Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա է վիճակը»․ Սերժ Սարգսյանը չցանկացավ խոսել լրագրողների հետ

Սեպտեմբեր 08,2022 16:34

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա պետք է հարցաքննվեր Աբովյանի բնակիչ Սեւան Քոչարյանը, սակայն նա, ինչպես եւ նախորդ նիստում, չէր եկել դատարան։

Նա այս գործով առանցքային վկա է համարվում, քանի որ նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը։ Դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, եւ այսօր դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց ոստիկանության տեղեկանքն այն մասին, որ ծառայողներն այցելել են Սեւան Քոչարյանի բնակության վայր, նա տանն է եղել եւ հայտնել է, որ օրերս կորոնավիրուսի տեստ է հանձնել, արդյունքը դրական է, եւ ինքն անկողնային վիճակում բուժում է ստանում։ Տեստի դրական արդյունքի մասին բժշկական կենտրոնի փաստաթուղթը խոստացել է ուղարկել էլեկտրոնային փոստով։

Մեղադրյալներ Սերժ Սարգսյանն ու գործարար Բարսեղ Բեգլարյանը նիստին ներկա էին։ Գործով մեկ այլ վկա Գեւորգ Հարությունյանն էլ պաշտպանի միջոցով դատարանին հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին, 14:00-ին։ Հաշվի առնելով Սեւան Քոչարյանի՝ նախկինում դրսեւորած վարքագիծը, դատավորը նշեց, որ ոստիկանության ծառայողները պետք է ապահովեն նրա պատշաճ վարքագիծը։

Նիստից հետո Սերժ Սարգսյանն ավանդաբար ողջունեց աջակիցներին։ «Սա է վիճակը»,-արձագանքեց նա քաղաքացիներին, որոնք ասում էին՝ «դեռ որքա՞ն է այսպես լինելու», «շուտ վերջանա այս կրկեսը»։ Լրագրողների հարցերին պատասխանել Սերժ Սարգսյանը հրաժարվեց։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930