Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարայինի ռեկտորը դատարան չէր եկել․ Չալաբյանի պաշտպանները պնդեցին, որ ներկա լինի

Սեպտեմբեր 07,2022 15:37

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր պետք է հարցաքննվեին վկաները։ Դատարանը նախապես ծանուցագրեր էր ուղարկել, սակայն վկաներից որեւէ մեկը չէր ներկայացել։ Պարզ չէր՝ ստացե՞լ են ծանուցագրերը, թե՞ ոչ։ Վկաներից միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը դատարանին գրավոր կարգով հայտնել էր, որ դատարան ներկայանալ չի կարող, ուսումնական գործընթացի կազմակերպման տեսանկյունից իր բացակայությունը բացասաբար է ազդելու։

«Միջնորդում եմ դատաքննության ընթացքում հրապարակել իմ նախաքննական ցուցմունքը եւ այն ճանաչել որպես դատաքննական ցուցմունք։ Խնդրում եմ միջնորդությունս չդիտարկել որպես դատարանի հանդեպ անհարգելի վերաբերմունք։ Պնդում եմ իմ նախաքննական ցուցմունքը, ավելացնելու բան չունեմ»,-գրել է Վարդան Ուռուտյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ միջնորդությունը չի դիտարկում որպես դատարանի հանդեպ անհարգելի վերաբերմունք։

Ավետիք Չալաբյանի պաշտպանները պնդեցին, որ Վարդան Ուռուտյանը պետք է ներկայանա նիստին, նրան ուղղված հարցեր կան։ «Հակընդդեմ հարցման մեր իրավունքը պետք է ապահովվի, բացի այդ, այլ վկաների ցուցմունքներում հակասություններ կան, հարցեր կան»,-մատնանշեց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Դատավորն արձագանքեց, որ Ուռուտյանին բերման ենթարկելու հիմք այս պահին չկա, բայց նորից կծանուցեն։ Ըստ Մնացական Մարտիրոսյանի, այս պահին նաեւ բավարար հիմք չկա՝ Վարդան Ուռուտյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ Ագրարային համալսարանի 2000 ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930