Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձեցին վիրավորել՝ ասելով, որ ընդամենը զավակ եմ, այն էլ չափազանց հավակնոտ». Դավիթ Մաթեւոսյան

Սեպտեմբեր 07,2022 16:39

Aravot.am-ի տեղեկություններով, «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրենը, Հրանտ Մաթեւոսյանի որդին, իրավահաջորդն ու ստեղծագործությունների հեղինակային իրավունքի իրավատերը՝ Դավիթ Մաթեւոսյանը հաղորդում էր տվել ոստիկանությանը, որ «ԲԵՄԵԼ» ՍՊԸ-ն առանց իր հետ հեղինակային իրավունքի պայմանագիր կնքելու և համապատասխան թույլտվություն ստանալու՝ Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա ցուցադրում է թատերական բեմադրություններ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Մաթեւոսյանը հաստատեց լուրը, որ իսկապես դիմել է իրավապահներին: «Մեր կողմից նախնական նախազգուշացումից հետո (մեր ասելով՝ նկատի ունեմ բոլոր իրավահաջորդներիս՝ Մաթեւոսյանի տիկնոջը, Շողեր Մաթեւոսյանին եւ ինձ), ես ժառանգորդի կամ իրավահաջորդի իրավունքից օգտվելով՝ հրապարակային սոցցանցով իմ բողոքն արտահայտեցի հեղինակային իրավունքի չարտոնված օգտագործման առիթով:

Գուցե մի փոքր զգացմունքային ձեւով արտահայտվեցի, բայց, համենայն դեպս, վիրավորանքներ չեն եղել: Ընդամենն առաջարկել եմ «գռդոն» չանել եւ «ԲԵՄԵԼ»-ի հիմնադիրը, նույն ինքը՝ տնօրենը, նույն ինքը՝ ներկայացման ռեժիսորը՝ Տիգրան Գյուլումյանը զանգահարեց ինձ, ու ես հանգամանալից բացատրեցի, որ իրենք որեւէ տեղեկություն եւ պատկերացում չունեն հեղինակային իրավունքի՝ ինչպես միջազգային կոնվենցիայի, այնպես էլ՝ Հայաստանի օրենսդրության մասին:

Ինքն առարկեց, որ իրենք ընդամենը փոքր իրավախախտումներ են արել, եւ պատրաստվում են հետին թվով դիմել «Հայ հեղինակին», որպեսզի մենք, այսպես ասած, մեր իրավունքի տոկոսները ստանանք, ինչն ինձ համար բացարձակ անիմաստ էր:

Ընդ որում, չնայած «Հայ հեղինակի» հետ ունենք պայմանագիր, մինչ օրս որեւէ ներկայացման, բեմադրության կամ «Հայ հեղինակի» իրավասության շրջանակում գտնվող որեւէ այլ քայլի վերաբերյալ տոկոսներ չենք ստացել: Եվ երկրորդ, իրենք հեղինակային իրավունքի զիջման պայմանագիր, այսինքն` բեմականացման թույլտվություն մեզանից չունեն: Ինքն ասաց, որ բեմականացման տեքստը կներկայացնի ինձ, փորձեց բանավոր բացատրել, թե դա ինչպես է տեղի ունենում, թե իրենք ինչպես են Սերո Խանզադյանի պատմվածքը խառնել Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններին, ինչպես իրենց հայտագրից է երեւում»,- նշեց Դավիթ Մաթեւոսյանը:

«Ես ասացի, որ մենք ընդհանրապես այդ հայեցակարգին համաձայն չենք եւ այդպիսի բեմականացում չէինք կարող թույլ տալ: Ինքը բանավոր բացատրեց, որ ներկայացումը սկսվում է Սերո Խանզադյանի պատմվածքով, հետո գալիս է մի պահ, որից հետո դերակատարուհին Մաթեւոսյանից վեց հատված է հրապարակում, թե հատկապես ո՞ր վեց հատվածը, ու այդ վեց հատվածների միջեւ ինչ գործողություններ, ինչ խոսքային ուղերձ է ներկայացվում Մաթեւոսյանի անունից կամ այս սոուսի տակ, ես չհասկացա, որովհետեւ բեմականացումն ինձ այդպես էլ չուղարկվեց: Ես էլ նշված ժամկետներում համապատասխան քայլեր արեցի, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանություն, այլեւ բոլոր հնարավոր տարբերակներով, որոնցով հեղինակային իրավունքը Հայաստանում հնարավոր է պաշտպանել:

Մենք ի վերջո ուզում ենք այս դաշտում հենց Մաթեւոսյանով ստեղծել նախադեպ Հայաստանում, որ անթույլատրելի է այդպես վարվելը, որ դա ոչ թե խախտում է, ոչ թե ոտնահարում է, առավել եւս թեթեւ իրավախախտում կամ զանցանք է, այլ կոնկրետ բռնություն է հեղինակային իրավունքի նկատմամբ, բռնություն է մշակույթի նկատմամբ, գրական խոսքի նկատմամբ:

Գյուլումյանն ասաց, որ ինքը պաշտում է Մաթեւոսյանին: Ես իրոք հավատում եմ, որ ինքը յուրովի պաշտում է Մաթեւոսյանին, բայց պաշտելը մի բան է, սեփական պատկերացմամբ՝ բռնանալը հեղինակային իրավունքի ու ստեղծագործության նկատմամբ՝ ուրիշ բան է: Ի վերջո, առանձին խնդիր են նաեւ օրենքը եւ մշակույթը:

Ինքը ինձ փորձում էր բացատրել, որ ներգրավված են լավագույն դերասանները։ Ես կարող եմ կարծիք ունենալ, որ դա այդպես է կամ այդպես չէ, բայց դա որեւէ նշանակություն չունի, քանի որ մենք խոսում ենք օրենքի մասին»,-հավելեց Դավիթ Մաթեւոսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց. «Դրանից հետո սոցցանցերում հայտնվել են ինչ-որ երիտասարդներ, փորձել են բացատրել՝ ինչն ինչպես է, որ եթե ես այդպես վարվեմ, շատ շուտով Մաթեւոսյանին ընդհանրապես կմոռանան, որովհետեւ բեմականացնողներ ու բեմադրողներ չեն լինի, եւ Գյուլումյանը շնորհակալ գործ է անում: Բացի դրանից, փորձեցին ինձ վիրավորել՝ ասելով, որ ես ընդամենը զավակ եմ, այն էլ չափազանց հավակնոտ: Այնուամենայնիվ, ես մտածում եմ, որ նրանք ուղղորդված երեխաներ են: Ես ինձ պահեցի կոռեկտության սահմաններում եւ ուղղակի արգելափակեցի նրանց, բայց շատ ափսոսում եմ, որ այդ մտայնությամբ են վարակում սերնդին: Ով դա արել է, իր մեղքն է, թող ինքն էլ այդ մասին մտածի: Չգիտեմ՝ ով է արել, բայց չարժեր այդ երեխաներին այդ պատմության մեջ ներքաշել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Մաթեւոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930