Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումին հայտարարել է, որ Արևմուտքն է մշտապես խախտում միջազգային իրավունքը, իսկ իրենք Դոնեցկին և Լուգանսկին օգնություն են ցուցաբերում՝ համաձայն միջազգային իրավունքի:
«Աշխարհում հակամարտությունները չի հաջողվում լուծել, քանի որ միջազգային իրավունքը միշտ ոտնատակ է արվում: Հիմա ասում են, թե Ռուսաստանն է այն խախտում: Ես կարծում եմ՝ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությունը: Ո՞վ է սկսել պատերազմն Իրաքում առանց ՄԱԿ-ի որևէ արտոնության: Ո՞վ է քանդել Հարավսլավիան: Ո՞վ է պատերազմ հրահրել Եվրոպայի կենտրոնում:… Նույնը Լիբիայի մասով, Լիբիան ավերեցին: Որտե՞ղ է այդ միջազգային իրավունքը: Չկա: Բոլորը, ովքեր դա անում են, հասկանում են, որ դա չի համապատասխանում միջազգային իրավունքին, դրա համար էլ խոսում են ինչ-որ մտացածին օրենքների մասին: Ի՞նչ օրենքներ: Ի՞նչ են մտածել, որտեղի՞ց են բստրել այդ օրենքները: Թող իրենք էլ ապրեն այդ օրենքներով»,- ասել է նա:
Պուտինը նաև ասել է, որ Արևմուտքը ճանաչել է Կոսովոն, բայց հրաժարվում է նույնն անել Դոնբասի իրավիճակում: Մինչդեռ Ռուսաստանը, նրա խոսքով, Դոնբասի և Լուգանսի ժողովրդական հանրապետությունները ճանաչել է համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ խոսվում է ազգերի ինքնորոշման մասին. Կոսովոյի ճգնաժամի ժամանակ ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունեց որոշում, համաձայն որի, եթե տարածքի որևէ մաս ցանկանում է հայտարարել իր անկախությունը, ապա այն պարտավոր չէ թույլտվություն հարցնել իր երկրի կենտրոնական կառավարությունից: «Դա կիրառելի է Կոսովոյի դեպքում: Կիրառելի է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեպքում: Ինչո՞ւ նույնը չէ: Ամեն ինչ նույնն է: Իսկ եթե նրանք դրա իրավունքն ունեն, իսկ նրանք ունեն դրա իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ազգերի ինքնորոշման իրավունքի, ապա նրանք իրացնում են այդ իրավունքը, հայտարարել են իրենց անկախության մասին: Իրավունք ունե՞ն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի տեսանկյունից: Ունեն: Եվ այդ իրավունքն ամրագրված է Կոսովոյի հարցում ՄԱԿ-ի դատարանի համապատասխան որոշմամբ:
Կարդացեք նաև
«Եթե նրանք իրավունք ունեն, նրանք դա արել են, մենք և ցանկացած այլ երկիր իրավունք ունի՞ նրանց ճանաչել: Ունի, մենք ճանաչել ենք: Եթե մենք նրանց ճանաչել ենք, մենք կարո՞ղ ենք նրանց հետ պայմանագիր կնքել բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին: Իհարկե կարող ենք: Մենք կնքել ենք այդ պայմանագիրը, այն վավերացրել են Ռուսաստանի խորհրդարանը և նրանց խորհրդարանները, և այնտեղ Ռուսաստանն ունի որոշակի պարտավորություններ՝ օգնություն ցուցաբերել, այդ թվում ագրեսիայի դեպքում: Տվյալ դեպքում այդ ագրեսիան Կիևի ռեժիմի կողմից է»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ