Սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:
Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը և դեսպանը փոխանակեցին Հայաստանի և Ճապոնիայի վարչապետերի, ինչպես նաև ԱԳ նախարարների շնորհավորական նամակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու տեսանկյունից։
Երկուստեք կարևորվեց հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, համագործակցության ակտիվացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Վահե Գևորգյանը բարձր գնահատեց Ճապոնիայի կողմից ՀՀ անկախացումից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված Հայաստանի կարողությունների զարգացմանը: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման շեշտեց, որ Ճապոնիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր՝ ազատ և բաց աշխարհի կայացման տեսանկյունից:
Կողմերն անդրադարձ կատարեցին նաև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի և փոխգործակցության ակտիվացմանը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա պատմությունը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ