Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան․ «Ես տեսնում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վարչական ռեսուրսի կրկնապատիկ օգտագործում, քան մինչ այդ տեսել եմ նախորդ ընտրություններում»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2022 10:19

«Ազգային ժողովն այդքան ցածր վարկանիշ երբեք չի ունեցել իր պատմության մեջ։ Ես զարմանում եմ` այդ մարդիկ հասկանո՞ւմ են, որ դա իրենց պատասխանատվությունն է, որ մարդիկ այդ աստիճան լսել ու հարաբերվել Ազգային ժողովի հետ չեն ցանկանում։ Խորհրդարանական երկրում սա աղետ է։ Եվ իմ տեսած այդ 20 քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ քաղաքացիներին ընտրություն չունենալու, այդ սեւի-սպիտակի, ատելության եւ անմեղսունակության միջեւ ընտրություն չկարողանալ անելու այդ ցցուն օրինակն ինձ ապացուցեց, որ Հայաստանում լուրջ անելիք ունենք, որ Հայաստանում չի մահացել քաղաքական միտքը, որ նվիրյալները չեն վերացել, չեն կորել մարդիկ, ովքեր ունակ են, կարող են եւ նվիրված են իրենց երկրին: Կան, նրանք շատ են, քան երեւում են»,- նշեց «Ապրելու երկիր»-ի նախագահ Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանն ասում է, որ իրենք շատ արագ պետք է հավաքեն քաղաքական այդ թիմը, նոր շունչ բերեն Հայաստանի քաղաքական դաշտ, ներգրավեն մարդկանց, ովքեր խնդիրները լիարժեք հասկանում են, մարտահրավերներից չեն փախչում, պատրաստ են դիմակայել ու ստեղծել թիմ, խոսել ամեն ինչի մասին ու բոլորի հետ բաց՝ առանց պաթոսի։

«Եթե մենք խելքի չգանք, մենք պետություն ենք կորցնում՝ սա պարզ է։ Մենք պիտի խելքի գանք, այդ դասերը պիտի քաղենք»։ Նա շեշտում է, որ մեզ մոտ չկա իրողությունների հստակ գիտակցում՝ քննարկման թեմաները չեն փոխվել՝ նույնն են, ինչ պատերազմից առաջ։ Իսկ մեր խնդիրների արմատները Թանդիլյանը տեսնում է երեսուն տարվա կտրվածքով, թերություններից ամենամեծը հասարակության հետ աշխատանքում բոլոր իշխանությունների ձախողումն է համարում եւ այն, որ հասարակությանը զարգանալու հնարավորություն չի տրվել։

«Մենք թմբիրի մեջ՝ այսպես ինքնախաբեությամբ, թե մենք ամենալավն ենք, ամենամարտունակն ենք, ամենակարողունակն ենք… որովհետեւ իշխանությունը պետք է ցույց տար դա, ոչ թե որ թալանվել է երկիրը, դատարկվել է, հուսախաբ է եղել մեր հանրությունը»,- հայտարարեց նախկին սոցապնախարարը։

Ինչ վերաբերում է այս իշխանությունների թույլ տված աններելի սխալներին, Թանդիլյանը նշում է․ «Թվում է, թե ժողովրդավարական ընտրություններ են՝ ես տեսնում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վարչական ռեսուրսի կրկնապատիկ օգտագործում, քան մինչ այդ տեսել եմ նախորդ ընտրություններում։ Այսինքն, որտեղ ունեն կարողություն՝ վարչական ռեսուրսի մասին եմ խոսում՝ ահաբեկելու, մեր ցուցակից մարդկանց վախեցնելով հանելու… ինչո՞ւ, որովհետեւ հասկանում են, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն այն ուժն է, որ նախկին չէ, ներկա չէ, ապագայի իշխանություն է»։

Նրան հասկանալի են իշխանությունների վախերը, սակայն պահվածքն անընդունելի է համարում։ Իրենք Ռուբեն Վարդանյանի հետ ստեղծել են ու կառուցելու են իրական քաղաքական հակակշիռ հանդիսացող ուժ, որն իրական փոփոխությունների ու աշխատանքի է պատրաստ։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930