Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ եղած ժամանակահատվածում փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահե Նիկոյանը և նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից ստացած ծանուցման համաձայն երեկ ներկայացել են դատախազություն: Նրանք մեկ ամսվա ընթացքում պետք է հասցնեն ծանոթանալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությանը:
«1 ամիս ժամանակ են տվել ուսումնասիրելու, կուսումնասիրեմ, իմ առարկությունները կներկայացնեմ իրենց: Կարծում եմ՝ հասկանալի կլինեն առարկություններս»,- Aravot.am-ին ասաց նախկին փոխքաղաքապետը:
Մեր հարցին՝ ձեզ համար պա՞րզ է՝ Ձեր որ գույքն է կասկածվում ապօրինի ծագում ունենալու մեջ, պատասխանեց. «Շատ մեծ նյութի մասին է խոսքը, եթե չեմ սխալվում 1999 թվականից է ուսումնասիրություն արվել: Կուսումնասիրեմ, կհասկանամ՝ 1999 թվականից մինչեւ այսօր ինչ եմ արել, ժամանակ է պետք: Կուսումնասիրեմ, հարցեր չեն մնա»:
Նախկին փոխքաղաքապետը մեկ այլ քրեական գործով է անցնում ՝պաշտոնավարման տարիներին չարաշահումներ, փաստաթղթերի կեղծիքներ թույլ տալու մեղադրանքով: Նա իրեն մեղսագրվող այդ արարքներն էլ չի ընդունում: Բայց դեռ չի շտապում մեղադրանքի մասին խոսել՝ պնդելով, թե նախաքննությունը կավարտվի, ինքն իր ասելիքը կասի:
Կարդացեք նաև
Թե ինչու է հայտնվել իրավապահների տեսադաշտում, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց. «Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննություն է գնում, որտեղ ներգրավված եմ որպես մեղադրյալ, ենթադրում եմ, որ բոլոր մեղադրյալների մասով էլ միանգամից զուգահեռ ապօրինի գույքի ուսումնասիրություն են անում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ