Կառավարության որոշմամբ 693,714.6 հազ. դրամ կհատկացվի Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ հիմնավորման՝ 2022 թ.-ին քննարկվել և հավանության է արժանացել 291 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է: «Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը և վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մի մասն ավարտական փուլում են: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում»,-ասել է նախարարը: Գնել Սանոսյանը հավելել է նաև, որ այս որոշումն էլ ներառյալ՝ ստացվում է, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար: Նախարարը տեղեկացրել է նաև, որ նախնական 2023 թվականի համար 112 մլրդ դրամի հայտ է ներկայացվել. թիվը կարող է փոխվել նախագծերը կազմելուն զուգընթաց:
Փոխվարչաապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է այսօրվա որոշմամբ հատկացվող գումարի շրջանակում իրականացված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ հետիոտնային ճանապարհի սալարկման աշխատանքներ, Լոռու մարզի Դսեղ համայնքի մանկապարտեզի ճանապարհն է կառուցվել, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվել է կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոն, Սյունիքի մարզի Գորայք համայնքում վերանորոգվել են «Ծաղկունք», «Սպիտակ տուն» ջրաղբյուրների ջրհավաք ավազանները, մասնակի վերանորոգվել են բնակավայրերը սնող խմելու ջրի ջրագծեր և այլն:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ