Սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Քննարկվել է 2 օրենքի նախագիծ, որոնք ներկայացրել են պաշտպանության նախարարության և ոստիկանության պատասխանատուները:
««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մարտական գործողությունների ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակում ընդգրկել նաև զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձին, իսկ զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:
Նախագծի ընդունման դեպքում շահառու կհամարվեն նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել: Շահառուների բացակայություն առաջարկվում է համարել համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը, ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով նախատեսվում է ոստիկանությունում ծառայության անցնելու առավելագույն տարիք սահմանել 35 տարին՝ նախկին 30-ի փոխարեն:
Կարդացեք նաև
Օրինագծի ընդունման արդյունքում կբարձրանա ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման և ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետությունը:
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին