Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկային համերգը կղեկավարեն Օհան Դուրյանն ու Էդուարդ Թոփչյանը

Սեպտեմբեր 08,2022 12:30

Հարցազրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի հետ

– Պարոն Նազարյան, ֆիլհարմոնիկի համերգաշրջանները նշանավորվում են նաեւ անվանի, երբեմն էլ աշխարհահռչակ երաժիշտների հետ համատեղ համերգներով։ Նախորդ համերգաշրջանում ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ հանդես եկան այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Միշա Մայսկին, Իզաբել Ֆաուստը, Ալբան Գերհարդը, Դանիել Մյուլլեր-Շոթը, Սերխիո Տիեմբոն, Արսեն Սողոմոնյանը, Վլադիսլավ Սուլիմսկին, Օլեսյա Պետրովան եւ այլն, պակաս չկար նաեւ առաջնակարգ դիրիժորների՝ Փիթեր Ումջյան, Պավել Կոգան, Վասիլի Պետրենկո։ 2022-23թթ. համերգաշրջանի ընթացքում ի՞նչ նման անունների կհանդիպի մեր հանդիսատեսը։ Վստահաբար, պետությունը չի հասցնի ֆինանսավորել բոլոր ծրագրերը, հավանաբար ճանաչված երաժիշտների երեւանյան հյուրախաղերն ապահովելու համար պետք է համագործակցեք հովանավորների, ՀՀ-ում այլ երկրների դեսպանատների հետ։

– Համերգաշրջանն ավանդաբար բացում ենք Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նախորդ տարի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով այն տեղի չունեցավ։ Այս տարի փառատոնը նվիրված է ականավոր երաժիշտ, դիրիժոր, մեծ մտավորական, քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին։ Սեպտեմբերի 8-ին կայանալիք բացման համերգին կհնչի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան եւ Բրամսի ջութակի կոնցերտը։ Վերջինիս կատարմամբ հանդես կգա մեր օրերի լավագույն ջութակահարներից Քրիստոֆ Բարաթին։ Մեծ անուններից կնշեմ աշխարհահռչակ ջութակահարներ Ավգուստին Հադելիխին, Սերգեյ Կռիլովին, դիրիժորներ Պավել Կոգանին, Մարկո Պարիսոտտոյին։ Փառատոնից դուրս համերգներ ունենք դիրիժորներ Շառլ Դյութուայի, Վլադիմիր Ֆեդոսեեւի, դաշնակահար Նիկոլայ Լուգանսկու եւ շատ ականավոր երաժիշտների հետ նույնպես։ Երկու համերգով հյուրընկալելու ենք Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբին։ Աշնանն էլ ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում, կոնկրետ՝ Սանկտ Պետերբուրգում։

Ինչ վերաբերում է հովանավորների աջակցությանն ու դեսպանատների հետ մեր համագործակցությանը, առաջինը շնորհակալական խոսքով նշեմ ԿԳՄՍ նախարարությանը, որ այս դժվարին ժամանակներում կարեւորելով Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը, զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մեզ։ Իսկ փառատոնի եւ համերգաշրջանի գլխավոր հովանավորը «Մանուկյան Սիմոն հիմնադրամն» է։ Շարունակում ենք համագործակցել Հայաստանում գրեթե բոլոր դեսպանությունների հետ, մասնավորապես՝ Իտալիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի։

– Սեպտեմբերի 8-ին կայանալիք համերգի հայտագրում կարդացինք, որ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ղեկավարելու են Օհան Դուրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ինչը զարմանք ու ինտրիգային տրամադրություն է ստեղծել հանդիսատեսի շրջանում։ Կբացե՞ք փակագծերը։

– Իսկապես, սիմֆոնիայի երրորդ մասը ղեկավարելու է Օհան Դուրյանը։ Հետաքրքիր եւ աննախադեպ անակնկալ է սպասվում։ Այս առիթով հորդորում եմ բոլորին բաց չթողնել փառատոնի բացման առաջին համերգը։

Ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս հյուրընկալել էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ
լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

– Դուք նաեւ մեր երկրի թիվ մեկ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն եք։ Համերգասրահը ֆիլհարմոնիկի աշխատավայրն ու համերգների անցկացման վայրը լինելուց բացի, տրամադրվում է նաեւ այլ կոլեկտիվների ու անհատ կատարողների։ Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում համերգասրահը տրամադրելիս։

– Որպես այդպիսին՝ խիստ սահմանափակումներ չկան, եթե, իհարկե, անցկացվելիք համերգը կամ միջոցառումը չի հակասում համերգասրահի կանոնադրությանը։ Այժմ համերգասրահում մեծ թափով վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Կարծում եմ, աստիճանաբար՝ մեկ-երկու տարվա ընթացքում կթարմացնենք ու կարդիականացնենք սրահի ներքին ու արտաքին հարդարանքը, կբարձրացնենք ծառայությունների որակը, ինչը կնպաստի, որ համերգասրահն ավելի հարմարավետ ու պահանջված լինի թե հանդիսատեսի, թե դահլիճը վարձակալողների համար։

– Պարոն Նազարյան, ձեր նախկին աշխատավայրում հաջողությամբ ղեկավարել եք «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որտեղ միավորված են հինգ պետական տարբեր երաժշտախմբեր՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Հայաստանի պետական կամերային երգչախումբ, «Հովեր» պետական կամերային երգչախումբ, Երեւանի պետական կամերային երգչախումբ, Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլ։ Ի՞նչ վերաբերմունք ունեք «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Ձեր կարծիքով՝ որո՞նք են նման միացյալ կառույցների դրական եւ բացասական կողմերը։

– Երբ 2011-ին որոշում կայացվեց ձեր նշած երաժշտախմբերը միավորել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո, շատերը համաձայն չէին, հետեւաբար կենտրոնի գործունեության սկզբնական շրջանում բոլորի համար անսովոր էր աշխատել նման միասնական կառույցում։ Բայց ընթացքում ժամանակը, փորձը ցույց տվեցին, որ որոշումն արդարացված էր, աշխատանքը՝ արդյունավետ։ Ամեն բան կախված է կառավարման ձեւից։ Եթե նման կառույցի տնօրենը կարողացավ կոլեկտիվների դարդուցավը իր վրա վերցնել, լուծել խնդիրները, ուղիղ աշխատել կառույցների ղեկավարների հետ, ապա կհաջողի։ Միասնական ՊՈԱԿ-ի պարագայում հեշտ ու արագ է ստացվում նաեւ ՊՈԱԿ-նախարարություն կապը, քանի որ պատասխանատուն մեկ անձ է։ Ինչ վերաբերում է բացասական կողմերին, մեծ հաշվով այն մեկն է՝ ցավոք, որոշ վարչական հաստիքներ կրճատվում են։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930