Նրանք ապրում են սահմանամերձ Տավուշի մարզում, խոր ձորերի մեջ պարփակված՝ նրանց միտքը կտրում անցնում է հեռուներ ու երազում մեծ բեմերի, համերգների ու ծափերի մասին։ Դուք վստահաբար համացացնցում տեսել եք 40 լուսավոր փոքրիկներին, որոնք իրենց կենսախինդ խմբավարի հետ երգում, պարում են ու դրանով շարժում հազարավոր մարդկանց սրտերը։
Բայց երկար երազելու կարիք չկար, քանի որ սեպտեմբերի 7-ը դարձավ այդ երազանքին հասնելու առաջին քայլը։ «Starmus VI» փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի երեխաների ելույթով։ Երեխաները միջոցառման մասնակցության հրավերը ստացել էին անձամբ նրանից՝ կիթառահար Բրայան Մեյից, իսկ մասնակցությունն Another World խորագրով համերգին իրականություն էր դարձել Ամերիաբանկի աջակցությամբ։
Կարդացեք նաև
Նրանց խանդավառ դեմքերից, վառ էմոցիաներից ու ճկուն շարժումներից երևում էր, որ նրանք ողջ էությամբ զգում են երգն ու երաժշտությունը, ապրում են երգված ամեն մի բառը։ 7 րոպե տևողությամբ նրանց ելույթը Queen խմբի հիթային երգերի հետաքրքիր միքս էր, որ ցնցեց ամբողջ դահլիճն ու արժանացավ հոտնկայս ծափահարությունների։
Այս փառատոնը ևս մեկ անգամ փաստում է, որ գիտությունն ու մշակույթը սահմաններ ու ազգություն չեն ճանաչում։