Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր պատկեր Շիրակի մարզում․ 8 գյուղեր չունեն 1-ին դասարանցիներ

Սեպտեմբեր 07,2022 21:01

Շիրակի մարզի 8 գյուղերի դպրոցներում այս տարի առաջին դասարան չի բացվել, 6 գյուղերում էլ առաջին զանգը հնչել է ընդամենը 1 աշակերտի համար։

Այդ գյուղերի մեծ մասը գտնվում են ալպիական գոտում՝ հեռավոր Ամասիայում ու Աշոցքում, որոնք սակավաբնակ են և աշակերտներ չունենալու պատճառը շատ դեպքերում ոչ թե սոցիալական վատ պայմաններն են, այլ քաղաքային միջավայրից կտրված լինելու հետեւանքով գյուղերում մշտական բնակություն չհաստատելը։

Շատերը զբաղվում են անասնապահությամբ, բավական եկամուտ ունենում և իրենց երեխաներին քաղաքային դպրոցներ տանում, հատկապես որ կան գյուղեր, որտեղ հասնելն այնքան էլ հեշտ չէ՝ ճանապարհների քարուքանդ լինելու պատճառով։

Օրինակ՝ Ամասիայի ամենահեռավոր ու չքնաղ գյուղերից մեկը՝ Շաղիկը (այն գտնվում է Արփի լճի ափին), որի գերժամանակակից դպրոցն անցած տարի փակվելու վտանգի տակ էր, այս տարի ևս առաջին դասարան չունի։ Այս գյուղում տները բավական գեղեցիկ են, նորակառույց, մարդիկ որևէ սոցիալական խնդիր չունեն, զբաղվում են անասնապահությամբ, սակայն ճանապարհների քարուքանդ լինելու պատճառով մշտական բնակություն չեն հաստատում գյուղում։

Ամասիայի ալ կարմիր ծաղիկների մեջ թաղված Ալվարը ևս ծերացող գյուղ է․ մենք անդրադարձել ենք այն խնդրին, որ ճանապարհների վատ լինելու պատճառով մարդիկ նույնիսկ հյուր չեն գալիս գյուղ, նրանց մեծ մասը հեռացել է բնակության Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղի դպրոցի աշակերտների քանակն էլ բնականաբար նվազել է։ Գյուղի դպրոցի տնօրեն Ռուբիկ Համբարյանը մեր զրույցում ասել էր․ «Այն ժամանակ, երբ դպրոցը բուժկետում էր գործում, հարմարություններ չկային, ստիպված երկու հերթով էին աշխատում, իսկ հիմա, երբ հովանավորներ ենք գտել, կարգին պայմաններ ստեղծել, աշակերտներ չկան» ։

Ամասիայի Ջրաձոր գյուղն էլ, որը կառավարության որոշմամբ տեղափոխվելու է 5 կիլոմետր հեռավորության վրա (նոր գյուղ է կառուցվում, քանի որ այդտեղ Կապսի ջրամբարն են կառուցելու), դարձյալ դատարկվել է․ մարդկանց մեծ մասը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։

«70-ական թվականներից եկել են, գնահատել են, գյուղացիներին ներկայացվել է, որ գյուղը պիտի տեղափոխվի։ Խորհրդային շրջանում սկսվեց ջրամբարի կառուցման փուլը, միևնույն ժամանակ պիտի իրականացնեին գյուղի տեղափոխումը, մատնանշում էին տարբեր տեղեր, որոնց մի մասին բնակիչները համաձայն չէին, այնտեղ, որտեղ բնակիչն էր ուզում, պետությունը չէր կարող հարմարեցնել։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանի անկախացման տարիների ընթացքում երկար ժամանակ դադարեցին այդ խոսակցությունները, այսինքն՝ մարդիկ հույսերը կտրեցին։ Երկրաշարժից հետո գյուղը չկառուցվեց, ունեցանք փլուզումներ, անմխիթար վիճակ էր։ Մարդիկ բնակարանով ապահովված չէին, դա էլ առիթ տվեց, որպեսզի բնակիչների մի մասը գյուղից հեռանա, մի մասն էլ մնաց այն հույսով, որ գյուղը կկառուցվի ու կունենան իրենց տունը»,- մեզ հետ զրույցում ասել էր գյուղապետ Արա Հարությունյանը։

Ամասիայի Ծաղկուտ, Շաղիկ, Գտաշեն, Զարիշատ, Աշոցքի Կաքավասար, Սարագյուղ, Ախուրյանի Լեռնուտ և Անիի Անի կայարան բնակավայրերի դպրոցներում այս տարի առաջին զանգ չի հնչել։

Մարզի 18 դպրոցներ մինչև երեք աշակերտ ունեն․ Ամասիայի Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Ջրաձոր, Ախուրյանի Հովիտ, Աշոցքի Ձորաշեն բնակավայրերի դպրոցներն էլ 1 աշակերտ ունեն։

Ախուրյանի Կրաշեն, Փոքրաշեն, Աշոցքի Սիզավետ, Թավշուտ, Ախուրյանի Ջաջուռ կայարան, Ամասիայի Զորակերտ և Հողմիկ գյուղերը՝ 2 աշակերտ, Ախուրյանի Նոր Ախուրյան և Ղարիբջանյան, Աշոցքի Կարմրավան, Արթիկի Հայկասար և Ամասիայի Հովտուն գյուղերը՝ 3 աշակերտ։

Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով, այս ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը 2978 է։ Անցած տարի մարզի առաջին դասարանցիների թիվը 3050 էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930