Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկի հետ, առհասարակ, հաշիվ չեմ մաքրում». Տավրոս Սափեյան

Սեպտեմբեր 08,2022 16:09

«Այս քարոզարշավի ընթացքում այնքան ստեր են լինում, որ ինձ համար էլ զարմանալի չէ: Ես շտաբերում եմ աշխատում, լինում եմ Արագածավանի շտաբում, յուրաքանչյուր գյուղում շտաբ ունենք, լինում եմ շտաբերում՝ աշխատում, ոչ մեկի հետ, առհասարակ, հաշիվ չեմ մաքրում: Վերեւ Աստված կա՝ թող ընտրություն կատարեն, ՔՊ-ի կողքը կանգնեն կամ իրենք որոշեն՝ ընդդիմադիրների կողքը կանգնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թալինի արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Թալինի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը՝ պատասխանելով հարցին, ինչո՞ւ է Արագածավանում «հաշիվներ մաքրել» այն բնակիչների հետ, ովքեր տրամադրված են առաջիկա համայնքային ընտրություններում այլ քաղաքական ուժերի տալ իրենց քվեն: Նման հրապարակում եղել է մամուլում:

«Գյուղամիջին խոսել են ջահելներով, ասել, որ ավելի լավ է՝ դաշնակներին, ընդդիմադիր մյուս ուժերին ձայն տան, քան թե Տավրոսին, այդ խոսակցությունը հասել էր նաև լրատվականներին, ու հրապարակումից հետո Տավրոսը օգոստոսի 25-ին եկել էր Արագածավան՝ հաշիվներ պարզելու, թե ո՞վ է համարձակվել իր դեմ նման արշավ իրականացնել»,-168. am-ի հետ զրույցում պատմել է Արագածավանի բնակչուհին:

Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին կայանալիք Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում տեղական իշխանության համար կպայքարեն հինգ ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները: ՔՊ համամասնական ցուցակը Թալինում գլխավորելու է Տավրոս Սափեյանը, «Ապրելու երկրինը»՝ Դավիթ Մանուկյանը, «Արդար Հայաստանինը»՝ Արմեն Գրիգորյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակը կգլխավորի Սարգիս Մուրադյանը, «Կայունություն» կուսակցությանը՝ Ալբերտ Հարոյանը: Հիմնական մրցակցությունն այստեղ սպասվում է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների միջեւ:

«Ես հիմա նաեւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար եմ, պետք է ընտրությունը կազմակերպվի, անցնի այնպես, որ ես հստակ պատասխանատու եմ դրա համար, ես պետք է հաշիվ մաքրե՞մ, դա սուտ է, չկա նման բան»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ այն, որ ինքն այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է եւ իշխող քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածուն է, ինչն իրեն ընտրախախտում-ընտրակեղծիքների համար հավելյալ լծակ է տալիս, որը կապահովի իշխող ուժի հաղթանակը, Տավրոս Սափեյանը հակադարձեց. «Կներեք, ես օրինական արձակուրդի մեջ եմ: ՀՀ յուրաքանչյուր տեղում էլ կարող է պաշտոնակատար լինել եւ թեկնածու լինել, դա ընտրակեղծիքի համար չի, որ օգտագործում են լծակները: Մենք առողջ քաղաքականություն ենք վարում եւ առողջ քարոզարշավ ենք վարում»:

Նկատեցինք՝ 2021 թվականին նույն համայնքի ավագանու ընտրություններում տեղի ունեցածն այդքան էլ վստահություն չի ներշնչում, որ իշխող ուժը առողջ մրցակցության կեցվածք ունի, քանի որ ամեն ջանք գործադրվեց՝ իրեն՝ Տարոն Սափեյանին Թալինի համայնքապետի պաշտոնում պահելու համար: Տավրոս Սափեյանը չհամաձայնեց. «Ասեկոսներին դուք շատ եք հավատում: ՔՊ-ն տարել է 10 մանդատ, 11 մանդատ՝ ընդդիմադիր դաշտը, հետո են միացել իրար, հիմա, այդ 11 ավագանուց մեկ ավագանի, եկել է եւ ձայնը տվել է ՔՊ-ին. ի՞նչն է կեղծիք, ի՞նչն է ճնշումներ, որեւիցե մի բան»:

Հիշեցրեցինք, որ հետո ինքն այդպես էլ չհաջողեց երդմնակալության արարողություն անել, քանի որ քվորում չէր ապահովվում, այդ նույն պատճառով նաեւ ավագանու նիստեր չէին գումարվում, իսկ ամիսներ անց, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ ավագանու նոր ընտրություններ նշանակելու եւ հետաքրքրվեցինք՝ արդյոք դա միտվա՞ծ չէր այս համայնքի ղեկավարի պաշտոնը իշխող ուժի ձեռքում պահելուն։ Տավրոս Սափեյանը հակադարձեց. «Այսինքն, երկրում օրենք է մշակվում, օրենք է հաստատվում, ԱԺ է մտնում այդ օրենքը, Թալինի՞ համար է․ ոչ, ամբողջ Հայաստանի հանրապետության համար է այդ օրենքը, միայն Թալինի համար չի, միայն Տավրոս Սափեյանի համար չի այդ օրենքը»:

Տավրոս Սափեյանը գոհ է քարոզարշավի ընթացքից, ասում է՝ «ժողովուրդը մեզ շատ բարձր տրամադրությամբ դիմավորում է», քարոզարշավը բարձր մակարդակով եւ իր հունով է ընթանում, ոչ ոք մյուսին չի խանգարում:

Հարցին, որ ցուցակների կազմման փուլում ընդդիմադիրներն ահազանգում էին ճնշումների մասին, մասնավորաբար, այն մարդկանց վրա, ովքեր ցանկանում էին ընդդիմության ավագանու ցուցակներում ընդգրկվել, իշխող ուժի ներկայացուցիչը եւ թեկնածուն պատասխանեց. «Ես նորից եմ ասում՝ տարատեսակ սուտ կարող են ասել: Ի՞նչ ասես՝ լսում ենք այս ընթացքում: Պատմվածքի նման են դարձել մեր ընդդիմադիրները՝ ով ավելի ուժեղ սուտ կասի… ամեն սուտ ես պատրաստ եմ լսելու: Ես բնավորությամբ, դաստիարակությամբ եւ կեցվածքով այնպիսի մարդ եմ, որ այդ ճնշումները չի կարող, որ լինեն: Եթե որեւիցե մեկն էլ փորձի, ես ինքս թույլ չեմ տա, որ ճնշումներ լինեն: Ի՞նչ է նշանակում ճնշումներ, եթե ավագանու անդամներ իրենք ցուցակ լրացնելու համար դրել են այն մարդկանց, որ ազգով մեծ են, բայց տառերը չեն ճանաչում, հովիվ են… ես ինչ-որ մի բան չեմ ասում հովիվին, շատ ընկերներ ունենք, որ հովիվ են, աջակցում ենք իրենց, իրենց կողքը կանգնում ենք, բայց բերում են հովիվին ավագանու իրենց ցուցակի մեջ են դնում, որ ավագանի դառնա՝ ի՞նչ լինի, Թալինը գնա հետզարգացո՞ւմ, թե՞ ցուցակը լրացնեն: Իրանք էլ՝ դուրս են եկել. էդ մարդիկ խաբվել են, ինչ-որ բանի համար առաջադրվել են, հետո էլ հանել են, մեր գործոնը ո՞րն է էդտեղ, եթե իրենք իրենց կամոք հանել են: Օրինակ, ՀՅԴ-ն առաջադրել է 32 ավագանի, հիմա մնացել է 15. ի՞նչ անի Տավրոս Սափեյանը, ի՞նչ անի ՔՊ-ն, եթե մարդիկ հասկացել են, որ խաբվել են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները Տավրոս Սափեյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930