Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության օրակարգը լրացրել ենք», «խաղաղության պայմանագիր՝ մի քանի ամսից». Երեւանն ու Բաքուն տարբեր բաների մասին են խոսում

Սեպտեմբեր 08,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մոսկվան բրյուսելյան եռակողմ բանակցություններից հետո ակտիվացրել է շփումները Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ

Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ վերջին բանակցություններից հետո Բաքուն անմիջապես սկսեց լույս սփռել այդ հանդիպման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված հինգ սկզբունքների վրա, որոնք, ըստ նրա՝ Երեւանն «ընդունել է»: «Այդ հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, փոխադարձ հրաժարում ցանկացած տարածքային պահանջներից, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանազատում եւ բաց հաղորդակցություններ: Այդ սկզբունքներն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին, եւ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք: Դրանք վերահաստատվել են երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը: Մեր արտգործնախարարները կանցնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունների՝ հիմնված այդ հինգ սկզբունքների վրա»,-նշել է Ալիեւը:

Այնուհետեւ Ալիեւն իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են մի քանի ամսում պատրաստել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե՝ «հայկական կողմը նույնպիսի կամք ցուցաբերի»: Ալիեւը Բրյուսելում Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ամենակարեւոր արդյունքը մատնանշել է այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որի նպատակը կլինի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելը:

Այսպես, ըստ Ալիեւի՝ խաղաղության պայմանագրի համար հիմք հանդիսացող Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքները Փաշինյանն ընդունել է՝ վերահաստատվելով Բրյուսելի հանդիպմանը:

Ալիեւի կողմից համաձայնությունների ձեռքբերման մասին բացահայտումների ֆոնին Մոսկվան սկսեց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ ակտիվ զրույցները: Բրյուսելի բանակցությունների հաջորդ օրը նախ հեռախոսազրույց էր կայացել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների միջեւ: Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Այնուհետեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կրեմլի տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ նրանք քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, կարեւորել են համակարգված ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության պահպանման եւ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ: «Այդ համատեքստում վերահաստատել են տրամադրվածությունը հետեւողականորեն իրականացնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները: Իլհամ Ալիեւը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին», նշվում էր Կրեմլի հաղորդագրությունում:

Պաշտոնական Երեւանը Ալիեւի մեկնաբանություններից մեկ օր անց հանդես եկավ պարզաբանությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ հետեւյալ մեկնաբանությունները ներկայացրեց. «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը:

Սա եւս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում: Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները եւ պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը եւ ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»:

Մինչ Ալիեւը մի քանի ամսում խաղաղության համաձայնագրի մշակման ու ստորագրման մասին է խոսում, փաստացի՝ պաշտոնական Երեւանը պնդում է, որ Բաքուն միտված է տապալելու խաղաղության գործընթացը:

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք խոսում են տարբեր սկզբունքներով համաձայնությունների գալու հնարավորությունների մասին: ՀՀ իշխանություններն ասում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած պատասխանով՝ լրացրել են օրակարգը եւ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը: Սակայն Ալիեւն իր սկզբունքներն է պնդում՝ ոչ մի խոսք չասելով հայկական կողմի լրացումների մասին:

Առհասարակ Երեւան-Բաքու պաշտոնական հայտարարությունները միակը չեն, որոնք վկայում են հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ տարբեր պատկերացումների մասին:

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ Միրզոյանն ու Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առեւտրատնտեսական եւ գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը. «Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ»։

Այնուհետեւ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ՝ «Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի: Արարատ Միրզոյանը կարեւորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը: Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ կենսագործունեության պայմանների ապահովման գործում»։ Ապա` ասվում է, որ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն նույն հանդիպման վերաբերյալ տարածել էր 2 հաղորդագրություն, որում նույնպես ասվում էր, որ այդ հանդիպման ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային խնդիրները, Միրզոյանն ու Լավրովը վերահաստատել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների համապարփակ կատարման հանձնառությունը։ ՌԴ ԱԳՆ-ն շեշտում էր նաեւ. «Քննարկվել են հետագա քայլերը՝ բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանազատման համատեքստում, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մոտեցումների մշակման վերաբերյալ»։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ տեղի է ունեցել մտքերի մանրակրկիտ փոխանակում ինտեգրացիոն մեխանիզմների՝ ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության տարբեր սկզբունքների վերաբերյալ եւ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ արտաքին քաղաքականության համակարգման վերաբերյալ։

Այսինքն, Ռուսաստանի ԱԳՆ-ն անտեսել է հայկական կողմի շեշտած, օրինակ, այս կարեւոր նախադասությունը, որ Միրզոյանը կարեւորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը»: Կամ, երբ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունում նշվել է, որ կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը, այնուհետեւ հայկական կողմն ընդգծել է՝ «հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ կենսագործունեության պայմանների ապահովման գործում»։ Հետաքրքրական է, որ ռուսական կողմն անտեսել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության՝ «հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության» հատվածը։

Ավելին, ՌԴ-ի ԱԳՆ-ի տարածած երկրորդ հաղորդագրության մեջ մի քանի տողով ներկայացվել է Լավրովի ողջույնի խոսքը՝ Միրզոյանին ընդունելիս, որում նա նշում է, որ ուշադրություն են դարձնելու միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, միմյանց ներկայացնեն, թե ինչպես են իրականացվում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները, որի ուղղությամբ շատ բան է արվում։ Ապա, Լավրովի խոսքից այս հատվածն է ներկայացվում. «Մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքի կազմակերպությունների շրջանակներում։ Հատկապես ուզում եմ նշել Հայաստանի ակտիվ նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Գագաթնաժողովը նախապատրաստվում է: Մենք ցանկանում ենք ամեն կերպ նպաստել նրա հաջող ընթացքին»։

Հետաքրքիր է, եթե Հայաստանն ու Ռուսաստանը որեւէ հանդիպման վերաբերյալ դժվարանում են համաձայնեցված մամլո հաղորդագրություններ տարածել, ի՞նչ իրավիճակ է բարդագույն բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունների դեպքում… Տպավորություն է ստեղծվում, որ ե՛ւ Երեւանը, ե՛ւ Մոսկվան նույնիսկ գիտեն, որ միմյանցից տարբերվող մամլո հաղորդագրություններ են տարածելու, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը լուծում են իրենց խնդիրը՝ իրենց պատկերացումների ու մոտեցումների հիման վրա տարածելով պաշտոնական հաղորդագրություններ:

Ի դեպ, Հայաստանի դեռ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման ժամանակներից սկսած մինչ օրս կարճ հանդիպումների վերաբերյալ տեսանյութերը ՀՀ ԱԳՆ-ն յութուբյան իր ալիքում հրապարակում է անձայն ձեւաչափով, ուստի հնարավոր չէ լսել ոչ Արարատ Միրզոյանի խոսքը, ոչ էլ դրա վերաբերյալ՝ Լավրովի հնարավոր արձագանքը, հասկանալու համար նրա ռեակցիան՝ ի պատասխան հայկական կողմի գնահատականների:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930