2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանից հետաքրքրվեցինք, թե որն է դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու նպատակը, եւ ինչ օրակարգով է այն անցկացվելու։
«Նպատակը գնահատման հանձնաժողովի անդամների ընտրվելն է, որովհետեւ գնահատման հանձնաժողովի անդամներից մեկը դատարանի նախագահ է նշանակվել, իսկ մյուսը, որը դատավոր անդամ էր ընտրված, նա էլ դատավոր է դարձել, ու մենք պետք է նոր անդամներ ընտրենք, քանի որ իրենք պաշտոնի բերումով այլեւս իրավասու չեն աշխատելու այդ հանձնաժողովում։ Նաեւ դեպարտամենտի տարեկան հաշվետվությունը կարող է քննարկվել»,- ասաց Չիչոյանը, ում այլ հարցեր եւս ուղղեցինք։
– Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այն օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որ ԲԴԽ որոշումների բողոքարկումը տեղի է ունենալու դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, ինչից շատ են դժգոհում փաստաբաններն ու դատավորները։
– Դա ընդամենը օրենսդրական նախաձեռնություն է, առաջարկ է, ԲԴԽ-ն քննարկել է, մենք որոշակի կետերի հետ կապված առարկություններն ուղարկել ենք արդարադատության նախարարություն, էս պահին մեկնաբանել չեմ կարող, որովհետեւ դեռ ընդունված չէ, դեռեւս նախագծի տեսքով է, որն արդարադատության նախարարությունն է ներկայացրել։ Վենետիկի հանձնաժողովի կողմից էլ ասվել է, որ խորհրդի որոշումն ինչ-որ մի տեղ պետք է բողոքարկվի, հիմա բողոքարկման ընթացակարգ են նախատեսում։
Կարդացեք նաև
– Իսկ ԲԴԽ-ում այս պահին քանի՞ դատավորի նկատմամբ հարուցված վարույթ կա։
– Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, կարծեմ՝ 3-4։ Ուղարկել են, մենք մի անգամ նիստ ենք արել՝ նիստը չի կայացել դատավորների՝ արձակուրդում լինելու պատճառով, հետաձգվել է, սեպտեմբերի կեսերից հետո կշարունակվեն քննությունները։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: