Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վստահ էինք, որ մեր ասածը ճիշտ է». Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյան

Սեպտեմբեր 08,2022 15:54

Հ2 հեռուստաալիք – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով դատական 2 վեճերը՝ կապված հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի մրցույթներում Հ2-ին լիցենզիա չտրամադրելու հետ, հասել են տրամաբանական վերջնակետին: Դատական գործընթացի մանրամասները ներկայացնելու, ինչպես նաև դատարանի որոշմամբ չեղարկված մրցույթների արդյունքում ՀՌՀ կողմից նոր մրցույթների թեմայով հրավիրված ասուլիսում Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը նշեց. «Վստահ, որ մեր ասածը ճիշտ է, որովհետեւ դեռեւս 2008թ ՄԻԵԴ-ը «Ա1+»-ի գործով նախադեպային վճիռ ունի: Դա ոչ թե նախադեպային վճիռ է, որ տեղի է ունեցել այլ երկրում, կամ մեկ այլ հանձնաժողովի հետ կապված, այլ խոսքը նույն հանձնաժողովի մասին է»:

Լեւոն Սուլթանյանի ձեւակերպմամբ, մի հետաքրքիր նրբություն կա. «Ա1+» -ի մասին ՄԻԵԴ-ի կայացրած վճռում կարդում ենք հետեւյալը` թեեւ Հայաստանի օրենսդրությունն ուղիղ չի պահանջում, որ պետք է ՀՌՀ-ի որոշումները լինեն պատշաճ պատճառաբանված եւ հիմնավորված, բայց ընդհանրապես ժողովրդավարական հասարակությունը ենթադրում է, որ այդպես պետք է լինի… ՄԻԵԴ-ը դեռեւս 2008թ նշել է, քանի որ այդ որոշումները չեն եղել պատշաճ կերպով պատճառաբանված եւ հիմնավորված, դա խոսքի ազատության խախտում է: Փաստորեն անցել է 13 տարի, ու 2021թ ՀՌՀ-ն անում է մրցույթ, ու արդեն մեր ներպետական օրենսդրությունը հարմարեցված է բոլոր պահանջներին: Ընդ որում, մեր օրենքն ուղիղ ասում է, որ իրենց որոշումները պետք է լինեն պատճառաբանված եւ հիմնավորված, բայց ՀՌՀ-ն այդպես չի պատճառաբանում ու չի հիմնավորում իր որոշումները»:

Հ2 հեռուստաալիքի փոխտնօրենը ներկայացրեց, թե ինչու են խնդիրը դատական կարգով վիճարկել. «Փաստորեն 2021թ ապրիլի 2-ին առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել այդ մրցույթի որոշումը: Քանի որ երկրորդ եւ երրորդ ատյանները չէին սպառվել, այս որոշումն ուժի մեջ չէր մտել, եւ ՀՌՀ-ն ունի իրավունք ուներ բողոքարկելու, ինչը որ արել է: Ու երբ մենք այս որոշումը կարդում ենք, դրա մեջ եւս շատ պարզ հայերենով հանգամանալից նկարագրված է, թե ՀՌՀ-ն օրենքին համապատասխան` ինչ պետք է աներ, որ չի արել, ինչ թերացումներ ու խախտումներ կան, ինչն այսօր արդեն երրորդ ատյանով հաստատվել, վերջացել է:

Այս վճիռն ունենալով հանդերձ` դրանից հետո ՀՌՀ-ն արել է մայրաքաղաքային մրցույթ, հունիսի 4-ին, նոր որոշում է կայացրել ու էդ վճռում նշված ամեն ինչը հաշվի կրկին չի առել: Այսինքն ՀՌՀ-ն կրկին արել է սխալ, ապօրինի գործողություն:

Փաստորեն, պետական մարմինն իր աչքի առաջ ունի որոշում, բայց դա անտեսում է, ասում է` չէ դա սխալ է, ես կբողոքարկեմ: Օգոստոսի 25-ին անվավեր է ճանաչվում նաեւ այս որոշումը: Դատարանը ՀՌՀ-ին նորից ասում է նույն բանը` չեք պատճառաբանում, չեք հիմնավորում»:

Նա նաեւ հիշեցրեց, որ ՀՌՀ-ի` Վերաքննիչ ատյան երկու բողոքները մերժվել են, ՀՌՀ-ն դիմել էր նաեւ Վճռաբեկ դատարան:

«Վճռաբեկն էլ ասել է` վերադարձնում եմ ձեր բողոքը, որովհետեւ չեք հիմնավորել, տալիս եմ ժամանակ, որպեսզի շտկեք ավելացնեք այն հիմքերը, որոնք այս պահին գոյություն չունեն, ես էլ ընդունեմ ու քննեմ»,-ասում է Լեւոն Սուլթանյանը: Ապա ընդգծում, որ հունիսին ՀՌՀ`Վճռաբեկ բողոքը եւս մերժվել է:

«Մենք 2022թ հունիսի 7-ի մայրաքաղաքային սփռումի վերաբերյալ արդեն ունենք երեք ատյանով հաստատված փաստ, որ ՀՌՀ-ն այդ մրցույթ արել է ապօրինի: Մրցույթը ճանաչվել է անվավեր… Որոշ ժամանակ անց իրենք իրականացնում են մայրաքաղաքային սփռման մրցույթ` արդեն այն սլոթի վերաբերյալ, որոնք վերաբերվում էին «Արմնյուզին», որը հրաժարվել էր իր լիցենզիայից: Ու որպեսզի իբր համապատասխանեցվեն դատարանի պահանջներին, մրցույթի անցկացման կարգը ՀՌՀ-ն փոխում է: Ընդ որում, նախկին կարգն ավելի լավն էր, քան նորը: Եվ եթե նախկինում գոնե հասկանալի էր դիմողի համար, թե ինքը որ չափարոշիչով է թերացել, հիմա նույնիսկ դա հասկանալի չէ»:

Հ2-ի փոխտնօրենն ի թիվս այլնի, ընդգծում է, որ այսօր ունեն դատարանի` ուժի մեջ մտած երկու որոշում. «Այդ որոշումներն ասում են, որ ՀՌՀ-ի որոշումներն ապօրինի են եղել… Հիմա էլ ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ մեր գործընկերները, որոնց լիցենզիա է տրվել, զրկվել են այդ լիցենզիայից: Այսօր փաստորեն հանրապետական ծածկույթի որեւէ մասնավոր հեռուստաալիք լիցենզիա չունի, ինչը հանձնաժողովի ապօրինի գործունեության արդյունք է»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930