Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արտառոց դրսեւորումներ չկան». Դավիթ Մանուկյան

Սեպտեմբեր 07,2022 19:45

«Ընդհանուր առմամբ, նախընտրական մթնոլորտը նորմալ է, ամեն թիմ իր նախընտրական քարոզչությամբ է զբաղված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Թալին համայնքի արտահերթ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մանուկյանը:

Նկատի ունենալով անցած տարեվերջին Թալինում կայացած ավագանու ընտրությունների զարգացումները, թեկնածուից հետաքրքրվել էինք՝ ինչպիսի՞ նախընտրական մթնոլորտ է ձեւավորվել, ինչպե՞ս է մեկնարկել եւ ի՞նչ պայմաններում է ընթանում նախընտրական քարոզարշավը:

Հիշեցնենք, 2021 թվականին Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերի կողմից համայնքապետի թեկնածու առաջադրվել էր «Հայք» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը, բայց համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնում Տավրոս Սափեյանը չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով: Հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։ Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։ Թալինում արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 25-ին: Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները: Հիմնական մրցակցությունն այստեղ ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների միջեւ:

«Ապրելու երկիրն», ինչպես ներկայացրեց Դավիթ Մանուկյանը, ակտիվ քարոզարշավ է վարում՝ համայնք առ համայնք, տուն առ տուն շրջելով եւ բնակիչներին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, զրուցելով առկա խնդիրների մասին, ներկայացնելով լուծումների սեփական տարբերակները, լսելով բնակիչների առաջարկներն ու պատկերացումները, մտահոգությունները:

«Ընդհանուր, նորմալ, հանգիստ գնում է գործընթացը»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ արտառոց դրսեւորումներ չկան:

Դիտարկմանը, որ «Կայունություն» խմբակցության ներկայացուցիչը ցուցակների կազմման փուլում դեռ ահազանգել էր իրենց թիմակիցների նկատմամբ ճնշումների մասին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մեզ մոտ էլ եղել են մարդիկ, ովքեր ցուցակագրվել են, իբրեւ ավագանու անդամի թեկնածու, հետո՝ դուրս են եկել, տարբեր պատճառաբանություններով: Ընդհանուր, եղել են փորձեր, թիմի ձեւավորման գործընթացում խոչընդոտներ ստեղծել, բայց, անկախ ամեն ինչից, մենք բավականին մեծ եւ ուժեղ թիմ ենք ստեղծել»:

Հստակեցնող հարցին՝ նկատի ունենալով մեկ տարի առաջ կայացած թեժ ընտրապայքարի դառը փորձը, թշնամական մթնոլորտ չկա՞, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ առերեւույթ սուր երեւույթներ կամ դրսեւորումներ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների նկատմամբ, չեն եղել:

Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ համայնքային խնդիրներին լավ ծանոթ են եւ քարոզարշավի ժամանակ չէ, որ դրանք պետք է գույքագրեն: Արձանագրում է՝ կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր բնակավայրերի համար, բայց կան նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք, կախված բնակավայրից, առանձնահատուկ են դառնում. դրանց տեղի բնակիչներն առավել տեղյակ են եւ բավական հետաքրքիր լուծումներ են առաջարկում: Ընդհանուր առմամբ, համայնքում մեծ չափերի է հասնում գործազրկությունը, ոռոգման եւ խմելու ջրի խնդիր կա. կան բնակավայրեր, որտեղ դրանք բավական սուր են արտահայտված եւ մարդկանց կյանքի որակի վրա շատ մեծ ազդեցություն են թողնում: Դավիթ Մանուկյանը համամիտ չէ, որ իր նշած խնդիրները համապետական են եւ համայնքային մակարդակի լուծման ենթական չեն. «Կոնկրետ բնակավայրի համար, օրինակ, խմելու կամ ոռոգման ջրի խնդիրը կարելի է լուծել՝ ոչ այդքան մեծ ֆինանսական ներդրումներ կատարելով: Վստահաբար, համայնքը՝ կառավարության հետ համագործակցելով, ասենք, սուբվենցիոն ծրագրերով, նաեւ մասնավոր ոլորտից ինչ-որ ներդրումներ ներգրավվելով, կարող է շատ խնդիրներ լուծել»:

Հարցին՝ քարոզարշավի ժամանակ ի՞նչ է առաջարկում իր ընտրողներին, ինչո՞ւ պետք է մարդիկ իրեն ընտրեն, այն դեպքում, երբ իր հիմնական մրցակիցը ներկայացնում է իշխող ուժը, որը, դատելով նախորդ ընտրությունների փորձից, ամեն կերպ ջանալու է ապահովել իր թեկնածուի հաղթանակը, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Թիմ ձեւավորելիս մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ մեր թիմը լինի տարբեր մասնագիտական կրթություն եւ հմտություններ ունեցող երիտասարդներից, անբասիր կենսագրության ունեցող մարդկանցից, ովքեր իրենց բնակավայրերին, իրենց համայնքին նվիրված մարդիկ ու մասնագետներ են եւ կարող են իրենց ներուժը ծառայեցնել իրենց համայնքի զարգացմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930