Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկան այդ 20 պատգամավորները, որոնք դուրս կգան ՔՊ-ից ու կմիանան ընդդիմությանը, ապա հնարավորությունը կմնա չօգտագործված»

Սեպտեմբեր 07,2022 17:46

«Անկախության շարժման» ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել էր ունենալ վարչապետի թեկնածու եւ այդ թեկնածուի շուրջ սկսել խոսել իշխող ՔՊ-ի հետ։ Այս առաջարկի հետ կապված «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հետեւյալն է․ «Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։ Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք, ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ Եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը»։

Aravot.am-ն Էդգար Ղազարյանի հետ Դիմադրության շարժման ժամանակ պայքարի նույն հարթակում գտնվող՝ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ դիրքորոշում ու կարծիք ունի Ղազարյանի այս առաջարկի վերաբերյալ։ «Նախ, «իմպիչմենտ» բառը մենք մի քիչ տարօրինակ ենք կիրառում, որովհետեւ իրականում խոսքը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին է, իսկ իմպիչմենտը կիրառելի է ԱՄՆ նախագահի վերաբերյալ», – նշեց Ավետիք Չալաբյանը եւ շարունակեց, – «Իսկ ձեր մատնանշած գործընթացը կարեւոր է եւ սահմանադրական այն ճանապարհն է, որով հնարավոր է գործող խորհրդարանի պայմաններում կառավարություն փոխել՝ բացարձակ օրինական միջոցներով։ Մյուս կողմից, շատ լավ գիտենք, որ եթե գործող կառավարությանն անվստահություն է հայտնվում, եւ անվստահության քվեին չի հավակնում գործող մեծամասնությունը, ապա, եթե չեմ սխալվում, կառավարությունն առնվազն կես տարվա իմունիտետ է ստանում, եւ կրկին անվստահություն հայտնել այդ ընթացքում հնարավոր չէ, գործընթացը հետաձգվում է վեց ամսով»։

Ավետիք Չալաբյանի խոսքով․ «Այս գաղափարը նշյալ տեսանկյունից առավել մանրամասն պետք է պատրաստվի, այդպես խելամիտ կլինի։ Այսինքն, անվստահության քվեն պետք է հայտնել այն պայմաններում, երբ գրեթե 100%-ոց երաշխիք կա, որ կձեւավորվի նոր խորհրդարանական մեծամասնություն, որն էլ կաջակցի վարչապետի թեկնածուին։ Ի դեպ, անվստահություն հայտնելու ժամանակ նոր վարչապետի թեկնածություն պետք է միաժամանակ ներկայացվի, ինչպես Սահմանադրությունն է նախատեսում։ Ուստի նշանակում է, որ իրավական հարթության մեջ է պետք գործընթացը մտցնել ԱԺ՝ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ։ Այդ պահից հավանականությունը, որ գործընթացը կհաջողի, շատ բարձր պետք է լինի։ Ուստի, կարծում եմ, լուրջ նախապատրաստություն է պետք՝ նոր քաղաքական մեծամասնություն ձեւավորելու համար, ինչը մեկ-երկու օրվա գործ չի։ Էդգար Ղազարյանի հետ, որի հետ ջերմ հարաբերություններ ունենք, խոսել եմ այս մասին։ Ինքն ասում է, որ պատրաստ է գնալ ու ՔՊ-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ խոսել։ Հրաշալի է՝ խոսիր, ստացիր առնվազն քսան պատգամավորի աջակցություն, վերադարձիր ու խոսիր ընդդիմության հետ։ Եթե չկան այդ 20 պատգամավորները, որոնք պատրաստ են դուրս գալ ՔՊ խմբակցությունից եւ միանալ ընդդիմությանը, ապա կստացվի, որ հնարավորությունը մնացել է չօգտագործված, եւ գործընթացը վեց ամսով կհետաձգվի»։

Հարցին՝ ավելի իրատեսական չէ՞, որ հենց խորհրդարանական ընդդիմությունը սկսի խոսել, նախաձեռնել այդ գործընթացը, քան մեկ անձը, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Դա ցանկացած մարդ կարող է նախաձեռնել։ Ես էլ կարող եմ գնալ ու խոսել պատգամավորների հետ։ Իհարկե, ավելի հավանական է, որ դա անի գործող ընդդիմությունը։ Գործընթացը կարեւոր սահմանադրական իրողություն է, որին շատ լուրջ պետք է վերաբերվել, ունենալ 100%-ոց երաշխիք, որ կձեւավորվի նոր խորհրդարանական մեծամասնություն»։

Հիշեցնենք, որ խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի կարծիքն էլ արտահայտել էր Հայկ Մամիջանյանը՝ ասելով․ «ՔՊ-ն դրան կգնա միայն ժողովրդի տեսանելի եւ շոշափելի ճնշման տակ։ Դա լուծումներից հավանականն է, որի մասին «Հանրապետականը» խոսում է վաղուց: Իմ խորին համոզմամբ, շատ ավելի էականը ժողովրդի ճնշումն է, քան վարչապետի թեկնածուի անձը, բայց թե առաջին, թե երկրորդ իրողությունների կերտման համար պատրաստ ենք աշխատել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930