«Ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է։ Եվ, այո, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Աշտարակում ակադեմիական քաղաքի ստեղծման եւ բուհերի թվի կրճատման եւ միավորման գաղափարին։
Դումանյանը վստահեցրեց՝ չեն լինելու մեխանիկական միավորումներ․ «Լինելու է որակի, բովանդակային հստակ մոտեցում։ Ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետեւ գաղափարի ամենակարեւոր հիմքն է՝ ունենալ մրցունակ եւ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, բուհական գիտական միջավայր, ինչը լիովին հնարավոր է իրականացնել Աշտարակի այն տարածքում, որի մասին հայտարարվել է։ Կլինեն որոշակի տարբերակված մոտեցումներ՝ ելնելով իրավիճակից»։
Անդրադառնալով ԵՊՀ-ին՝ նախարարն ասաց՝ ԵՊՀ-ի շենքը կմնա համալսարանի շենք։ Հարցին՝ այդտեղ դասապրոցես կկազմակերպվի՞, թե՞ ոչ, Դումանյանը պատասխանեց․ «Ուրեմն՝ կմնա շենք, դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ կորպուս կլինի, թե էքսպերիմենտալ․․․»։
Լուրերը, թե պետհամալսարանի շենքը վաճառվելու է եւ այն դառնալու է հյուրանոց, նախարարը հերքեց․ «Ախր նման քննարկում չի եղել, որոշ մարդկանց հիվանդ երեւակայության արդյունք է եղել դա, եւ նման բան ես ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել։ Սրանից անլուրջ միտք հնարավոր չէ պատկերացնել մեր կրթական դաշտում։ Արժանի չեմ համարում, որպեսզի կառավարության շենքում նման անմիտ մտքեր քննարկենք»։
Կարդացեք նաև
Նախարարը չբացառեց, որ այն բուհերը, որոնք կտեղափոխվեն այլ վայր, ենթադրվում է՝ ակադեմիական քաղաք, դրանց շենքերը կվաճառվեն։ Օրինակ` Մանկավարժական համալսարանի շենքի մասին նախարարն ասաց․ «Այդ շենքը չի կարող դատարկ շենք մնալ, որպես թանգարան։ Կարող է պետությունը դա օգտագործի, ամեն ինչ կարող է լինել, կարող է օտարում լինի»։
ԵՊՀ շենքային պայմանների մասին էլ Դումանյանն ասաց՝ ԵՊՀ-ն շատ վաղուց չի համապատասխանում որեւէ չափանիշի՝ ո՛չ լսարանների քանակով, ո՛չ սանհանգույցների որակով, ո՛չ լսարանների հագեցվածությամբ․ «Եվ դա նոր չէ, սա վաղուց է հայտնի։ Այնքան ուսանող, որքան այսօր ունի ԵՊՀ-ն, իր զբաղեցրած տարածքով ոչ մի նորմատիվի չի դիմանում»։
Լրագրողների դիտարկմանը՝ առաջարկում եք դատարկել ԵՊՀ-ն, նախարարն ասաց՝ ոչ․ «Ոչ ԵՊՀ-ն խնդիր ունի, ոչ էլ բժշկական համալսարանը, դրանք կմնան որպես բուհեր»։ Նա ասաց, որ օրինակ ԵՊՀ-ի տարածքը կարելի է ընդլայնել, եւ ոչ պարտադիր ԵՊՀ-ի ներկայիս տեղակայման վայրում։
Նա ասաց, որ հնարավոր է՝ մի բուհի մի մասը անցնի նորաստեղծ բուհի որեւէ մասին, մյուս մասը ՝ այլ բուհի, քանի որ այսօր շատ բուհերում մասնագիտություններն ու կրթական ծրագրերը կրկնվում են։
Թե ինչպես են միջազգային չափանիշներին համապատասխան ակադեմիական քաղաք ստեղծելու, եթե կրթության որակն այսօր շատ ցածր է, նախարարն ասաց․ «Ես չէի ասի, որ կրթական որակը լավը չի, որովհետեւ մեր բուհական մասնագիտությունների գծով, հանրակրթական հաստատություններում ունենք բավական բարձր մակարդակ։ Առանձին վերցրած որոշ մասնագիտությունների գծով ունենք միջազգային ստանդարտին համապատասխան վերջնարդյունք։ Սրա ապացույցները կան միջազգային տարբեր վարկանիշային եւ պաշտոնական կայքերում, բայց իհարկե ես չեմ կարող չհամաձայնել, որ մենք ունենք բազում լրջագույն խնդիրներ։ Պետք է ձեւավորել միջավայր, պետության գործառույթը․․․կառավարությունը չի գնալու դասավանդելու բուհերում։ Կառավարության դերը որակական ստանդարտների ապահովումն է։ Այսինքն, ընդունել չափանիշներ, որոնք համապատասխան են միջազգայինին եւ հետեւողականորեն հետեւել դրանց իրագործմանը»։
Ինչ վերաբերում է միավորվող բուհերի քանակին, որն ըստ նախնական գնահատականի, 8-ն է, ապա նախարարն ասաց, որ պարտադիր չէ, որ հենց 8- ը լինեն, նախատեսվում է մինչեւ 8 բուհ։
Բուհերն Աշտարակ տեղափոխելու դեպքում ինչպե՞ս է լուծվելու ուսանողների եւ դասախոսների տրանսպորտի հարցը, նախարարն ասաց․ «Այդ գնալ-գալը պետք է լինի շատ հարմարավետ։ Այնքան հարմարավետ, որ որեւէ մեկին ավելի ձեռնտու չլինի մեքենան վարի, գնա հասնի այնտեղ։ Ենթադրենք արագընթաց գնացք․․․հիմա Երեւանից Սեւան գնացք ունենք, ի՞նչ է պատահել, Երեւանից Աշտարակ գնացք․․․ի՞նչ խնդիր կա,այն էլ արագընթաց։ Ակադեմիական քաղաքը նման բաներ է ենթադրում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ