Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» մամուլի ակումբում խոսեց Հայաստանի իշխանության խաղաղության ամենօրյա քարոզի եւ Ադրբեջանի՝ ամեն օր սահմանային սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին:
«Ադրբեջանի համար ավանդական է, որ լուրջ հանդիպումներից առաջ եւ հետո պարտադիր լարվածություն է ստեղծում սահմանին ու, ցանկալի է, զոհերով: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բնութագիրը՝ նրանք այդ լարվածությունը ստեղծում են, որ նա հանկարծ չփորձի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկելու պարտավորվածությունը կատարելուց խուսափել: Հիմա հարց եմ տալիս այն կեղծ լիբերալներին, որոնց հետ չորս, երկու տարի առաջ խոսում էինք ու նրանք ասում էին, թե լավ է, պատերազմից հետո խաղաղություն կգա, Աստծուն փառք, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ վերջապես սահմանին զինվորներ չեն զոհվի ու խաղաղություն կմտնի բոլորի տները: Դե, ինչ, հիմա ձեզ դուր է՞ գալիս այս խաղաղությունը: Օգոստոսից մինչեւ սեպտեմբերի 1-ը մենք ունենք վեց զոհ: Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում 3-4 անգամ կրակ է արձակել մեր դիրքերի ուղղությամբ եւ մենք ունենք վիրավորներ եւ զոհեր: Գո՞հ եք, վայելո՞ւմ եք ձեր այդ սպասված ու տենչված խաղաղությունը Ադրբեջանի հետ:
Սա դեռ սկիզբն է, որովհետեւ այն պահին, երբ Ադրբեջանը կստանա այն ամենը, ինչ իրեն խոստացել է եւ կմատուցվի, գալու է մեր բոլորի տները, ձեր տները նույնպես: Եվ ես կուզեի, որ այդ մարդկանց՝ բոլորին, զրկեն Հայաստանը լքելու հնարավորությունից, որպեսզի այդ խաղաղությունը բոլորն «ըմբոշխնեն»,- ասաց տիկին Ադիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ