Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սրապիոնյան․ «Այն, ինչ անում եմ լսարանից դուրս, իմ անձնական, քաղաքացիական խղճի խնդիրն է․ «Փաստ»

Սեպտեմբեր 08,2022 09:30

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանին օրերս ֆակուլտետի դեկանն է ասել, թե ռեկտորը մտադրություն չունի իր հետ աշխատանքային պայմանագիր կնքելու:

«Այդ խոսակցությանը դեկանը և ամբիոնի վարիչն են ներկա եղել: Դեկանը պնդել է, որ պետք է մնամ, որովհետև նախ՝ իմ վարկանիշը բարձր է, բացի դա, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության պատմությունը ներկայացնող մասնագետ չունենք: Նույնը պնդել է նաև ամբիոնի վարիչը, և ռեկտորը, կարծեք թե, լավություն անելու կարգով գնացել է զիջման՝ ասելով՝ «թող չխոսի, եթե խոսում էլ է, անուններ չտա»: Այս զրույցն ինձ փոխանցեց դեկանը, նրանց կողմից որևէ պարտադրանք չի եղել: Նշել եմ՝ չեմ կարող լռել, երբ քանդում են կրթական համակարգը, իրենք են պատասխանատու, անուններ չտալ չեմ կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Հետո նրան տեղեկացրել են, որ իր ժամերը պետք է պարապի, նշում է՝ դա ընդամենը քառորդ դրույք է, որի աշխատավարձը մինչև 50 հազար է: «Շարունակելու եմ նույն ձևով խոսել, համակարգված մոտեցում կա բուհական ամբողջ համակարգը քայքայելու: Պատահական չեն Ռ. Մելիքյանի, Է. Ղազարյանի, Ռ. Մելքոնյանի դեպքերը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր այս իշխանությունների հայակործան քաղաքականության դեմ են խոսում, հալածվում են: Մեկ բուհում չէ, որ նման պատկեր է: ԵՊՀ ռեկտորը պարզ կատարող է, սպասում է՝ ինչ կհրահանգեն իրեն, կանի: Տարուց ավելի է՝ ռեկտոր է, համալսարանում որևէ դրական փոփոխություն չի արվել, դասախոսների աշխատավարձերը պարզապես վիրավորական են, իրենն՝ օլիգարխի»,-նշում է մեր զրուցակիցը:

Դասավանդման երկարամյա փորձ ունեցող դասախոսը կարո՞ղ էր պատկերացնել, որ մեկ օր հնարավոր է՝ դուրս մնա համալսարանից քաղաքացիական դիրքորոշման համար: «Համարում են, որ նախկին ենք, մեզանից պիտի ազատվեն: Աշխատավարձով լռեցնել մարդկանց, որոնք սկզբունքորեն են այդպես մտածում, անհեթեթություն է, որևէ մեկը նման զիջումների չի գնա: Այս մասնագետներն ունեն բարձր վարկանիշ, լսարանում քաղաքականությամբ չեն զբաղվում: Անհատականությունների հետ չի կարելի վերաբերվել հրապարակում հավաքված միջինից ցածր մտածող ամբոխի նման: Իմ բոլոր ժամանակների ուսանողներից թող փորձեն ճշտել՝ իշխանությունների կամ քաղաքականության մասին որևէ բառ ասած կա՞մ: Իմ պարտականությունը լսարանում գիտելիքներ փոխանցելն է:

Այն, ինչ անում եմ լսարանից դուրս, իմ անձնական, քաղաքացիական խղճի խնդիրն է: Բումերանգի հարված են ստանալու, մարդիկ, որոնց անունները նշեցի, համակրանք ունեն, եթե լսարան չմտնեն, վաղը համալսարանն է գլխացավանք ունենալու: Կարծում են՝ իրենց ամեն ինչ կարելի է: Քննադատել եմ նաև նախկին իշխանությունների քաղաքականությունը, օրինակ՝ երբ ՀՀ 3-րդ նախագահը դարձավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայտարարեցի՝ համալսարանը գնում է կառավարության քմահաճույքների տակ: Դրա համար որևէ մեկն ինձ անգամ ստորակետի չափ կշտամբանքի միտք չասաց: Իսկ այս մարդիկ քաղաքական հալածանքներ են սկսել մեր դեմ, կգա ժամանակ, երբ պատասխան կտան»։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930