Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի 70-ամյա քաղաքացու առողջական վիճակը դատարանում կտրուկ վատացել էր

Սեպտեմբեր 08,2022 13:30

Ձեզնից շատերը դեռ հուզվում, վրդովվում են, երբ վերապրում են, վերհիշում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում պատահածը՝ մահվան տեսարանը: Երեւան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանի դատական քննության ժամանակ սրտի երկու վիրահատություն տարած, Գերմանիայի 70-ամյա քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին բուժհաստատություն: Այդ դրվագի լուսանկարը չեմ տեղադրում՝ սրտից թույլ մարդկանց հոգեկան աշխարհը չպղտորելու համար: Նա ներկայումս գտնվում է Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, կալանքի տակ, իսկ սեպտեմբերի 19-ին ժամկետը լրանում է: Ո՞վ է Աֆշին Քելիշադին, եւ ի՞նչ տեղեկացրեց նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբանը՝ Արսեն Մկրտչյանը (լուսանկարում):

ԻԻՀ կողմից կայացված բողոքարկման ենթակա դատավճռի հիման վրա նրան այս տարվա հուլիսի 22-ին ձերբակալել են Հայաստանի Հանրապետությունում: Միջնորդությունը, բնականաբար, քննարկվել է դռնփակ նիստով:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Գասպարյանի կողմից օտարերկրացու նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը՝ երկու ամսով, ինչը ըստ պաշտպան Արսեն Մկրտչյանի՝ անընդունելի է: Կալանավայրում գտնվելու ժամանակահատվածում տարեց օտարերկրացու առողջական վիճակը գնալով վատանում է:

Այս տարվա հուլիսի 19-ին Գերմանիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է, իսկ հուլիսի 21-ին դատարանը որոշում է կայացրել «Հանձնելու նպատակով կալանավորում կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին»: Ըստ պաշտպանական կողմի, Իրանի ԻՀ դատարանի կողմից նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման եւ տուգանքի՝ «ԻԻՀ կաշառակերություն, շորթում եւ խաբեություն կատարողների պատժամիջոցի խստացված օրենքի» 1-ին հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (գործը մեր պատկերացմամբ քաղաքացիաիրավական բնույթ ունի, ավտոլվացման ընկերության հարկերի վճարման հետ է կապված, ինչը մինչ եվրոյի անկումը մարվել էր-Ռ.Մ.):

Այս գործն արտառոց է այն իմաստով, որ քաղաքացին ՀՀ քաղաքացի չէ, հանցագործությունը կատարվել է այլ պետությունում: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պաշտոնական գրության համաձայն, նրա՝ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ չկան փաստացի տեղեկություններ, բայց նա ձերբակալվել եւ պահվում է մեր կալանավայրում, ենթարկվում հանիրավի պատժամիջոցների:
Կալանավորի հանցանքը ԻԻՀ-ում համարվել է ծանր հանցագործություն, ՀՀ քրեական օրենքով կատարման վաղեմության ժամկետն էլ անցած չէ:

Արսեն Մկրտչյանն «Առավոտի» հարցին, թե որքանով է նրա պաշտպանյալը առնչվում Հայաստանի հետ, ասաց, որ ՀՀ-ում ապաստան հայցելու համար հուլիսի 25-ին դիմել է Հայաստանի միգրացիոն ծառայություն, դիմումը քննարկման փուլում է, հարուցվել է վարչական վարույթ, իսկ որոշման հնարավոր ժամկետը սեպտեմբերի 25-ն է: Նշեմ, որ ապաստան հայցող անձը չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից մինչ իր՝ ապաստան հայցելու վերաբերյալ վերջնական որոշման կայացումը:

2006 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն, պարտավորվող կողմերը պարտավորվում են մյուս պայմանավորվող կողմի պահանջով միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է մյուս պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն, հայցող պետությունում մինչդատական վարույթի փուլում գտնվող գործերով հանձնումը թույլատրելու կամ մերժելու մասին գործերով որոշումը կայացնում է ՀՀ գլխավոր դատախազը: Այս գործով միջնորդությունը դատարան է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարը: Նշյալ օրենսգրքի առաջին մասի համաձայն, հանձնումը մերժելու մասին որոշում կայացնելու լիազորությունը վերապահվել է արդարադատության նախարարին, իսկ հանձնումը թույլատրելու մասին որոշումը կայացնելու լիազորությունը՝ դատարանին:

Միջազգային իրավական չափորոշիչներից է հումանիստական «Չվերադարձելիության» սկզբունքի հարգումը. փախստականին որեւէ կերպ չվերադաձնելն է այն տարածքների սահմաններ, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ տարատեսակ իրավահարաբերությունների պատճառով: Ա. Մկրտչյանն իր պաշտպանյալի անունից դիմել էր ՄԻՊ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպս Գրանդիին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների միգրացիոն ծառայության պետ Ա.Ղազարյանին, ՀՀ արդարադատության նախարարություն՝ «իմ պաշտպանյալի մահը կանխելու համար»:

Կալանքի տակ գտնվողի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Պաշտպանի բողոքում կար այսպիսի ահազանգ. «Արմավիր» ՔԿՀ-ում գրանցվել են մահեր, այդ թվում՝ օտարերկրացիների, Ֆրանսիայի քաղաքացու: ՔԿՀ-ում չկան համապատասխան մասնագետներ, օդափոխիչ համակարգ, սարքավորումներ: Ա. Քելիշադիին տեղափոխել են «Նորք-Մարաշ» բուժհաստատություն, բժիշկները պայքարել են կալանավորի կյանքը փրկելու համար:

ՄԻՊ-ին ուղղված բողոքում պաշտպանը հայտնել էր, որ կալանավորի հարազատները պատրաստ են իրենց դրամական միջոցներով կազմակերպել հետազոտություններ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: ՄԻՊ գրասենյակից տեղեկացրել էին փաստաբանին, որ բողոքի ուսումնասիրումը հանձնարարվել է Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի գլխավոր մասնագետ Մարգարիտա Բրսոյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930