Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը ավելի քան $ 60 միլիոն է, ¼ եզրափակչում տանջալի պայքարում 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Նիկ Կիրյոսին, որը «նեղացրել էր» իր թիմակից Դանիիլ Մեդվեդեւին: Դիմակայությունը տեւեց 3 ժամ 41 րոպե:
Հաղթանակից անմիջապես հետո հենց կորտում 26-ամյա Կարեն Խաչանովը դիմելով ամերիկացի հանդիսականներին՝ ասաց. «Ես դա արեցի, ես դա արեցի: Շնորհակալություն: Հիմա դուք սիրում եք ինձ: Ես դա գնահատում եմ: Սա խելացնոր խաղ էր, որը հենց այդպես էլ պատկերացնում էի եւ պատրաստ էի ամբողջ հինգ սեթ վազել, պայքարել, խաղալ: Մենք պայքարեցինք գրեթե չորս ժամ: Եվ ինձ թվում է, որ Կիրյոսին այլ կերպ հաղթել հնարավոր չէ»:
Իսկ ավստրալացին պարտությունից հետո չկարողանալով զսպել զգացմունքները՝ կոտրեց ռակետը:
US Open-ի կիսաեզրափակչում, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է լինելու, Կարեն Խաչանովը հանդիպելու է նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ