Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում եւ համաձայնության են գալիս միմյանց հետ. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 08,2022 12:25

Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակներն այլեւս ավարտվել են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք, շատերը կհիշեն, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնական թեզը կոմպլեմենտարությունն էր՝ միաժամանակյա բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ: Ավելին՝ չնայած Իրանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներին, մեզ հաջողվում էր դարավոր հարեւանի հետ եւս պահպանել հնարավորինս լավ հարաբերություններ:

Այժմ իրավիճակը փոխվել է: Արեւմուտքը բոլորից պահանջում է հստակ ընտրություն կատարել. կամ Ռուսաստանի հետ ես, կամ Ռուսաստանի դեմ։ Մի կողմի հետ տված խաղերի համար մյուս կողմի պատիժը չի ուշանա, եւ ընդհակառակը:

Դիվանագիտական առումով՝ Թուրքիան կարողացել է լարախաղացի ճշգրտությամբ մանեւրել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ՝ միջնորդ դառնալով կամ, ավելի ստույգ, այդպիսին ձեւանալով ռուս-ուկրաինական հակամարտությունում: Թուրքիա ասելով՝ պետք է հասկանանք նաեւ Ադրբեջան։ Հիմա ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջան զույգի հետ առճակատման չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստեղնային ժամն է, որից պետք է օգտվի առավելագույնս, ինչը տեսնում ենք Արցախում Ադրբեջանի լպիրշ ու հանդուգն պահվածքում։

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում եւ համաձայնության են գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է՝ լինի միջպետական հարաբերություններում, թե անհատական մակարդակում։ Հայաստանը միաժամանակ ներազգային տրոհումների մեջ է, չունի դիվանագիտություն, տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության քարոզչություն է տանում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝ նույնպես։

2023-ի հունիսի 8-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ են, եւ այդ երկիրն արդեն ընկղմվել է ընտրական պառակտումների հորձանուտը: Եթե վերընտրվի Էրդողանը, Թուրքիան բազմաթիվ խնդիրների բերումով առճակատման մեջ է մտնելու Արեւմուտքի հետ: Արեւմտամետ գործչի ընտրվելու դեպքում սրվելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչն անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու Արցախի խնդիրների վրա: Մի խոսքով՝ աշխարհաքաղաքական վիճակը փոփոխական է, եւ մեզ մնում է պատրաստ լինել ցանկացած զարգացման, ճիշտ կողմնորոշվել եւ կարողանալ դուրս գալ թույլ օղակից

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 30-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930