս բժշկի հիվանդներին, մինչեւ նա գնա կրեդիտավորման եւ վերադառնա: Որեւիցե բժշկական հիմնարկ չի ասել, որ իր վրա սա ֆինանսական բեռ է լինելու»:

Ի դեպ, այս կարգավորումը տարածվում է նաեւ պոլիկլինիկաների բժիշկների վրա:

Լուսինե Բադալյան ասաց, որ իրենք շրջել են բուժհիմնարկներում ու բոլորի հետ խոսել. «Հավաստիացնում եմ ձեզ, որ այս օրենքից շատ ուրախացել էին թե՛ բուժաշխատողները, թե՛ նրանց գործատուները: Հետեւաբար ինձ համար անհասկանալի է մտահոգությունը»:

Փոխնախարարն ասաց, որ պոլիկլինիկաներում եթե կարող են բժիշկներն իրար փոխարինել, բայց եթե վիրահատարանի բուժքույրը դուրս եկավ, վերակենդանացման բաժնի բժիշկը գնաց վերապատրաստման, չի կարող որեւէ մեկը նրանց չփոխարինել: Կառավարությունն առաջարկում է թողնել այս հարցը գործատուների հետ բուժաշխատողներն իրենք կարգավորեն, կարող է համաձայնության են գալիս եւ շաբաթ-կիրակի օրերը հերթապահելով՝ հարցը փակում են. «Եթե 6 ամսով ուղարկում է աշխատողին, կարող է որոշում է ամեն ամիս էլ աշխատավարձը պահի, ոչ թե 220 կրեդիտի չափով, այլ՝ ավելի շատ»:

Զեյնալյանն ասաց, որ այդ հարցը հիմա որոշում են ոչ թե տնօրենն ու բժիշկը միասին, այլ տնօրենն է որոշում, ասում է՝ քո հաշվին արձակուրդ ես գրում՝ գնում ես, ու բուժաշխատողը գնում է ստիպված: Բացի այդ, եթե վիրահատարանի բուժքույրը բացակայում է, այլ բուժքույր է մասնակցում վիրահատությանը ու լրավճարը, որն ամեն հիվանդից ստանում են, ինքն է վերցնում:

Փոխնախարարն առաջարկեց նախագիծը հանել շրջանառությունից, նորից քննարկել: Լուսինե Բադալյանը չհամաձայնեց՝ ասելով, որ այդպես տարիներով կարող են քննարկել, ուստի հորդորեց դնել քվեարկության՝ առանց կառավարության համաձայնության: Թեթեւ քննարկման հարցերն էլ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կքննարկեն:

Նախագիծը քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930