Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց ավելորդ անհամեստության` հպարտանալու բաներ ունենք մեր երկրում». կցուցադրվեն քարեդարյան նմուշներ, կոշիկ ու հատիչ

Սեպտեմբեր 08,2022 14:45

Սեպտեմբերի 9-ից Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրություն՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։ Ցուցանմուշներն ընդգրկում են մեզնից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։

Ցուցահանդեսին կներկայացվի նաեւ 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է Կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ։

 

Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում՝ 500-300 հազար տարի առաջվա ձեռքի հատիչ, Ք.ա․ 6-րդ հազարամյակ թվագրվող քարե կացին, Ք.ա․ 5-րդ հազարամյակի փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի, որը լայնորեն կիրառվել է նախնադարյան մարդու կողմից՝ հատկապես թաղման ծեսում:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը ասուլիսում ընդգծեց, որ այցելուները կտեսնեն բացառիկ ցուցանմուշներ, որոնցով մեր երկիրը կարող է հպարտանալ: Հավելեց, որ ցուցադրությունն անընդհատ կփոխվի ու կթարմացվի, որպեսզի հասարակությանը հասու լինի գիտական նոր ձեռքբերումներին: Նրա ձեւակերպմամբ, այս ցուցադրությամբ թանգարանը նոր կյանք է ստանում: «Առանց ավելորդ անհամեստության մենք իսկապես հպարտանալու շատ բաներ ունենք մեր երկրում»,-ասաց նա:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով,ցուցադրությունը ներկայացվում է Հայաստանի լավագույն գիտնականների ջանքերով. «Մենք այս ընթացքում աշխատում էինք հայ գիտնականների հետ, որոնց վաստակը միջազգային մակարդակի է: Կարեւորն այն է, որ գիտական շրջանակների հետ մենք նույն մոտեցումներն ենք կիսում: Գիտությունը պետք է դառնա կրթական եւ զարգացման կարեւոր ռեսուրս: Շնորհիվ այս համագործակցության՝ նման հարթակ կարող է դառնալ նաեւ Հայաստանի պատմության թանգարանը»:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը ցուցադրության բացումը նշանակալից իրադարձություն որակեց: Ասաց, որ հատկապես վերջին տարիներին մեծ համագործակցություն կա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի եւ Հայաստանի պատմության թանգարանի միջեւ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Հայաստանի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930