Մեր սպառողական նվազագույն զամբյուղն անընդհատ ավելի շատ ծախս է պահանջում։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022 թ. օգոստոսը 2021-ի օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1 տոկոս։ Դարձյալ ըստ նույն մարմնի տվյալների` 2022 թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը 0.4 տոկոս էր։ Եթե համեմատենք այս տարվա օգոստոսին արձանագրված սննդամթերքի գնաճը նախորդ տարվա օգոստոսի հետ, ապա թիվը 12.5 տոկոս է։
Քաղաքացիները պարբերաբար ստիպված են լինում ձգել իրենց գոտիները՝ սպառողական նվազագույն զամբյուղից առանձին ապրանքներ պակասեցնելով, որոշները՝ ընդհանրապես բացառելով։ Եվ ամեն գնաճի ալիքին զուգահեռ ուշադրություն ենք դարձնում սոցիալապես անապահով, խոցելի խավի խնդիրներին, այս խավի հանդեպ պետության կողմից ձեռնարկվող քայլերին, դրանց արդյունավետությանն ու հակառակը։ Բայց կա մի հատված, որի խնդիրներից չենք խոսում՝ համառորեն չնկատելով, որ այս հատվածի ներկայացուցիչները լրացնելու են անապահով խավի թիվը։ Խոսքն այն խավի մասին է, որ սոցիալապես անապահով չի համարվում, բայցեւ՝ հարուստ խավ էլ չէ։ «Միջին խավ» չենք կոչում, քանզի միջին խավին բնորոշ եկամուտների տիրույթում չէ։ Այսինքն` սա այն խավն է, որ խոցելի չի համարվում, քանզի սահմանված փաստաթղթավորման ու բալային համակարգում չի ներառվում, քանզի ունի աշխատատեղ եւ երեւացող եկամուտ, բայց միջին խավին բնորոշ ոչ մի ծառայություն իրեն թույլ տալ չի կարող՝ հանգստի, առողջապահական, մարզական, արվեստի եւն։ Սա այն խավն է, որ տարիներով ապրում է իր «աշխատավարձ» կոչվող եկամտով եւ բանկերից շարունակաբար վերցվող սպառողական վարկատեսակներով։ Եվ այդ վարկերն էլ վերցնում է ոչ թե մեծ ծախսեր հոգալու, երկարատեւ հանգիստ կազմակերպելու, բնակարանային պայմանները բարելավելու, այլ՝ ընթացիկ, ամենօրյա ծախսեր հոգալու համար։ Այս խավն ապրում է «վարկով վարկ» տարբերակով։
Հետեւաբար՝ պետության խնդիրն է սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որ խոցելի խավի շարքերը գոնե չհամալրվեն, իսկ նշածս խավին տեղաշարժի հնարավորություն տան՝ դեպի միջին խավ ուղղելով։ Իսկ որպեսզի այսպիսի քաղաքականություն վարվի, նախ պետք է նպատակային արդյունավետության համակարգային քայլերի խումբ մշակվի։ Եվ կրկին գալիս ենք անհրաժեշտ հիմնային կետին՝ պետք է ունենանք տնտեսական փաստացի, ոչ թե անվանական աճ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: