Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, երբ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում են զորքերը դուրս բերել Շուշիի, Հադրութի, նախկին ԼՂԻՄ-ի բռնազավթված մյուս տարածքներից, ՀՀ-ի եւ Արցախի իշխանություններն ապազգային դիրքորոշում են որդեգրել. Գևորգ Բրուտենց. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 08,2022 12:36

Մտայնությունը, թե զիջումները կզսպեն Ադրբեջանի նախահարձակ վարքագիծը, խոր մոլորություն է: Զիջումները միայն ավելի են բորբոքում Բաքվի հարձակողական ջիղը, իսկ Հայաստանին դարձնում ավելի թույլ եւ խոցելի: Հետպատերազմական մոտ երկու տարվա փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ զիջումներից հետո Ադրբեջանը միշտ նոր պահանջներ է ներկայացնում, որպես կանոն, ստանալով ավագ «եղբոր»՝ Թուրքիայի համակողմանի աջակցությունը: Թուրքիան չի թաքցնում, որ Հայաստանին եւ նրա հետ իր հարաբերություններին առնչվող ցանկացած հարց համաձայնեցնում է Ադրբեջանի հետ:

Միաժամանակ այդ երկիրը միջամուխ է լինում եւ սատարում է բոլոր այն պահանջների ու պայմանների իրագործմանը, որոնք Ադրբեջանը ներկայացնում է ՀՀ-ին, եւ ամեն անգամ հորդորում մեր իշխանություններին դրական արձագանքել Ադրբեջանի «կառուցողական նախաձեռնություններին»: Այդ պահանջները մի դեպքում վերաբերում են «Զանգեզուրի միջանցքի» բացման ադրբեջանական տարբերակին, մյուս դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատման կամ սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին:

Հայաստանի համար ամենացավոտ եւ զգայուն հարցը ներկա դրությամբ «միջանցքների» թեմայով հակառակորդի շահարկումներն են, եթե չասենք՝ ճնշումները: Իլհամ Ալիեւը ամենասկզբից հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա ճիշտ նույն կարգավիճակը, ինչպիսին Լաչինի միջանցքն է: Դա, ըստ երեւույթին, ադրբեջանական կողմին չհաջողվեց իրականացնել, քանզի 2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության մեջ չկա նման կետ: «Միջանցքային» տրամաբանության շրջանակում արձանագրված միակ դրույթը վերաբերում է Լաչինի (Բերձոր) գործող միջանցքով նոր երթուղու կառուցմանը:

Դա վերը հիշատակված Հայտարարության 6-րդ կետն է, որում մասնավորաբար նշված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ-Գ.Բ.), որն ապահովելու է ԼՂ-ի կապը Հայաստանի հետ՝ ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով (по Лачинскому коридору-Գ.Լ.) նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Հայտարարության մեջ ամրագրված այս պայմանավորվածությունից բխում է, որ՝ ա/ երեք տարվա ընթացքում կողմերի միջեւ պետք է, ուշադրություն դարձրեք, համաձայնեցվի նոր երթուղու կառուցման նախագիծը, այլ ոչ թե հապճեպ կառուցվի այն, ինչպես վարվեց ադրբեջանական կողմը իր տարածքում, եւ բ/ երթուղին պետք է լինի Լաչինի միջանցքի տրամաբանության տիրույթում, այլ ոչ թե դրա «երկայնքով», ինչպես թյուրիմացաբար կամ դիտավորյալ նշված է Հայտարարության հայերեն թարգմանության տարբերակում:

Սույն ակնհայտ տարընթերցումները, բնականաբար, մի շարք հարցերի տեղիք են տալիս: Օրինակ՝ ա/ Հայաստանը տվե՞լ է արդյոք իր համաձայնությունը, որ Լաչինի միջանցքին փոխարինի Կոռնիձորի նոր միջանցքը: Ի դեպ, այն ուղղակի ճանապարհ է եւ, փաստացի, չունի միջանցքի պարամետրերը, բ/ հայկական կողմից ո՞վ եւ ի՞նչ հիմքով է տվել նման համաձայնություն, եւ ինչո՞ւ է այն հակասում ռուսերեն ձեւակերպմանը, գ/ ինչպե՞ս է ապահովվելու ՀՀ-ից դեպի Արցախ Լաչինի միջանցքով անցնող կապուղիների՝ գազամուղ, էլեկտրաէներգիա, համացանց եւ այլն, անխափան աշխատանքը, եթե Լաչինի միջանցքը հանձնվում է Ադրբեջանին: Հարցերը շատ են, իսկ պարզաբանումները՝ զրո:

Թափանցիկության բացակայությունն ու չպարզաբանված հարցերը թույլ են տալիս մտածել, որ գործարքն իր մեջ «մութ անկյուններ» ունի: Դրանցից մեկն էլ Հայաստանի ու Արցախի իշխանությունների լուռ համաձայնությամբ եւ, որքան էլ տարօրինակ հնչի, նրանց գործուն աջակցությամբ Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի հանձնման գործողությունն էր, որի իրականացումն ավարտվեց օգոստոսի 25-ին: Լաչինի միջանցքի հայկական բնակավայրերի խաղաղ հայաթափումը, փորձագետ դիտորդների մեկնությամբ, որեւէ իրավական հիմք չուներ եւ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում էր:

Իշխանությունների վարքագիծը, մեղմ ասած, համարժեք չէ աշխարհաքաղաքական առկա զարգացումների ոգուն, չնայած դրանից արդեն պետք չէ զարմանալ: Այսօր, երբ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում են զորքերը դուրս բերել Շուշիի, Հադրութի, նախկին ԼՂԻՄ-ի բռնազավթած մյուս տարածքներից ու համաձայնել անվտանգության նախկին գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկին, ՀՀ-ի եւ Արցախի իշխանություններն ապազգային դիրքորոշում են որդեգրել:

Պատմության մեջ սա, թերեւս, առաջին դեպքն է, որ հայրենի իշխանությունների կողմից հայեր են տեղահանվում:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 30-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930