Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկը հարցրեց՝ ինչի՞ց եք բողոքում, Այդինն ասաց՝ գործող իշխանությունից». Գագիկ Ներսիսյան

Սեպտեմբեր 07,2022 15:01
aydin

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշ դրվագներ պատմեց, իր եւ Այդին Մորիկյանի մտերմությունից՝ ընդգծելով, որ դժվար է թանկ մարդու մասին հեռախոսով խոսելը:

«Շատ զարմանալի երեւույթ էր Այդինը։ Ես արդեն բավականին տարիք ունեի, եւ բավականին իմաստնացած էինք մեր սխալներով ու ճշտերով, երբ շփվում էինք: Միասին պատգամավոր ենք եղել մինչեւ 1999 թ.:

Որպես քաղաքական գործիչ ու պատգամավոր՝ շատ դժվար է Այդինի մասին ինչ-որ բան ասելը, Այդինը այնպիսի մեծ մտավորական էր ու մտածող էր, որ չէր «լկստվում» մեզ նման, ասենք, ոնց որ ես էի անընդհատ խոսափողի մոտ կռիվ տալիս տարբեր երեւույթների դեմ՝ լինելով իշխող կուսակցության վարչության անդամ: 1997-ին մենք միասին դուրս եկանք իշխող կուսակցությունից՝ ՀՀՇ-ից եւ Այդինը մեզ հետ միասին Եգորյանի թիմում էր՝ 10 հոգով: Այնքան հետաքրքիր էր, այնտեղ էլ Այդինն ընդհանրապես քաղաքականության մասին չէր խոսում, որովհետեւ ավելի լուրջ բաների մասին էր մտածում: Այդինը շատ ավելի ամբողջական էր մտածում ամեն ինչի մասին, քան մենք»,-ասում է պրոֆեսորը:

Գագիկ Ներսիսյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նրա խոսքով, թվում է՝ իրենք տարբեր էին տեսակով, բայց իրականում շատ մտերիմ էին. «Երբ ինքը «Օրրանի» գլխավոր խմբագիրն էր, ինձ առաջարկեց պատասխանատու քարտուղարի պարտականությունները ստանձնել, դե ես էլ գործ չունեի, ոնց որ բոլորը Եգորյանի թիմից, գնացի ու սկսեցինք միասին աշխատել: Այնտեղ Այդինի խորությունն ինձ համար ավելի բացահայտվեց՝ որպես մտավորական, լրագրող, հրապարակախոս, որպես պետական մտածողություն ունեցող մարդ: Մենք բոլորս ՀՀՇ-ին ընդդիմություն լինելով՝ երբեք չենք դադարել պետական մտածողության կրողը լինելուց, բայց Այդինն ավելի խորն էր: Երբ Վազգենը չկար, ես Այդինը, Արամ Սարգսյանը շատ երկար էինք նստում ու քննարկում լուրջ եւ խորը հարցեր: Ես Արամին սիրում եմ եւ ուրախանում, որ Այդինի հետ շփումները Արամին դարձրին մի քիչ ուրիշ: Արամը չի ժխտի, որ Այդինի հետ շփումներն իրեն ահագին փոխեցին, երբեք չի ափսոսա, որ Այդինի եւ մեզ հետ ընկերություն է արել»:

Գագիկ Ներսիսյանը հիշում է, թե ինչպես Այդին Մորիկյանի հորդորով սկսեց «Օրրանում» գրել ժողովրդական բժշկության թեմայով նյութեր եւ ունենալ սեփական սյունակը. «Ասում էր՝ գրի, գնալու են՝ կորեն…Ես գրում էի մեր բուսական աշխարհի, ժողովրդական բժշկության եւ այլնի մասին: Նույնիսկ հասավ մի պահ, որ խոյեցիների հումորներից էի գրում: Չէի պատկերացնում, որ հումորների ժամանակը երբեք չի դադարում, եւ փիլիսոփայելու ժամանակը չի դադարում… Հիմա էլ է այդ ժամանակը…

Ընդհանրապես Այդինն ուրիշ երեւույթ էր, կողքից նայողներին թվում էր, թե միշտ կռվում ենք, բայց ես խնդիր ունեի Այդինին օգնելու… Երբ նա եկավ Մոսկվայից, ասել էին՝ շատ քիչ է ապրելու: Մենք երբեք չենք քննարկել իր հիվանդությունը, ինքը պարտաճանաչ, բայց կռվելով խմում էր իմ տված դեղերը, ինչ ասում էի՝ անում էր»:

Մեր զրուցակիցն այլ դրվագներ էլ հիշեց. «Մի օր ես ու լուսահոգի Մկրտչյան Ռաֆիկը գնացինք օնկոլոգների գրած դեղերը գնելու, ու ինչքան գումար կար մոտներս՝ դրանցով դեղերն առանք, դատարկ գրպանով եկանք խմբագրություն: Ռաֆիկը, որ տնօրենն էր, ասաց՝ մի 300 հազար դրամ հոնորարի փող կա դրամարկղում, հեղինակները չեն գալիս, ասենք Շիրխանյանը, Գուրզադյանը, էլի ուրիշ հայտնի մարդիկ, մեր ընկերները… Ասաց՝ Այդինին ասա, էդ փողից գնանք դեղեր առնենք: Ասացի՝ Այդին, Ռաֆոյի մոտ ահագին գումար կա, բեր մի 100 հազարը օգտագործենք… Զայրացած ասաց՝ ի՞նչ է եղել… Ասացի՝ դե գնացինք դեղատուն, դեղերն առնեինք, գումարը չհերիքեց… Այդինն ասաց՝ չառնեիք… Ու վերջ,այդ քննարկումն այդտեղ ավարտվեց, ընդ որում, դա պետական փող չէր… Այդ որակի, այդ մակարդակի մարդ էր, պարկեշտության գագաթնակետ»:

Գագիկ Ներսիսյանը հիշեց եւս մի դրվագ, երբ վերջին անգամ կարդիոլոգիայի ինստիտուտում էին, Այդին Մորիկյան էլ անվասայլակի վրա էր, վատ էր շնչում, մեկ էլ մի երիտասարդ բժիշկ վազելով մոտեցավ Այդինին ու հարցրեց՝ ներողություն, դուք ինչից եք բողոքում. «Այդինը ձեռքով ցույց տվեց, որ կանգնենք, կանգնեցինք, ասաց՝ այսօրվա գործող իշխանությունից…Դա Այդինի նախավերջին օրն էր…Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վերջին յոթ տարիներին Այդինը այդպես էլ ծանր հիվանդ չդարձավ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Այսօրվանից Ղազար Փարպեցի 11 Ա հասցեում գտնվող շենքի պատի հուշատախտակը կհուշի, որ այդտեղ ապրել է Այդին Մորիկյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930