Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ խոշոր ընկերություններն այս տարի ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել պետական գնումներում

Սեպտեմբեր 08,2022 14:00
shinararutyun

Այս եւ նախորդ տարի շինարարական աշխատանքների համար պետական գնումների ընթացակարգերին հայտ ներկայացրած ընկերությունների կեսից ավելիին հաջողվել է ներգրավվել պետական պատվերների գործընթացում:

Համաձայն գնումների հաշվետվողականության «ARMEPS» կայքում ներկայացված տվյալների՝ 2021 թվականի ընթացքում կայացել է շինարարական (այդ թվում վերանորոգման, բարեկարգման, քանդման, մոնտաժման եւ ապամոնտաժման) աշխատանքների ձեռքբերման 1313 ընթացակարգ՝ շուրջ 116,5 մլրդ դրամ պայմանագրային արժեքով, իսկ 2022թ. օգոստոսի 11-ի դրությամբ՝ 686 ընթացակարգ՝ շուրջ 102,3 մլրդ դրամ պայմանագրային արժեքով:

2021-ի ընթացակարգերին մասնակցել է 750 ընկերություն, որից որպես հաղթող ընտրվել է 433-ը (կամ մասնակիցների 58%), իսկ 2022թ.-ի հունվարի 1-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ 561 մասնակից ընկերություններից հաղթող է ճանաչվել 317-ը (կամ մասնակիցների 57%):
Նշենք, որ 2021թվականի համեմատ 2022-ի դիտարկվող ժամանակահատվածում որոշակի բարելավում է նկատվել կայացած ընթացակարգերում միջին մասնակցության ցուցանիշի առումով, որը կազմել է 3,7՝ 2021 թվականի 3 ցուցանիշի փոխարեն:

Աղյուսակներ 1-ում եւ 2-ում ներկայացված է դիտարկվող ժամանակահատվածներում կայացած շինանարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգերում որպես ընտրված մասնակից ճանաչված խոշորագույն 20 ընկերությունների նկարագիրը։

Ըստ վերոնշյալ ցուցանիշների, 2021 թվականի համեմատ 2022-ի դիտարկվող ժամանակահատվածում արժեքային առումով 20 խոշորագույն մատակարարների կենտրոնացվածության ցուցանիշը մի փոքր նվազել է՝ 67-ից դառնալով 63%, իսկ քանակային առումով ավելացել է` 13-ից 14%: 2021 թվականի ցանկում ընդգրկված ընկերություններից 8-ը հայտնվել է նաեւ 2022 թվականի դիտարկվող ժամանակահատվածի 20-յակում։ Այսինքն՝ ոչ խոշոր ընկերություններն ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել պետական գնումներում, այդ ընկերությունները չորս տոկոսային կետով ավելացել են պետական գնումների շուկայում։ Ավելի պարզ ասած՝ շինաշխատանքների համար պետական գնումներին մասնակցող եւ հաղթող ընկերությունների թիվն ավելացել է, հետեւաբար պետական գումարները բաշխվում են ավելի շատ ընկերությունների միջեւ։

Պետք է նաեւ նկատել, որ ամբողջ աշխարհում շինարարական աշխատանքների ձեռքբերման գնումները համարվում են ամենաշատ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ուղղություններից մեկը, քանի որ այս ոլորտի պայմանագրերի կառավարման գործընթացը բավական բարդ է եւ երբեմն դժվար վերահսկելի:

Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում այս առումով կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, 2021թվականի հուլիսի 1-ին ընդունված եւ 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխությունը միտված էր շինարարական ստանդարտների ու դրանց նկատմամբ հսկողության գործիքակազմի բարձրացմանը: Համաձայն այս փոփոխության՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված` պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում կապալառու կազմակերպությունը շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է ապահովվի ինչպես պատվիրատուի, այնպես էլ պատվիրատուի նշած օգտատերերի համար։ Սույն պահանջը տարածվում է 70 մլն դրամից բարձր արժեք ունեցող, գաղտնիություն կամ հատուկ ռեժիմ չպարունակող բնակելի, հասարակական, արտադրական, էներգետիկ, տրանսպորտային եւ հիդրոտեխնիկական նշանակության շինարարական օբյեկտների վրա, բացառությամբ գծային ենթակառուցվածքների։

Մեկ այլ կարեւոր օրենսդրական փոփոխություն ընդունվեց 2022-ի մարտի 4-ին «Գնումների մասին» օրենքում, որը միտված էր արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն ստեղծելուն: Նաեւ որոշակիորեն ամրագրվեցին գնումների համակարգում ընկերությունների վարկանիշավորման սկզբունքները, ինչը առաջարկվել էր նաեւ ՀՔՀԱԿ ՀԿ-ի կողմից։

Մասնավորապես, այս փոփոխությամբ սահմանվեց, որ մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝

1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի` փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:

Կառավարության որոշմամբ պետք է հիմնավորվի որոշման ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը:
Հարկ է նշել, որ այս կարգավորումներով փորձ է կատարվում որոշակիորեն նվազեցնել արտակարգ իրավիճակներում մեկ անձից գնման ընթացակարգի կիրառման պրակտիկան։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930