Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շեշտակի հարված «արեւմտամետներին»

Սեպտեմբեր 08,2022 10:00

Երբ Հայաստանի ներկայիս իշխանության «արեւմտամետ» երկրպագուները պնդում են, որ Հայաստանը թոթափում է «ռուսական լուծը», որ Շարլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նշանակում են, թե մենք դիվանագիտական ոլորտում աննախադեպ ինքնուրույնություն ենք դրսեւորում, եւ, ընդհանրապես, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը Հայաստանը ԱՄՆ-ից զենք է գնելու, հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ նկատի ունեն: Հակված եմ ենթադրելու, որ այս մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենց այդ դատողությունները հեռու են իրականությունից, եւ նրանց նպատակը զուտ ներքաղաքական քարոզչությունն է՝ մի երկու «մուշտի» տալ խորհրդարանական ընդդիմությանը, որն, իրենց ներկայացմամբ, Ռուսաստանի «հինգերորդ շարասյունն է», որը Պուտինի հրահանգով ցանկանում է տապալել մեր պանծալի իշխանությանը:

Եթե որեւէ չնախապաշարված մարդ լսեր Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պուտինի եւ Ռուսաստանի հասցեին բազմաթիվ շնորհակալություններով եւ հաճոյախոսություններով, ապա, կարծում եմ, նրա մոտ կասկած չէր առաջանա, թե ով է Հայաստանում «թիվ մեկ պուտինիստը»: Բացի ռեւերանսներից, վարչապետն արեց եւս մի քանի կարեւոր շեշտադրում. «Հույս ունենք, – ասաց նա. – ՌԴ աջակցությամբ հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ»: Այսինքն՝ Հայաստանի ղեկավարը փաստացի ընդունում է, որ Թուրքիայի հետ չկա ուղիղ երկխոսություն, քանի որ մեր երկիրը դրա համար չունի բավականաչափ ինքնուրույնություն:

Հետաքրքիր էր Հայաստանի ղեկավարի՝ ԵԱՏՄ-ի հասցեին հաճոյախոսությունը. «Այն տնտեսական աճը, որը ներկայումս սպասվում է Հայաստանում, պայմանավորված է այն ազատություններով, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը»: Հիշեցնեմ, որ Փաշինյանի «արեւմտամետ» քարոզիչներն այդ միության մասին խոսում են գրեթե հայհոյանքով:

Վերջապես, անդրադառնանք վարչապետի ելույթի հիմնական արձանագրմանը, ըստ որի, Ռուսաստանը առանցքային գործոն է տարածաշրջանում անվտանգության համար: Ես դրա հետ լիովին համաձայն եմ՝ ուրիշ հարց, ես չէի ուզենա, որ այդպես լիներ: Բայց իշխանության վերոհիշյալ կողմնակիցները, կարծում եմ, դրա հետ համաձայն չեն:

Իհարկե, շատ լավ կլիներ, որ Արցախում ռուսական զորքի անհրաժեշտություն չլիներ, եւ մենք կարողանայինք ինքներս ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը: Շատ ցանկալի կլիներ, որ Թուրքիայի հետ երկխոսությունը մենք կարողանայիք վարել առանց միջնորդների: Հրաշալի կլիներ, որ մենք Ռուսաստանից այսչափ կախված չլինեինք: Բայց իրողությունները շատ ավելի դաժան են, քան մեր ցանկությունները, եւ Հայաստանի իշխանությունը ստիպված է հաշվի նստել այդ իրողությունների հետ, որոնք ստեղծվել են նաեւ այդ նույն իշխանության մեղքով:

Չեմ հասկանում միայն, թե որն է իմաստը ներքին քարոզչության կամ որեւէ այլ նպատակով հերքել այդ իրողությունները եւ խոսել ինչ-որ ֆանտաստիկ հեռանկարների մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Nimar says:

    Թուրքիայի հետ ուղիղ երկխոսությունը հնարավոր է այնքանով, որքանով դա բխում է Թուրքիայի շահերից։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել։ Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան Անդրկովկասում այնպիսի անելանելի դրության մեջ կհայտնվի, որ ստիպված լինի համառորեն երկխոսություն փնտրել մեր երկրի հետ։ Արդյո՞ք նա դրա կարիքն ունի:
    Իսկ մեր իրավիճակում ո՞ւմ է պետք երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը։
    Հենց ինչ-որ մեկը ինչ-որ բանի նկատմամբ հստակ հետաքրքրություն է ցուցաբերում, սա ցույց է տալիս նրա թույլ կողմը և կօգտագործվի նրա դեմ որպես խայծ։ Եվ կյանքում, և բիզնեսում, և քաղաքականության մեջ այս սկզբունքը գործում է անթերի։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ունենք պետության ղեկավար, որ հարցեր լուծելու իր կրեդոն (հավատամքը) ձևակերպել է այսպես. «Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի: Պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել» (https://infocom.am/hy/Article/56790): Հենց այս գավառական մտածողությամբ ու վարքուբարքով էլ նա առաջնորդվել է և՛ որպես լրագրող, և՛ որպես ընդդիմադիր: Նույնն անում է և հիմա՝ որպես երկրի ղեկավար: Սակայն ամենահուսահատեցնողը նրան՝ որպես խառնակիչ լրագրող ու ընդդիմադիր հետևած ու որպես պետության գավառամիտ ղեկավար վստահող մեր բազմահազար հայրենակիցների առկայությունն է:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Նիկոլի էությունը հասկանալու համար պետք չէ լսել նրա անգրագետ ելույթները հեռավոր արեւելքում կամ մերձավոր մեջլիսում: Գերագույն գլխավոր թրքահպատակին թվում է, թե իր գեղցիական շուստրիությամբ, զզվելի հաճոյախոսություններով ու ԵԱՏՄ-ի ծիծաղելի գովքով կարող է խաբել Պուտինին: Պատկերացնում եմ, թե ինչպիսի հոմերական քրքիջ կլիներ դահլիճում, եթե էդ ռուսատյաց մանր ժուլիկին հիշեցնեին իր իսկ խոսքերը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ա­նե­լիք չու­նի, այդ ան­դա­մակ­ցու­թյու­նը լր­ջա­գույն սպառ­նա­լիք­ է Հա­յաս­տա­նի հա­մար, ԵԱՏՄ անդամ երկրները ավտորիտար են, իսկ ապ­րի­լյան պա­տե­րազմն էլ հրահր­ված էր Ռու­սաս­տա­նի եւ անձամբ Լադիմիր Լադիմիրովիչի կողմից… 🙂

  4. Սարգիս Զեյթունյան says:

    Ունենք պետության ղեկավար, որ հարցեր լուծելու իր կրեդոն (հավատամք) ձևակերպել է այսպես. «Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել» (https://infocom.am/hy/Article/56790): Հենց այս գավառական մտածողությամբ ու վարքուբարքով էլ նա առաջնորդվել է և՛ որպես լրագրող, և՛ որպես ընդդիմադիր: Նույնն անում է և հիմա՝ որպես երկրի ղեկավար: Իսկ ամենահուսահատեցնողը նրան՝ որպես խառնակիչ լրագրող ու ընդդիմադիր հետևած ու որպես պետության գավառամիտ ղեկավար վստահող մեր հայրենակիցների թիվն է:

  5. Aha says:

    ”Չեմ հասկանում միայն, թե որն է իմաստը ներքին քարոզչության կամ որեւէ այլ նպատակով հերքել այդ իրողությունները եւ խոսել ինչ-որ ֆանտաստիկ հեռանկարների մասին”

    Two reasons:
    1) Fantastic promises work very well in the PR world which is crucial in politics,
    2) Money talks. In other words if India, Indonesia, or Burundi payed better than Western countries, then we would have an army of news outlets, political analysts, security experts, and human rights defenders that would be staunchly pro-Indian, pro-Indonesian, or pro-Burundian 😉

  6. Լավատես says:

    Իսկական զգացմունքներն ու հարաբերությունները փոխադարձ են լինում, ասացվածք կա’ ինչպես կույրն է նայում աստծուն, այնպես էլ աստված է նայում կույրին, հոգեւոր կույրին է վերաբերում, աթեիստների համար մեխանիկայի երրորդ օրենքը’ ինչքան երկրագունդն է ձգում մարդուն, այնքան էլ մարդն է ձգում երկրագնդին, չնայած մանկամիտները կարծում են, որ երկրագունդը եթե շատ անգամ ծանր է մարդուց, ուրեմն շատ անգամ էլ ուժեղ է ձգում մարդուն, քան մարդը նրան: Նման մանկամտություն կա նաեւ մեր -մետերի’ արեւմտամետերի, հյուսիսամետերի եւ այլ նման տիպի -մետերի մոտ, նրանք պետք է հասկանան, որ ինչքան էլ արեւմուտքը կամ հյուսիսը մեզնից ծանր լինեն, մեր -մետությունը նրանց նկատմամբ ոչ ավել ոչ պակաս է նրանց հայամետությունից: Տարբեր քաշայիններ չեն կարող լինել ռազմավարական գոյաբանական զինակիցներ, նույն արեւմուտքի կամ հյուսիսի համար մենք կարող ենք ռազմավարական դաշնակից լինել միայն այն դեպքում, եթե նախապես ռազմավարական գոյաբանական դաշինք կազմենք մեր քաշայինների հետ’ ասենք վրացի ժողովրդի հետ եւ մեր ռազմավարական դաշինքով մտնենք նույն քաշայինների կազմը, ինչ արեւմուտքն է կամ հյուսիսը: Սովետը միավորեց մեզ ու վրացուն եւ եթե մեզ նմանները շատ չլինեին, ապա ռուսները շատ ավելի մեծ դժվարությամբ կհաղթեին պատերազմներում: Մեզ սովետ պետք չի, բայց մեզ օդուջրի պես ռազմավարական դաշինքներ են պետք ձեւավորել մեր քաշայինների հետ եւ միասին հզորանալ եւ ստեղծել է՛լ ավելի ծանր քաշայինների հետ ռազմավարական դաշինքներ: Այն ինչը հարյուր տարի առաջ փորձեցին անել’ համաշխարհային պրոլետարական հեղափոխություն եւ բան չստացվեց, հիմա են փորձում անել’ պրոլետարացնելով ժողովուրդներին’ զրկելով նրանց սեփականությունից եւ սուբյեկտայնությունից: Այնպես որ, կամ դառնում ենք երջանիկ զոմբի պրոլետար, որին պատերազմներում զանգվածային կոչնչացնեն կամ էլ օրնիբուն մարտնչող’ կրթվող, մարզվող անկախ սեփականատեր սուբյեկտ, բայց դրա համար պետք է արագացում բոլոր բնագավառներում, պետք է ռազմավարական դաշինքներ ստեղծել, որ չկարողանան մեզ զատել, ջլատել ու ոչնչացնել: Միացո՛ւմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930