Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի փախլավա, Քարահունջի օղի, Գավառի քյուֆթա, Աշտարակի սուջուխ…Այլեւս Երեւանում չեն կարող գաթա թխել ու անունը դնել Գավառի. Քերոբյանի բերած նոր նախագիծը

Սեպտեմբեր 07,2022 17:03

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Օրենքով աշխարհագրական նշումը տարածքի՝ տվյալ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում է, մինչդեռ այդ պահանջը պետք է տարածվի միայն ծագման տեղանունով արտադրանքի վրա: Հայկական ագրոպարենային արտադրանքի ու վայրաճ բույսերի, այդ թվում՝ գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի ու վայրաճ բույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես աշխարհագրական նշումով արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել եւ իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ:

Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սեւանի իշխանն» է: Նախագծով արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը եւ ներմուծումը:

Պետական վերահսկողության, ինչպես նաեւ ներմուծման եւ արտահանման արգելքի նկատմամբ հսկողությունը դրվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ու մաքսային մարմնի վրա:

Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանն ասաց, որ նախագծի ընդունման արդյունքում, ներքին ու արտաքին շուկայում ճիշտ աշխարհագրական անուններով ապրանքներ կլինեն, օրինակ, «Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք ու այդ տարածքի արտադրողները մրցակցային լավ իրավիճակում կլինեն. «Գավառ համայնքում գտնվող արտադրողները կարող են դառնալ այդ աշխարհագրական անվան կրողները: Այս օրենքի ընդունմամբ կգրանցենք այն աշխարհագրական տեղանունները, որոնք կարծում ենք, զուտ հայկական են ու դրանք համապատասխանաբար կգրանցվեն նաեւ եվրոպական զոնայում: Չի բացառվում, որ մի քանի երկրներ գրանցեն նույն աշխարհագրական տեղանունը, եթե պարզ չի, թե որ երկիրն է առաջինը արտադրել: Օրինակ, հին ժամանակներից կա բաստուրմա, մածուն: Եթե երկրների միջեւ կա աշխարհագրական անունների փոխճանաչելիություն, ապա պետք է ճանաչեն միմյանց իրավունքները»:

ՔՊ պատգամավոր Հայկ Ցիրունյանը հարցրեց. «Այստեղից ենթադրվում է, որ ով առաջինը գրանցեց օրինակ Քարահունջի թթի օղին, նա դոմինա՞նտ է լինելու»: Քերոբյանը պատասխանեց, որ այդպես չէ ու աշխարհագրական անունը վերաբերվելու է այդ տեղում նաեւ այլ արտադրողներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930