Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է զարգանալու Երևանն առանց գլխավոր ճարտարապետի և հատակագծի կամ Այգեձորի նեղ ոլորանները

Սեպտեմբեր 07,2022 18:29

Երեւանում շենք–շինություններն առաջ տալու մոլուցքը վաղուց է մեզ հայտնի։ Նույնիսկ այսպիսի կատակ կա` նա հայ չի, ով իր «բալկոնը» առաջ չի տվել։ Իհարկե, այդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն Երեւանում, այլ նաեւ այլ հայաստանյան բնակավայրերում։ Սակայն անդրադառնանք մայրաքաղաքի մեկ հատվածում տիրող իրավիճակին։

Վերջերս գործի բերումով այցելեցի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոցի վրա գտնվող դպրոցը, սակայն մեծ դժվարությամբ կարողացա հասնել վերջնակետին։ Փողոցը անսովոր նեղ էր, քանի որ շենքերն եւ շինություններն առաջ էին տված, մի տեղ 1, մյուս տեղում էլ 1,5 մետրով կամ ավելի, ամենուրեք կայանած էին մեքենաներ, իսկ մի հատվածում էլ ճանապարհ էին վերանորոգում, ստիպված էինք սպասել, մինչեւ ազատեին ճանապարհը։ Տեղի բնակիչները պատմեցին, որ եղել են դեպքեր, երբ նույնիսկ շտապ օգնության կամ հրշեջ մեքենաները չեն կարողացել անցնել–գնալ իրենց ծառայությունը ժամանակին իրականացնելու համար, քանի որ այդ պահին առանց այդ էլ նեղ փողոցում մեքենաներ են կայանած եղել, ճանապարհը փակված էր։
Հայտնի է, որ այսպիսի իրավիճակ է նաեւ Երեւանի այլ թաղամասերում՝ Նորք Մարաշում, Սարի թաղում, Կոնդում եւ շատ այլ տեղերում։ Սակայն ժամանակն է, որ տեղական իշխանությունները արգելեն շենքերն առաջ տանելու նման պրակտիկան, իսկ նորմատիվային կանոնները արդեն խախտած սեփականատերերին պարտադրել քանդել անօրինական շենք–շինությունների առաջ տված մասը։


Պարզ է, որ դա բարդ խնդիր է, քանի որ նման խախտումները կրում են մասսայական բնույթ։ Իսկ շինությունները առաջ տված սեփականատերերից էլ ոմանք հասցրել են այդ խախտումը նույնիսկ օրինականացնել։ Բայց, այնուամենայնիվ, մայրաքաղաքի իշխանությունները պետք է գնան այդ քայլին, որպեսզի քաղաքը չվերածվի քաոսային վիճակի եւ սեփականատերերը չզգան իրենց անպատժելի, թքած ունենալով ընդհանուր քաղաքի կառուցապատման սկզբունքների և քաղաքաշինական պահանջների վրա։

Սակայն զավեշտալին այն է, որ ներկայումս Երեւանը չունի գլխավոր ճարտարապետ, քանի որ հենց այդ պաշտոնյան պիտի կրի քաղաքի ճարտարապետական միջավայրի ձեւախեղումների համար պատասխանատվությունը, այլ ոչ այնքան իրավասու մարմինը` քաղաքապետը։ Ի դեպ, նշենք, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնը լուծարվել է քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։


Ինչպես նշել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահին վերջերս ուղղված նամակում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, «գլխավոր ճարտարապետի պաշտոնի լուծարումը աննախադեպ քայլ է եւ բավարար չափով կշռադատված չէ, քանի որ այդ սկզբունքը կարող է կիրառվել միայն հետեւյալ նախադրյալների պարագայում.

1.Քաղաքի բոլոր վարչական շրջանների համար արդի պայմաններին բավարարող գոտիավորման նախագծերի եւ կառուցապատման էսքիզների, ինչպես նաեւ քաղաքի ցանկացած հատվածի համար կառուցապատման չափորոշիչների ու սահմանափակումների վերաբերյալ հանրության համար հասանելի տեղեկատվության առկայությամբ,

2.Կայացած տեղական ինքնակառավարման համակարգ` վարչարարության թափանցիկ ընթացակարգերով»։

Սակայն, ինչպես նշում է անվանի ճարտարապետը, «ակնհայտ է, որ մերօրյա իրականությունը դեռեւս հեռու է այդ նախադրյալների ամբողջական ձեւավորումից»։

Այնուամենայնիվ ուզում ենք ներկայիս քաղաքային իշխանությունների ուշադրությանը հրավիրել այն փաստի վրա, որ մինչ այժմ Երևանը չունի գլխավոր հատակագիծ, որը կսահմանի քաղաքի ցանկացած հատվածի համար կառուցապատման չափորոշիչները եւ գոտիավորման նախագծերի հաստատումը։ Որպես տեղեկություն, նշեմ, որ վերջին անգամ Երեւանի գլխավոր հատակագիծը ընդունվել է միայն 2005–2015 թվականների համար։

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930